Պատերազմի ծանր օրերին կատարվեց հերոսական աշխատանք. Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին
13:21 - 17 նոյեմբերի, 2020

Պատերազմի ծանր օրերին կատարվեց հերոսական աշխատանք. Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ռազմական բժիշկներին: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար:

«Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում: Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը և համախմբելով ողջ ներուժը մեկ գաղափարի ներքո` փրկել հայ զինվորին, կամավորին, խաղաղ բնակչին: Միահամուռ ուժերով եղել եք առաջնագծում և դժվարին ճանապարհ անցել` անվերապահորեն կատարելով ձեր առաքելությունը:

Չառանձնացնելով որևէ մասնագիտական խումբ և օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին` թիկունքն ու առաջնագիծն ամուր պահելու, ոլորտում սխրանքներ գործելու համար:

Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների հիշատակի առաջ, ովքեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել, տոկունություն եմ մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին: Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ բժիշկներին` քաջառողջություն: Ամո'ւր եղեք` շարունակելով ձեր վեհ առաքելությունը»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել