Այսօր՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ 1992 թվականին իրավիճակ է եղել, երբ Շուշին մերը չի եղել, ավելին՝ Մարտակերտը մերը չի եղել:
«Մենք հասկանում ենք, որ մեզ համար դա սուրբ քաղաք է, հոգեբանական կարևոր նշանակություն ունեցող քաղաք է: Եթե դու ունես վճռականություն՝ կռվելու մինչև վերջ, եթե դու ունես պատրաստակամություն՝ չզիջելու ամեն ինչ, գնալու մինչև վերջ, իմ կարծիքով, առանձին վերցրած՝ որևէ քաղաք ոչ մի բան չի որոշում: Մենք միանշանակ ձգտելու ենք, Շուշին մեզ համար այն բնագիծն է, որը գերսիմվոլիզացված է»,- ասաց նա։
Հովհաննիսյանը հայտնեց, որ Շուշի տանող որոշ ճանապարհներ հակառակորդի ձեռքում են, բայց ոչ ամբողջը․ հակառակորդին չի հաջողվել քաղաք եկող բոլոր ենթակառուցվածքները, լոգիստիկան կտրել:
«Երեկ գիշեր արդեն զուտ դիվերսիոն խմբեր չէին (Շուշիում- խմբ.), արդեն ավելին էր` հրետանի, որոշակի զրահատեխնիկա, քանակն էր բավականին մեծ: Դիվերսիոն խմբերը նախորդ օրերին էին: Իրենց ողջ ներկապնակով եկել են»,- նշեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր մարտեր են ընթացել նաև Բերձորի, Մարտունիի, Մատաղիսի հատվածներում:
«Մատաղիսյան ուղղությամբ այսօր էլի որոշակի հարձակումներ եղել են ոչ մեծ ներուժով: Հաջողության չեն հասել (հակառակորդը- խմբ.): Մարտունիում առավոտյան մի դիրք էին վերցրել մեզնից, բայց ահագին ուժեր մարտի մտցնելով` զրահատեխնիկայի կորուստ ունեցան ու նորից հետ շպրտվեցին»,- ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ Հարդրութից արևմուտք գտնվող ուղղությամբ եղող դիրքերում ծանր մարտեր են ընթացել օրվա ընթացքում, կուտակումներ են եղել, հիմա էլ կան:
«Մեզ հաջողվեց հետ շպրտել մեկ-երկու գրոհ, բայց համառ մարտեր են գնում, կարող են գիշերն էլ գնալ, վաղն էլ շարունակվել: Բայց որևէ դիրք չի հաջողվել հակառակորդին վերցնել: Այսօր շատ ավելի համառ էին գրոհում և՛ Մարտունիի ուղղությամբ (ընդ որում, երկու փորձ կատարեցին` Ճարտարի ուղղությամբ՝ առանձին, Մարտունու ուղղությամբ՝ առանձին), և՛ Հադրութից մի փոքր հարավ-արևմուտք էլի նույն հարձակումն էր անդադար գնում ահագին համառ ուժերով, բայց հաջողության չհասան»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
comment.count (0)