Շատ է խոսվում այն մասին, որ բանակի մատակարարումները ուղեկցվել են կոռուպցիայով՝ ոչ միայն հեղափոխությունից առաջ, այլև հետո։ Ես ձեզ անկեղծ ասեմ՝ կան հարուցված քրեական գործեր, բայց մի բան կարող եմ ասել, որ դա համակարգային կոռուպցիա չի եղել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորը հարց ուղղեց Փաշինյանին, թե նախորդ մեկ տարվա ընթացքում կառավարությունը ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկել, ի՞նչ քայլեր է արել այս ուղղությամբ և մասնավորապես պատերազմի ընթացքում ռազմական նշանակության արտադրանքի մատակարումը, ծավալները և ուղիները ինչպե՞ս են իրականացվել։
«Երբ 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ ես կամավոր էի և նաև ԱԺ պատգամավոր, ես շփվել եմ զինված ուժերի հետ՝ ամենաբարձր մակարդակում, նկատի ունեմ պաշտպանության նախարարի հետ, նա ասել է, որ ամենամեծ պրոբլեմը սպայական աշխատանքի գրավչության հարցն է, քանի որ ստանում են ցածր աշխատավարձեր։ Մենք եկել ենք և մի տարվա ընթացքում բանակի աշխատավարձերը էականորեն ավելացրել ենք, սպայական շերտ կա, որի աշխատավարձը՝ մեկ ամսվա կտրվածքով ավելացել է 50-60 հազար դրամով։ Սպառազինությունների հետ կապված այնպիսի ծախս չի եղել, որը ընկալելի տրամաբանության մեջ է եղել, մենք բանակին մատակարել ենք ամեն ինչ՝սնունդ, հագուստ, արկեր և այլն»,- հավելեց Փաշինյանը։
Վերջինս նաև հայտնեց, որ երեկ ԱԽ նիստում կար քննարկում և աղյուսակ, թե 2018 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ինչ ձեռքբերումներ են եղել Զինված ուժերում։ Վարչապետի խոսքով՝ ԶՈՒ ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելացվել է 28 տոկոսով։ Վարչապետը նաև շեշտեց, որ իրենք բազմաթիվ երևույթների հետ են գործ ունեցել և պայքարել, սկսած հրազենային զենքի ձեռքբերման խնդիրներից, վերջացրած ժամանակակից զենքերի ձեռքբերումներով։
«Իմիջիայլոց շատ է խոսվում այն մասին, թե ինչն է հրահրել պատերազմ։ Պատերազմ հրահրող գործոնը եղել է այն, որ մեր հակառակորդը տեսել է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է որակապես այլ կարգի պետություն։ Չէ որ իրենք էլ են տեսել, թե 2019 թվականին ինչ է կատարվում Հայաստանում։ Պատերազմի ամենամեծ հրձիգը՝ Հայաստանում խորը և բովանդակային փոփոխություննեն են է եղել։ 2019 թվականին Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանը ամենաբարձր տնտեսական աճն է ունեցել։ Երկու տարի անընդմեջ Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր։ Մեկ անգամ տնտեսական առումով, մեկ անգամ քաղաքական առումով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի պարզաբանմամբ, եթե հակառակորդը տեսներ, որ Հայաստանի անկումը շարունակվում է էլի կսպասեր, պատերազմ չէր անի, որովհետև ինչքան անկումը շարունակվեչ, այնքան ավելի հեշտ կլիներ, հակառակը՝ թռիչքի պահին է պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ռեսուրսներ կուտակելու։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե վարչապետի՝ «Արցախը Հայաստան է» արտահայտությունն է եղել պատերազմի դրադապատճառը։ Փաշինյանը հավելեց․
«Այո՛, դուք ասել եք «Արցախն Ադրբեջան է», մենք ասել ենք Հայաստան է։ Դուք ասել եք ՝ «Արցախն Ադրբեջան է և պետք չէ, որ բանակցություններին մասնակցի», սահման եք գծել, օրենք եք ընդունել, որ Արցախը Ադրբեջան է»։
Վարչապետը շարունակեց, շեշտելով, որ բարեփոխումները շարունակական են լինելու, բայց դրանց շրջանակը ավելի է ընդլայնվելու։ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ՌԴ-ի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակի բարեփոխումների հարցում ՀՀ- ՌԴ համագործակցությունը առավել սերտ լինի։ Այդ թվում նաև ռազմական կադրերի ուսումնառության գործընթացում ՌԴ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ավելի մեծ թվով կուրսանտների ՝ իրենց ռազմաուսումնական հաստատություններում կրթությունն ապահովելու։
comment.count (0)