armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը կրկին՝ մեկ այլ հոդվածով, միջնորդություն ներկայացրեց ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Թովմասյանը նման առաջարկությամբ հանդես եկավ հուլիսի 10-ի նիստում՝ ՍԴ-ի կողմից միջնորդությունը մեկ անգամ արդեն մերժելուց հետո:
Հրայր Թովմասյանը նախ նշեց, որ նախագահին որպես վկա հրավիրելու իր միջնորդությունը մերժվել է, քանի որ պարզապես վրիպակ է եղել, ինքը հղում է արել այլ հոդվածի:
«Ուստի ես հիմա շտկում եմ այդ վրիպակը և առաջարկում եմ՝ ՀՀ նախագահին սույն գործով պարզման ենթակա հանգամանքները պարզելու համար ներգրավել որպես վկա, առաջնորդվում եմ 55-րդ հոդվածով»,-ասաց Թովմասյանը:
Նա պնդեց, որ գործով երեք դիմողները բարձրացրել են հարց, որի պատասխանը ոչ պատասխանողը, ոչ հարակից պատասխանողները չեն կարող տալ: Նա հավելեց՝ իր համար գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, էական հանգամանք է նաև հանրության համար: «Իմ ներքին համոզմունքը կայանում է նրանում, որ ես կասկածներ չունեմ, որ նախագահին հարկադրվել է, պարտադրվել է, բայց դատարանը պետք է անդրադառնա դրան, պետք է գնահատական տա դիմողների կողմից բարձրացված հարցերին»,-ասաց Թովմասյանը:
ՍԴ-ն այդ միջնորդությունը քննարկել էր հուլիսի 9-ին ժամը 18:00-ից հետո խորհրդակցության ֆորմատով: Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը չեն մասնակցել դրան: Նրանք պնդեցին, որ միջնորդությունը պետք է քննարկվեր անհապաղ նիստում, ոչ թե աշխատակարգային կարգով խորհրդակցությամբ: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, սակայն, մեջբերում արեց ՍԴ մասին օրենքից. «Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ ՍԴ դատավորերի առաջարկությունները քննարկվում են անհապաղ: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է գործի նյութերի հետազոտման կարգին, առաջարկությունը քննարկվում է անհապաղ: ՍԴ-ի դատավորը, երբ ներկայացրեց միջնորդություն և խնդրեց դա քննարկել անհապաղ, դա գործի նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ առաջարկություն էր: Դատարանն անհապաղ քննարկեց և որոշեց բուն միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցության ֆորմատով՝ դատական նիստը ավարտելուց հետո»:
Արևիկ Պետրոսյանը կրկին պնդեց՝ հենց այդ պահին միջնորդությունը դարձնել քննարկման առարկա և քվեարկել, հակառակ դեպքում ինքը դա կհամարի խախտում: «Միջնորդության քննարկման կարգ ՍԴ-ն չի կարող որոշել՝ այն դեպքում, երբ դա ուղիղ կարգավորված է օրենքով և ՍԴ-ի աշխատակարգով»,-ասաց նա:
ՍԴ-ն դատավորների ձայների մեծամասնությամբ որոշեց Հրայր Թովմասյանի վերոնշյալ միջնորդությունը և ևս մեկ միջնորդությանն անդրադառնալ ընդմիջումից հետո խորհրդակցության ֆորմատով:
comment.count (0)