armenpress.am: Սահմանադրական դատարանում մեկնարկել է աշխատակարգային փակ նիստը, որում քննարկվում է ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը։ Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է։

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը ասաց, որ առնվազն նախագահի ընտրության հարցով սեպտեմբերի 25-ին կլինի վերջնարդյունք, իսկ ինչպիսին կլինի արդյունքը չի ուզում ենթադրություններ անել։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Խունդկարյանի թեկնածությանը ՍԴ նախագահի պաշտոնում, Շաթիրյանը պատասխանեց, որ իր վերաբերմունքը կարտահայտի փակ և գաղտնի քվեարկությամբ։

Լրագրողները նաև Շաթիրյանին խնդրեցին մեկնաբանել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կարծիքը քվեարկության հարցում պայմանավորվածություն ձեռք բերելու տպավորության մասին, Շաթիրյանը  ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Թովմասյանի կարծիքը, կարող է միայն իր մասով ասել, որ այդպիսի տպավորություն չունի։

Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին և շարունակվում է մինչ օրս: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ  գաղտնի քվեարկությամբ:

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին : Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը: