2020 թվականը բացահայտեց նոր խնդիրների մի ամբողջական շարք. Ն. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին |armtimes.com|
12:11 - 30 ապրիլի, 2021

2020 թվականը բացահայտեց նոր խնդիրների մի ամբողջական շարք. Ն. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, Կազանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Վերջինս իր ելույթը սկսեց ողջույնի ու շնորհակալական խոսքով՝ ասելով.

«Ուզում եմ, նախևառաջ, շնորհակալություն հայտնել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Շնորհակալական խոսքեր եմ ուզում փոխանցել նաև Թաթարստանի Հանրապետության նախագահին՝ ջերմ ընդունելության համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև մյուս կազմակերպիչներին:

Փաշինյանը մատնանշեց մի շարք կետեր, որոնք առանձնացրել է ԵԱՏՄ ՄԽ նիստի օրակարգից:

Դրանք կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սահմանափակումներն են, որի հետևանքով տրանսֆորմացիայի է ենթարկվել ամբողջ համաշխարհային տնտեսությունը, որտեղ ավելի ու ավելի պահանջված են դառնում նորագույն տեխնոլոգիաները: Միության՝ այս տեխնոլոգիաներին ինտեգրման ընթացքում առաջին պլան է դուրս գալիս այն ոլորտների համալիր ուսումնասիրությունը, որոնք ներառում են ավելի շատ պահեստային տեղեկություններ:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ նոր պայմանները պահանջում են առողջապահության, կրթության ու սոցիալական ոլորտում միության շրջանակում նոր համագործակցության ուղիներ:

«2020 թվականը բացահայտեց նոր խնդիրների մի ողջ շարք՝ ներքին շուկայի գործունեության կարգավորումը, արտահանման և ներմուծման կարգավորումը «զգայուն ապրանքների» տեսակների հարցով և այլն: Միության հետագա ինտեգրացիոն ներուժի բացահայտման պրիզմայով էլ պետք է դիտարկել նաև տիեզերքի վերաբերյալ միջպետական ծրագիրը, որը քննարկել են։ Համոզված եմ՝ համակարգված աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա։

Հարկավոր է նաև ուսումնասիրել տիեզերական ծառայությունների ոլորտում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները, որը մենք քննարկել ենք երեկ տեղի ունեցած նեղ կազմով նիստի ժամանակ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ակտուալ հարցերի լուծման տեսանկյունից ցանկանում է առանձնահատուկ առանձնացնել փաստաթուղթը՝ արդյունաբերական համագործակցության ոլորտում մինչև 2025 թվականը նախանշված հիմնական ուղղությունների մասին:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից պետք է հատուկ առանձնացնել քննարկվող փաստաթուղթը՝ «Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները»։ Նրա խոսքով՝ հենց արդյունաբերական ուղղությունն է Միության տնտեսական համակարգի գլխավոր հենասյուներից մեկը։

Ապրանքների միասնական շուկայի ստեղծումը, ըստ Փաշինյանի, առանց այդ ուղղությամբ համաձայնեցված քաղաքականություն մշակելու՝ գործնականում անիրագործելի է։ 

«Բնականաբար, հետաքրքրված ենք նաև ԵԱՏՄ ապրանքների մրցակցության բարձրացմամբ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում։ Փաստաթղթի լիարժեք իրագործումը թույլ կտա արդյունաբերության ճյուղի լիարժեք զարգացման հասնել:

Փաստաթղթի կարևոր ուղենիշներից է արդյունաբերության ոլորտում ինովացիան և թվային տեխնոլոգիաների համատեղ խթանումը։ Հաշվի առնելով տնտեսության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները՝ տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում։ Թվային տեխնոլոգիաներին անցում կատարելը շարունակում է մնալ ինտեգրման հիմնական ուղենիշներից մեկը:

«Մենք այն կարծիքին ենք, որ այդ ուղղությամբ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտություն կա։ Հայկական կողմը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ Միության շրջանակներում համագործակցության ընդլայնման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել