Զինվորը պետք է իմանա, որ թիկունքն ուժեղ է․ նկարիչ Ալիկ Ասատրյանը վաճառում է կտավները, գումարը՝ ուղիղ Համահայկական հիմնադրամին
22:36 - 03 նոյեմբերի, 2020

Զինվորը պետք է իմանա, որ թիկունքն ուժեղ է․ նկարիչ Ալիկ Ասատրյանը վաճառում է կտավները, գումարը՝ ուղիղ Համահայկական հիմնադրամին

Արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում յուրաքանչյուրը՝ թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում, փորձ է անում իր կարողությունների սահմանում ներդրում ունենալ մեր հաղթանակի ճանապարհին։ Սրանից անմասն չեն մնում նաեւ արվեստագետները, ոմանք՝ մեկնելով ճակատ, ոմանք՝ ցուցաբերելով անհրաժեշտ ֆինանսական օգնություն։

60-ամյա նկարիչ Ալիկ Ասատրյանը, որն արցախյան առաջին պատերազմի տարիներին «Մեծն Մուրադ» ջոկատի հետ Շուշիում էր՝ կրակոցների ու զենքերի շաչյունների տակ ֆիլմ նկարելու, այսօր Հոլանդիայում է, որտեղից վաճառում է իր կտավները՝ գումարը՝ ուղիղ «Հայաստան» համահայկական հիմնադրամին․ Ասատրյանի աշխատանքների վաճառքից արդեն մոտ 18․000 եվրո է փոխանցվել։

- Ինչպե՞ս եք,- իրականում ոգեկոչող պատասխան լսելու ակնկալիքով՝ հարցնում եմ նկարչին ու ստանում վստահ պատասխանը։

- Դե, հիմա պարտավոր ենք լավ լինել, որ հաղթենք,- ասում է Ալիկը՝ գնված հերթական նկարի փաթեթի վրա նշումներ անելով։

Ծագումով մեղրեցի Ալիկ Ասատրյանը պատերազմի առաջին օրերից է որոշել վաճառել կտավները։ Մեր զրույցի ընթացքում էլ չէր կտրվում գործից՝ եռանդով փաթեթավորելով կտավները՝ փոստային բաժանմունք ուղարկելու համար։

«Արդեն 3-րդ շաբաթն է՝ նկարներ եմ փաթեթավորում, ուղարկում աշխարհի տարբեր մասեր։ Ես զինվորական փորձ չունեմ ու կարծում եմ՝ այսպես ավելի շատ եմ օգուտ տալիս, քան եթե առաջնագծում լինեի։ Բայց եթե բանը հասնի նրան, որ իմ կարիքն էլ լինի, ես էլ պետք է գնամ»։

«Մանկությունը մնաց հողի տակ» անունով նկարը՝ «Այստեղ մեր գյուղն էր, որը էլ չկա։ Եթե Հայաստանի գյուղերը կորցնենք, Երեւանը կորած է» գրությամբ։

 

Ասում է՝ այս հիմա շատ աշխատանք կա անելու, դեռ մի քանի նկար էլ պիտի փաթեթավորի։ 

«Բացի իմ տան եղած նկարներից՝ պետք է 1 նկար Իտալիայից գնա Ամերիկա, 2 նկար՝ Ֆրանսիայից՝ Պորտուգալիա եւ Գերմանիա։ Աղջիկս էլ է նկարիչ․ ինքն էլ 100 եվրոյով մի նկար վաճառեց ու փոխանցեց հիմնադրամին, կինս էլ 300 եվրո փոխանցեց»։

«Պատերազմ-հաղթանակ, սեր եւ խաղաղություն»


Կտավների հիմնական գնորդները հայերն են, որովհետեւ, ըստ նկարչի, մեր պատերազմն, ըստ էության, միայն մեզ է հետաքրքրում։ 

1993-ից Հոլանդիայում բնակվելուց ի վեր ընդամենը 3 անգամ Հայաստանում եղած Ալիկը հայրենիքում ներդրում ունի․ 1980 թվականին հարազատ քաղաքում՝ Մեղրիում, լուծել է նկարչական դպրոց չլինելու հարցը․

«Բացեցի դպրոցը, աշխատեցի այնտեղ 7 տարի, մեծ դպրոց դարձավ, հիմա իմ աշակերտներն էլ են նկարում․ վերջին անգամ երեքուկես տարի առաջ եմ այցելել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հուզած ձայնով ավելացնելով, որ վերջերս իր աշակերտուհիներից մեկի որդին զոհվել է Արցախում։

«Հավերժ փա՛ռք մեր անմահացած հերոսներին»


Իր ֆեյսբուքյան էջում մեծ ակտիվության շնորհիվ Ալիկ Ասատրյանն օգնում է նաեւ իր հայ ընկերներին՝ վաճառելու նաեւ իրենց նկարները։ Սակայն կան կտավներ, որոնք չի վաճառի։ Դեռ 3 տարի առաջ ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է
«Վերնատուն 22» խումբը՝ արվեստի շուրջ համախմբելով մարդկանց եւ ձեռնարկելով 9 մեծ նախագիծ։ Այդ նկարները պահել է «Վերնատան» «Հեքիաթ» նախագծի համար․

«Պետք է գիրք հրատարակենք։ Այդ նկարները չէի ցանկանա վաճառել, որովհետեւ հուսով եմ, որ հաղթելու ենք, ու գիրքը տպագրվելու է»։

Իսկ մյուս կտավներից էլ դժվար բաժանվելու խնդիրը կարծես թե հաղթահարված է․

«Կտավները իմ տարիների աշխատանքներն են, բայց ինձ համար ավելի դժվար է լսել զինվորի մահվան մասին։ Ես հիմա իմ ամենասիրելի ու ամենաթանկ աշխատանքերն էլ կես գնով եմ դնում վաճառքի, որովհետեւ պետք է գիտակցել, որ հայրեինքը լինել կամ չլինելու խնդրի առաջ է կանգնած»։

«Նիկե», հին հունական դիցաբանության մեջ հաղթանակի աստվածուհին


Վաճառելու հենց առաջին օրերից նկարները փոստով ուղարկելը ֆինանսական առումով որոշակի դժվարություն է ստեղծել, սակայն մեր հայրենակիցները տրամադրել են նաեւ այդ գումարը․

«Մեր հայրենակիցներն ինձ շատ են աջակցում, գիտեն՝ ես այստեղ ֆիզիկապես ապրում եմ, հոգով Հայաստանում եմ։ Իմ վերջին տարիների նկարներն էլ Հայաստանի մասին են։ Այսօր ամեն մարդ պետք է լավատես լինի, թեւ տա զինվորին, զինվորը պետք է իմանա, որ թիկունքն ուժեղ է»,- մեր զրույցն այսպես է եզրափակում հոլանդահայ նկարիչն ու անցնում իր գործին։

Սեդա Առաքելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել