Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել․ տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդրի լուծումը տեսնում եմ միա՛յն փոխզիջումների միջոցով․ Սերժ Սարգսյան
22:54 - 15 փետրվարի, 2021

Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել․ տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդրի լուծումը տեսնում եմ միա՛յն փոխզիջումների միջոցով․ Սերժ Սարգսյան

«Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե  եթե ընդդիմությունը ներկայիս իշխանությանը մեղադրում է, որ նահանջեցին Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններից, որոնցով մշտադիտարկման մեխանիզմներ պետք է սահմանվեին շփման գծում, ապա ինչու Ապրիլյանին հաջորդած երկու տարվա ընթացքում չհաջողվեց հասնել մշտադիտարկման մեխանիզմների և դիտորդների թվի ավելացմանը, նշեց․

«Իսկ ո՞վ է ասել, որ երկու տարի ժամկետում մենք պետք է հասնեինք այդ բաղձալի հանգրվանին։ Նույնիսկ երբ 2007 թ․ մեզ առաջարկեցին «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթուղթը, գրեթե մի տարի պահանջվեց, որ Ադրբեջանը նախնական համաձայնություն տա այդ սկզբունքների, այդ փաստաթղթի շուրջ բանակցություններ վարելու։ Ադրբեջանի համար դա շատ մեծ կորուստ կլիներ, և մենք այդ մասին բազմաթիվ անգամ խոսել ենք Ադրբեջանի նախագահի հետ, և նա էլ էր գիտակցում, որ միջադեպերի հետաքննության այդ մեխանիզմով մենք ուղղակի միջազգայնացնում էինք շփման գիծը։ Ով որ շատ թե քիչ տեղյակ է բանակցային պրոցեսից, սա հստակ պետք է հասկանար, և Ադրբեջանը շատ լավ գիտակցում էր, որ դրանից հետո ուժի գործադրումը շատ ծանր հետևանքներ կունենար նրանց համար, դրա համար ամեն կերպ փորձում էի խուսափել դրանից։ Ո՞վ է ասել, որ այդ աշխատանքը երկու տարի ժամկետ ունի, երեք տարի կամ չորս տարի ժամկետ ունի․․․ Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին, այսպես ասած, Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար շատ հստակ հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»։

Սարգսյանի խոսքով՝ ինքն ըմբռնումով է մոտենում ներկայիս իշխանությունների այն ցանկությանը, որ նրանք փորձում էին ժամանակ շահել և միգուցե այդ ընթացքում հանգամանորեն ծանոթանալ, թե ինչի մասին էին բանակցում և ուր էին հասել։

«Բայց այդ ժամանակը պետք էր շահել շատ պարզ, հասկանալի պատճառաբանությամբ և համանախագահներին բառացիորեն հետևյալն ասել՝ պարոնա՛յք համանախագահներ, այո՛, նախկին իշխանությունները գողեր էին, ավազակներ էին, թալանչիներ էին, բայց, այնուհանդերձ, 2016-ին տեղի է ունեցել պատերազմ, և պատերազմի արդյունքով դուք այսպիսի հայտարարություն եք ընդունել։ Խնդրում եմ՝ բերեք իրականացնենք այս հայտարարությունը, այնուհետև անցնենք առարկայական բանակցությունների։ Փոխարենն ի՞նչ արեցին․ անհասկանալի պայման դրեցին համանախագահների և Ադրբեջանի առջև, որ Արցախը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին։ Դա պայման էր, որովհետև ասում էին, որ առանց դրա բանակցություններ չեն լինելու։ Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է նշանակում Հայաստանի կողմից պայմաններ դնել եռանախագահներին՝ ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Դա նշանակում էր ոչ միայն տապալում, դա նշանակում էր անհարգալից վերաբերմունք այդ երկրների նկատմամբ, որոնք մեծ ջանքեր էին գործադրում՝ խնդիրը լուծելու համար։ Համանախագահ երկրների նախագահները հինգ անգամ հայտարարել էին բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է այս խնդիրը լուծվեր։ Եվ ի հայտ է գալիս մեկը, որն այդ ամենն արհամարհում է և ասում ՝ ես իմ կետից պետք է սկսեմ բանակցությունները»։

Հարցին, թե ինչու են ներկայիս իշխանություններին մեղադրում հողեր վերադարձնելու մեջ, երբ բանակցային գործընթացի տարբեր փուլերում քննարկվել է հողերի վերադարձը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե իրենց համար կարևոր է եղել ստանալու մասը։

«Ես չեմ կարող համաձայնել, որ այս իշխանությունները հող են վերադարձրել․ նրանք հող են տանուլ տվել, հող են հանձնել։ Նրանք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել են մեր բանակը։ Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել․ և՛ 90-ականների սկզբի մեր հաջողությունների պահին, և՛ 2000-ականների ամբողջ ընթացքում, և՛ նախագահական նստավայր գալու առաջին իսկ օրվանից ես տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդրի լուծումը տեսնում եմ միա՛յն փոխզիջումների միջոցով։ Հիշո՞ւմ եք, երբ խորհրդարանում ասացի, որ Աղդամն իմ հայրենիքն չէ։ Դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց․ դա շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում, որ Աղդամն իրենց հայրենիքն է։ Տեսա, թե այդ հայրենիքն ինչպես պահեցին»։ 

Հարցին, թե համաձա՞յն է, որ  2011-2018 թթ․, երբ ինքը նախագահ է եղել, հայկական կողմն արհեստականորեն ձգձգել է ստատուս քվոն, փորձել է ժամանակ շահել՝ ենթադրելով, որ մեր օգտին է աշխատում այդ ժամանակը, Սերժ Սարգսյանը պատասխանեց․

«Համաձայն չեմ ոչ միայն այսպես ձգձգելու տեսության հետ․ համաձայն չեմ մտքի հետ, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր տարածքային զիջումներ։ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։ Նորից եմ ասում՝ դե՛ն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, մտածե՛ք այն մասին, թե ինչ էինք ունենալու։ Ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո՛, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից՝ մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»»։ 

Սարգսյանի խոսքով՝ այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք․ ԼՂ անվտանգությունն ապահովում էին ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, ՀՀ-ն պաշտոնապես ԼՂ անվտանգության երաշխավորն էր, միջազգային հանրությունը ճանաչում էր ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը, ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում էր ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցությունը և այլն։

«ԼՂ-ն իրավունք էր ստանում անդամակցելու միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր․ պլյուսը դա էր։ Եվ մինչև ԼՂ անկախության օրը՝ մինչ հանրաքվեի օրը, մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչին և Քելբաջար շրջանները։ Այնպես որ, այդտեղ ցամաքային սահմանի կամ միջանցքի մասին խոսք չկար։ Ընտրվում էր 4 կոմիտե․ այդ կոմիտեներից մեկն զբաղվում էր հանրաքվեով, մյուսն զբաղվում էր Լաչինից հայկական բնակչության տարհանման, ադրբեջանցիների գալով, բայց դա երբեք չէր հանձնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, և դրանք փոխկապակցված էին։ Որքանով առաջ էր գնում հանրաքվեի գաղափարը, որքանով օրը մոտենում էր, զուգահեռաբար նաև այս խնդիրն էր լուծվում»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ վերադարձող ադրբեջանցիները չէին մասնակցելու հանրաքվեին, և ԼՂ իշխանությունները պետք է որոշեին, թե ինչպիսի օրակարգով է տեղի ունենալու հանրաքվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել