Անթույլատրելի է, որ ԶՈՒ-ն, բանակը զբաղվեն քաղաքականությամբ․ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում
12:53 - 25 փետրվարի, 2021

Անթույլատրելի է, որ ԶՈՒ-ն, բանակը զբաղվեն քաղաքականությամբ․ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում

Ես երեկ և այսօր որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել ԳՇ պետի առաջին տեղակալին և ԳՇ պետին։ Եվ ես թղթերը արդեն ստորագրել եմ։ Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

«Ամենակարևոր խնդիրը ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որխպես ռազմական հեղաշրջման փորձ։ Տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա, և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ես ինքս պատասխանեմ, բայց եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել։ Էլ չեմ ասում նոյեմբերի 9-ին էլի հեղաշրջման փորձը, երբ պարզվեց՝ կան շրջանակներ, որ ուզում են հարձակվել կառավարության ներկայացուցիչների վրա, հհաշվեհարդար տեսնել, որ նաև պատերազմի վերաբերյալ ողջ ճշմարտությունը ի հայտ չգա»,- նշեց նա՝ հավելելով, որ այս հարցերի շուրջ է բոլորի հրավիրում Հանրապետության հրապարակ, նաև կոչ անելով պահպանել հանդարտություն։

Նա կոչ արեց նաև զինվորներին, որ շարունակեն իրականացնել ՀՀ պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնեն։

«Ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ մեր զինվորների վերահսկողության տակ է, և այդտեղ պետք չէ թույլ տալ ծառայողական գործընթացների հակասող որևէ գործողություն։ Անթույլատրելի է, որ ԶՈՒ-ն, բանակը զբաղվեն քաղաքականությամբ, հանդես գան քաղաքակաան գնահատականներով։ Հասկանում եմ՝ խոսքը ոչ բոլոր զինվորականների մասին է, նրանց մեծ մասը պարզապես վերադասի հրամանն է կատարել, ուզում եմ ընդգծել, որ նրանց վերադաս է նաև ՊՆ ղեկավարը, նրանց վերադաս է նաև վարչապետը, և զինվորականները պարտավոր են ենթարկվել այն օրինական հրահանգներին, որ տրվում են վերադասից»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը արդեն ազատվել է աշխատանքից դե յուրե, և որպես այդպիսին հանդես գալու իրավունք չունի, իսկ ԳՇ պետին ազատելու համար անհրաժեշտ թղթերը ստորագրել է, և ընթացք է տրված այդ պրոցեսին։ Վարչապետը հայտնեց, որ ԳՇ նոր պետ կնշանակվի, ինչպես նաև ԳՇ պետւ տեղակալ։

«Պաշտպանության նախարարին հրահանգված է կատարել իր բոլոր գործառույթները, իրականացնել իր ծառայողական պարտականությունները և Զինված ուժերի բնականոն գործունեությունը ապահովել»,- ասաց նա՝ դարձյալ քաղաքացիներին հրավիրելով Հանրապետության հրապարակ։

Հիշեցնենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ սա որակել է ռազմական հեղաշրջման փորձ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել