Կարճաժամկետ կտրվածքով կարողանում ենք հոգալ հայրենադարձ լիբանանահայերի կարիքները, մինչև այդ հարցով փաթեթը դրվի շրջանառության մեջ, և ունենանք այլ լուծումներ․ Զարեհ Սինանյան |tert.am|
18:17 - 28 օգոստոսի, 2020

Կարճաժամկետ կտրվածքով կարողանում ենք հոգալ հայրենադարձ լիբանանահայերի կարիքները, մինչև այդ հարցով փաթեթը դրվի շրջանառության մեջ, և ունենանք այլ լուծումներ․ Զարեհ Սինանյան |tert.am|

tert.am: Փոքր ծավալներով, կարճաժամկետ կարողանում ենք հոգալ բոլոր հայրենադարձ լիբանանահայերի կարիքները, համենայնդեպս կացարանների կարիքը, մինչև այդ հարցով կազմված փաթեթն ուժի մեջ մտնի, և ունենանք այլ լուծումներ:

Փաթեթի կազմման աշխատանքներն ընթանում են, և այն սեպտեմբերի 1-ին շրջանառության մեջ կդրվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Եկողների մի մասը հիմնականում պետական ծառայությունների անհրաժեշտություն չունի, իսկ այն մասի համար, որն ունի, մենք ամեն կերպ գտնում ենք լուծումներ: Այս պահին մեր հասարակությունում շատ մեծ բարի կամք կա Լիբանանում ոչ միայն պայթյունից, այլև տնտեսական ճգնաժամից տուժած մեր հայրենակիցների նկատմամբ: Մարդիկ կան, իրենց հանգստյան տներն են առաջարկում»,-ասաց Սինանյանը:

Ինչ վերաբերում է հայրենադարձությանն ու այն դիտարկումներին, թե սփյուռքի հայ համայնքների պահպանումը ևս շատ կարևոր է, Սինանյանն ասաց, թե իրենք չեն բերում մարդկանց, իրենք են գալիս, ինչում շատ մեծ տարբերություն կա. «Եթե բերեինք, դա պետական մակարդակի հայրենադարձություն կլիներ: Այս պահին որոշ լիբանանահայեր նախընտրում են գալ ու բնակություն հաստատել իրենց պատմական հայրենիքում»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե սիրիահայերն էլ, գալով ՀՀ, խնդիրներ ունեցան ու նախընտրեցին լքել երկիրը, Սինանյանն ասաց, թե սիրիահայության փորձը բավական խնդրահարույց էր, ինչի հիմնական պատճառը, նրա կարծիքով, պետության անպատրաստությունն էր, իսկ շատ դեպքերում երկիրը կարող է դիտարկվել որպես տարանցիկ. «Դա անխուսափելիորեն տեղի կունենա ոչ միայն լիբանանահայերի, այլև ընդհանրապես հայրենադարձության տարբեր դրսևորումների ընթացքում: ՀՀ-ն կարող է ոչ բոլորի համար նախընտրելի երկիրը լինել, մենք պետք է պատրաստ լինենք դրան ու չօգտագործենք որպես պատրվակ՝ մեր հայրենակիցների վատ ընդունելու կամ անպատրաստ լինելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են հեռացվել գրասենյակի շուրջ 10 աշխատակիցներ, և ինչպիսի՞ն են հարաբերությունները աշխատակիցների հետ, Սինանյանն արձագանքեց. «Մեզ մոտ կոնֆլիկտներ չեն լինում: Սա Բոլշևիկյան Ռուսաստանը չէ, ոչ էլ ինչ-որ վայրի հասարակարգ է, որտեղ աշխատողների հետ կռիվներ կամ վեճեր պետք է լինեն: Նման ձևով հարցեր չեն լուծվում: Արել ենք ամեն բան, որ մեր աշխատանքը հզորացնենք»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել