Բազմաթիվ արցախցիներ շարունակում են բնակվել Հայաստանում․ ի՞նչ փուլում են Արցախի քաղաքացիների համար նախատեսված աջակցման ծրագրերը
20:17 - 23 հունվարի, 2021

Բազմաթիվ արցախցիներ շարունակում են բնակվել Հայաստանում․ ի՞նչ փուլում են Արցախի քաղաքացիների համար նախատեսված աջակցման ծրագրերը

Արցախի բազմաթիվ քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Արցախի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվեցին և ժամանակավոր բնակություն հաստատեցին Հայաստանում։ Պատերազմի ավարտից հետո նրանց մի մասը վերադարձավ Արցախ (մի քանի օր առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ 90-100 հազար մարդ վերադարձել է Արցախ), մի մասն էլ շարունակում է մնալ Հայաստանում։

Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության, սննդի և մյուս հարցերն իրենց վրա վերցրին ինչպես պետությունը, այնպես էլ անհատները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում (ԱՍՀՆ) սկսեց գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբ, նախարարությունը զբաղվում էր Արցախի քաղաքացիներին կացարաններով ապահովելու գործով, սնունդ և հիգիենիկ պարագաներ տրամադրում էին տեղական ինքնակառավարման մարմինները։ 

ՀՀ տարածքային կառավարարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) մեզ տրամադրված տեղեկության համաձայն՝ Արցախի՝ Հայաստանում ապաստանած քաղաքացիները սննդով և հիգիենիկ պարագաներով ապահովվել են անցած տարվա հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։

ՀՀ ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանը մի քանի օր առաջ հայտնեց, որ Հայաստանում բնակվող արցախցիների թիվը հասնում է մինչև 40 հազարի։ Նախարարությունից, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ հունվարի 12-ի դրությամբ Հայաստանի տարբեր մարզերի կացարաններում ժամանակավոր բնակվում է շուրջ 1500 արցախցի (խոսքը չի վերաբերում հյուրանոցներում/հյուրատներում բնակվողներին): Նախարարությունից վստահեցնում են, որ կացարանները ջեռուցվում են և ապահովված են անհրաժեշտ պայմաններով: 

Նաև հետաքրքրվել էինք, թե Արցախի քաղաքացիները դեռ որքան կարող են բնակվել ժամանակավոր կացարաններում: «Արցախցիները կարող են բնակվել կացարաններում մինչև կացարանի կարիքի բացակայությունը»,- հայտնել են նախարարությունից:

ՏԿԵՆ-ից ստացված տեղեկության համաձայն՝ դեպտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ տարբեր մարզրերի ընդհանուր առմամբ 68 հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր բնակություն է հաստատում 1434 արցախցի, իսկ Երևանի տարբեր վարչական շրջաններում հունվարի 13-ի դրությամբ 57 հյուրանոցներում և հյուրատներում բնակվում է 961 արցախցի։ Սեղմելով դեղին նշաններին՝ Քարտեզ 1-ում կարող եք տեսնել, թե ՀՀ տարբեր մարզերի և Երևանի հյուրանոց/հյուրատներում քանի արցախցի է ապաստանել (տվյալները չեն վերաբերում ժամանակավոր կացարաններում բնակվողներին)։

Քարտեզ 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հետաքրքրվել էինք, թե Արցախից ՀՀ տեղափոված քանի երեխա է Հայաստանում դպրոց հաճախում։ Նախարարությունից հայտնել են, որ Արցախի հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայումս շուրջ 7200 երեխա է սովորում ՀՀ դպրոցներում: Երեխաների թիվը փոփոխվում է` պայմանավորված Արցախ վերադարձի գործընթացով:

«Երեխաների շարժի և նրանց կրթության շարունակականության ապահովման նպատակով մշտապես մոնիթորինգ է իրականացվում Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության հետ համատեղ` երեխաների՝ կրթությունից դուրս մնալը կանխարգելելու համար»,- նված է ԿԳՄՍՆ-ի պատասխանում: 

Նաև հետքրքրվել էինք, թե պատերազմի ընթացքում փաստաթղթերը կորցրած դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեցե՞լ են Հայաստանի դպրոցներ հաճախելու։

«Նախարարության համապատասխան շրջաբերականով հանձնարարվել է Արցախից ժամանակավորապես տեղափոխված երեխաների կրթության կազմակերպման նպատակով հրամանագրել դպրոց ընդունված երեխաներին: Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում նրանց համար բացվել է առանձին էջ, որտեղ երեխաների տվյալները մուտքագրվել են՝ առանց հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) պահանջի և առանց հաշվի առնելու լիցենզիոն տեղերի սահմանափակումները»,- հայտնել են ԿԳՄՍՆ-ից։

 

Աջակցության ծրագրեր` Արցախի քաղաքացիների համար

Արցախի քաղաքացիների համար պատերազմից հետո նաև աջակցման ծրագրեր մշակվեցին։

Աջակցման առաջին ծրագիրը նախատեսված է Արցախի` պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող քաղաքացիների համար: Միանվագ աջակցության չափը յուրաքանչյուր քաղաքացու համար նվազագույն աշխատավարձի չափով է` 68 հազար դրամ․ ՀՀ-ում անշարժ գույք չունենալու դեպքում գումարվում է  ևս 15 հազար դրամ: Ծրագրի շահառու են նաև արցախցի երեխաները` անկախ նրանից` երեխաների ծնողները շահառու են, թե ոչ: ԱՍՀ նախարարությունից մեզ հայտնել են, որ հունվարի 12-ի դրությամբ այս աջակցման ծրագրի վճարման ցուցակում ներառված է 96,027 քաղաքացի: Ծրագրի 104,857 հնարավոր շահառուներից չի դիմել 7,132-ը։

Աջակցության մեկ այլ ծրագիր նախատեսված է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար` ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ 300 հազար դրամի չափով: Ինչպես հայտնել են ԱՍՀ նախարարությունից, աջակցության այս ծրագրով հունվարի 12-ի դրությամբ վճարման ցուցակում ներառված է 13,550 քաղաքացի: Ծրագրի հնարավոր 34,930 շահառուներից չի դիմել 4,483-ը։

Գծապատկեր 1-ում կարող եք տեսնել Արցախի քաղաքացիների աջակցման առաջին և երկրորդ ծրագրերի շահառուների վերաբերյալ տվյալները։

Գծապատկեր 1

Մեկ այլ ծրագիր նախատեսում է 20 հազար դրամ միանվագ աջակցություն արցախցի նախադպրոցական տարիքի երեխաներին: Այս ծրագրի վճարման ցուցակում էլ ներառված է 14,648 երեխա:

Տեղահանված արցախցիներին և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին տրվող աջակցման ծրագրերի մասով ՀՀ կառավարությանը և ԱՍՀ նախարարությանը բաց նամակով էին դիմել Բերձորի բնակիչները` դժգոհելով, որ Բերձորը ներառված չէ աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում:

Այդ օրերին, հիշեցնենք, լուրեր էին տարածվում, թե Բերձորի բնակիչները տեղահանվում են։ Պաշտոնապես ասվում էր հետևյալը. «Բնակիչները տեղահանվում են` միայն անվտանգության նկատառումներից ելնելով, Բերձորը չի անցնելու Ադրբեջանին»: Բերձորն իրոք ընդգրված չէր Արցախի` Ադրբեջանին անցնող բնակավայրերի ցանկում, հետևաբար համայնքի բնակիչները չէին կարող աջակցություն ստանալ մի ծրագրով, որի շահառուներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներն են։

ԱՍՀ նախարարությունից մեզ պատասխանել են, որ Բերձորի, ինչպես նաև Սոս, Աղավնո և մի քանի այլ համայնքների բնակիչներ աջակցություն կստանան իրականացվելիք այլ ծրագրի շրջանակներում: Այս մասին, հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` անդրադառնալով բերձորցիների նամակին: Այս ծրագիրը նախատեսում է 250 հազար դրամ միանվագ աջակցություն Արցախի այն քաղաքացիներին, որոնց անշարժ գույքը պատերազմի հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի:

Աջակցության միջոցառումներ են նախատեսված նաև Արցախի քաղաքացիներին հյուրընկալելու համար: Այս ծրագրերի դիմումների ընդունման գործընթացը դեռ շարունակվում է, այդ պատճառով շահառուների վերաբերյալ ամփոփ տվյալներ նախարարությունից մեզ չեն տրամադրվել:

Նաև հետաքրքրվել էինք, թե ինչ պետք է անեն Արցախի այն քաղաքացիները, որոնք պատերազմի ընթացքում կորցրել են փաստաթղթերը և չեն կարող դիմել աջակցություն ստանալու համար։ «Արցախի հաշվառում չունենալու պատճառով ծրագրերին չդիմած քաղաքացիները կարող են դիմել հաշվառման անձնագրային կենտրոններ (Հայաստանում գտնվելու դեպքում առաջիկայում հնարավորություն կլինի հաշվառման համար դիմել նաև Հայաստանի անձնագրային կենտրոններ)»,- հայտնել են ԱՍՀ նախարարությունից։

 

Հայաստանում ապաստանած գործազուրկ արցախցիների զբաղվածության խնդիրը

ՀՀ կառավարությունը միջոցառումներ մշակեց նաև  արցախցիների զբաղվածության խնդիրը լուծելու համար: Այսպես, միջոցառումներից մեկը նախատեսում է աշխատանքային փորձի ձեռքբերում 3 ամիս ժամկետով, աշխատավարձը 100 հազար դրամ է: Մյուս միջոցառման շահառուները ընդգրկվելու են համայնքներում իրականացվող հասարակական աշխատանքներում և մեկ օրվա համար վճարվելու  են 8000 դրամով (ներառյալ եկամտահարկը և պարտադիր վճարները): Այս միջոցառումների դիմումները նոր են սկսել ընդունվել, մի քանի օր առաջ նաև ընդլայնվել է շահառուների ցանկը։

ԱՍՀ նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչպես պիտի լուծվի այն գործազուրկ արցախցիների զբաղվածության հարցը, որոնք չեն դառնա այս ծրագրերի շահառու, և արդյո՞ք նախարարությունը ՀՀ-ում մշտական բնակություն հաստատել ցանկացող արցախցիներին կաջակցի աշխատանք գտնելու հարցում:

«Արցախի գործազուրկ քաղաքացիները օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավորություն ունեն ընդգրկվելու Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող կարգավորման բոլոր ծրագրերում»,- ասված է նախարարության պատասխանում:

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել