Եթե պետք է, այս իշխանությունները գնալու են, ընտրվելու են նոր իշխանություններ․ Տ․ Ավինյան |hetq.am|
23:13 - 10 նոյեմբերի, 2020

Եթե պետք է, այս իշխանությունները գնալու են, ընտրվելու են նոր իշխանություններ․ Տ․ Ավինյան |hetq.am|

hetq.am: Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման շրջանակում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ռազմական դրության պայմաններում «պղտոր ջրում ձուկ բռնող» քաղաքական ուժերի նկատմամբ իշխանություններն անհանդուրժողականություն են դրսևորելու, իսկ եթե իշխանության հրաժարականի պահանջ լինի հանրության կողմից, ապա իրենք կհեռանան։

«Մեր ներքաղաքական պրոցեսները՝ ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխան տալու, դրա հերթը գալու է, դրա հերթը անպայման գալու է։ Եթե պետք է այս իշխանությունները գնան, այս իշխանությունները գնալու են, ընտրվելու են նոր իշխանություններ։ Բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ․․ ես անձամբ և մեր թիմը․․․։ Ես նման վտանգ կոչերի մակարդակով լսել եմ, բայց ուզում եմ վստահեցնել, որ նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու»,– հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ երեկ հարձակում է տեղի ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի վրա և տեղեկացրեց, որ հարձակվել են նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի վրա։ Կառավարության շենք ներխուժած քաղաքացիները գիշերը մտել են նաև փոխվարչապետ Ավինյանի աշխատասենյակ և գողացել են Ավետարանը՝ մտածելով, որ այն ոսկեզօծ է, գողացել են նաև հուշանվերներ։

Անդրադառնալով ներքաղաքական կայունության վերաբերյալ հարցին, Տիգրան Ավինյանն ասաց, որ ներքաղաքական խնդիրները պետք է լուծվեն սահմանադրական կարգի պահպանմամբ։ Նա հիշեցրեց, որ ռազմական դրության պայմաններում գործադուլներ և հանրահավաքներ իրականացնելն արգելված է, ներքաղաքական խժդժությունները բացասաբար են անդրադառնում ռազմական իրավիճակի վրա, որտեղ ամեն բան դեռ ավարտված չէ։

«Այսօր դեռևս մեր բոլոր ռազմական խնդիրները լուծված չեն, կան հարցեր։ Հայտարարությունը դեռ պետք է մանրամասն քննարկվի, և որոշակի հստակ լուծումներ տրվեն արդեն ենթադրաբար համաձայնագրի տեսքով, բոլոր դետալներով։ Դիվանագետներն ամբողջ ներուժը պետք է դնեն դրա վրա, որպեսզի մենք այդ հարցը կարողանանք լուծել»,– ընդգծեց փոխվարչապետը՝ շարունակելով, որ եթե լինի իշխանություններին վստահել-չվստահելու հարց, ապա վստահեցնում է, որ հանրության մոտ նման հարց առաջանալու դեպքում որևէ մեկը չի կառչելու իր պաշտոնից և աթոռից։

Հարցին՝ բնական չե՞ք համարում, որ կորուստներից հետո նոր ընտրությունների, իշխանափոխության հարց կարող է առաջանալ, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը կտա ժողովուրդը, և եթե նման կարիք լինի, ես ձեզ վստահեցնում եմ, որ երբևէ որևէ քաղաքական թիմի անդամ չի կառչելու իր պաշտոնից։ Այսինքն, գնալու ենք նոր ընտրությունների, եթե նման պահանջ լինի ժողովրդի կողմից, միանշանակ։ Ոչ այն կուսակցությունների կողմից, որոնք երեկ խուլիգանական ակտեր էին կազմակերպում, նաև այդ կուսակցությունների երիտթևերի անդամները, այլ իրապես Հայաստանի հանրության կողմից։ Այստեղ վստահեցնում եմ ձեզ՝ այսօրվա պաշտոնյան ծանր բեռի տակ է, որոշ դեպքերում կլինի դա ազատություն այդ պատասխանատվությունից»։

Փոխվարչապետը նաև հայտարարեց, որ ինքն անձամբ և բոլոր մյուս պաշտոնյաները, որոնք թերացել են այս ընթացքում պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել