ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի օրվա առթիվ՝ մտահոգիչ համարելով լրագրողների թիրախավորումը

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի օրվա առթիվ՝ մտահոգիչ համարելով լրագրողների թիրախավորումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ «Զանգվածային լրատվության միջոցների սիրելի’ ներկայացուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ձեր բարդ ու պատասխանատու առաքելության կարևորությունը և վերահաստատելու ձեր աշխատանքի բացառիկ նշանակությունը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում: Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում հատուկ ընդգծել եմ լրատվական համայնքի ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունը։ Այդ առումով մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը։ Ընդգծում եմ, որ պետությունը պետք է հստակ և նպատակային քայլեր ձեռնարկի՝ լրատվամիջոցների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ։ Մասնավորապես, անհրաժեշտ է մշակել և գործադրել այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն լրատվամիջոցների ազատ և անվտանգ գործունեությունը, ինչպես նաև կկանխարգելեն լրագրողների իրավունքների խախտումները և կապահովեն պատասխանատվության անխուսափելիությունը նման դեպքերում։ Միևնույն ժամանակ, լրագրողական մասնագիտական գործունեությունը ևս պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին և պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ բացառելով ատելության խոսքն ու խտրականությունն իր բոլոր դրսևորումներով։ Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հավաստիացնում եմ իմ պատրաստակամությունը` անելու առավելագույնը ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքի պաշտպանությունն ապահովելու համար։ Կրկին շնորհավորում եմ տոնի կապակցությամբ և մաղթում ձեզ արդյունավետ, ստեղծագործ և արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդման»:
11:06 - 03 մայիսի, 2025
Շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻՊ

Շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների քննությունը թույլ են տալիս արձանագրել անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների, հանգստի իրավունքի, արդար վարձատրության, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքի ապահովման համատեքստում առկա խնդիրներն ու այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Այս տեսանկյունից հատկապես կարևոր է աշխատաշուկայում կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Առանցքային է նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ՝ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովմանն ուղղված առավել հետևողական և ամբողջական ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։ Պետության պարտավորությունն է նպաստել արժանապատիվ, հավասար և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր կարողություններն ու ներուժն իրացնելու հնարավորություն: Կարևոր եմ համարում նաև աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը, աշխատողների և գործատուների շրջանում աշխատանքային իրավունքների առնչությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք՝ հավասար և անվտանգ պայմաններում, և ընդգծում ՀՀ իրավասու մարմինների շարունակական գործուն քայլերի անհրաժեշտությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ»:
10:50 - 01 մայիսի, 2025
ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրություն է սկսվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում Արթուր Չախոյանին մասնակցությամբ միջադեպի առնչությամբ

ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրություն է սկսվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում Արթուր Չախոյանին մասնակցությամբ միջադեպի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ Արթուր Չախոյանի վատ ինքնազգացողությամբ պայմանավորված` հրավիրվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։ Միաժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն հրահրող խոսքից և վարքագծից։ Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, և Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր», - ասված է հայտարարության մեջ։
16:56 - 30 ապրիլի, 2025
Պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները․ ՄԻՊ

Պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը անդրադարձել է լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը իրականացնելու կարևորությանը, նշելով՝ ներպետական պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները էթիկայի նորմերի պահպանման հարցի շուրջ։ «Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքի ու կարծիքի արտահայտման ազատության պատշաճ իրացման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը։ Ընդ որում՝ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը կարևորվում է ոչ թե պարզապես կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ այն ունի մեծ հանրային կարևորություն։ Զանգվածային լրատվության միջոցները պետք է բարենպաստ միջավայր ունենան իրենց գործունեությունն իրականացնելու համար։ Այդ առումով առանցքային է, որպեսզի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք՝ որպես հանրային իշխանության կրողներ, ակտիվ քայլեր ձեռնարկեն նման միջավայրի ձևավորման նպատակով։ Ընդ որում՝ պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ լրագրողների հարցադրումները հաճախ կարող են լինել սուր՝ լինելով թույլատրելի, եթե չեն հակասում խոսքի ազատության իրավաչափության սահմաններին։ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հաճախակի են պաշտոնատար անձանց կողմից վերը նշված չափանիշները նկատի չառնելու դեպքերը, ինչը բացասական ազդեցություն է ունենում լրագրողների գործունեության համար բարենպաստ միջավայրի և նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը երաշխավորելու տեսանկյունից։ Որպես ոլորտում առկա ընդհանուր խնդիր՝ Պաշտպանը խնդրահարույց է համարում և այն հանգամանքը, որ ներպետական պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները էթիկայի նորմերի պահպանման հարցի շուրջ։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետության պարտավորությունն է՝ մշակել և գործադրել ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ լրագրողների էթիկային առնչվող հարցերի քննարկման պատշաճ կառուցակարգեր, որպիսիք Հայաստանի Հանրապետությունում կամ բացակայում են, կամ պատշաճ չեն գործադրվում։ Պաշտպանը կրկին ընդգծում է, որ ինչպես պաշտոնատար անձանց կողմից լրագրողների հետ պատշաճ հաղորդակցությունը, այնպես էլ «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանումը (անկախության, լրագրողական էթիկայի, ներկայացվող տեղեկատվության ճշգրտության, չեզոքության, հաշվետվողականության և այլ վերաբերելի սկզբունքների պահպանման տեսանկյունից) բացառիկ կարևորություն ունեն քաղաքացիների տեղեկատվություն ստանալու և կարծիքի արտահայտման ազատության տեսանկյունից։ Ոլորտում խնդիրները բազմաթիվ են և իրավասու դերակատարները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն դրանք հաղթահարելու ուղղությամբ», - նշված է հայտարարությունում։
23:03 - 18 ապրիլի, 2025
Լրջագույն խնդիր է. ՄԻՊ-ը՝ ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առնչությամբ ստացվող տեղեկությունների մասին

Լրջագույն խնդիր է. ՄԻՊ-ը՝ ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առնչությամբ ստացվող տեղեկությունների մասին

ՄԻՊ-ի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առկայության առնչությամբ ստացվող տեղեկություններին։   «Ընդ որում՝ ահազանգերը վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական բռնությանը, ուսուցիչների կողմից երեխաների հետ հաղորդակցվելու հմտությունների բացակայությանը։ Նշված խնդիրները հասցեավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար այցեր են իրականացնում հանրակրթական ուսումնական հաստատություններ։   Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել երեխաների նկատմամբ բռնության բոլոր տեսակների ճանաչման, նման դեպքերին արձագանքման, ինչպես նաև բռնության կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետությունում առկա խնդիրներին։ Այդ խնդիրներն արձանագրել են նաև մի շարք միջազգային կառույցներ։ Խնդիրներն, ի թիվս այլնի, պայմանավորված են իրավասու անձանց կողմից բռնության տեսակների առնչությամբ ոչ պատշաճ պատկերացումների, արդյունքում՝ բռնությունը չճանաչելու, դրանով պայմանավորված՝ երեխաների հետ աշխատանքում այն երբեմն կիրառելու, ինչպես նաև հաստատություններում բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների բացակայության հետ։   Այս հանգամանքը՝ վերջին ժամանակահատվածում բռնության վերաբերյալ պարբերաբար ստացվող ահազանգերի համատեքստում, Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում։   Չնայած թե΄ մշտադիտարկման այցերի, թե΄ երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում իրականացվող այլ գործառույթների շրջանակներում իրավասու մարմիններն ու հանրակրթական ուսումնական հաստատությունները ցուցաբերում են համագործակցային մոտեցում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ, առանձին դեպքերում ուսումնական հաստատության աշխատակիցները տեղեկացված չեն Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի, դրանից բխող լիազորությունների շրջանակի մասին, ինչը կարող է լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ Պաշտպանի կողմից նշված ոլորտում իր լիազորություններն իրականացնելու տեսանկյունից:   Հարկ է ընդգծել, որ Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն, և այս լիազորությունների շրջանակներում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանը, օրենքով սահմանված կարգով՝ նրա ներկայացուցիչները իրավասու են պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անարգել այցեր իրականացնել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ:   Ընդ որում՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցերի ժամանակի և նպատակի մասին:   Այս առումով Պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների կողմից լուրջ քայլերի ձեռնարկումը ինչպես բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ներդրման և կատարելագործման, այնպես էլ ՄԻՊ մանդատի առնչությամբ իրավասու անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։   Երեխաների նկատմամբ բռնությունը՝ իր բոլոր տեսակներով, լրջագույն խնդիր է և դրա հասցեավորման պատշաճ կառուցակարգերի բացակայությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:00 - 11 ապրիլի, 2025
ԵՄ փորձագիտական առաքելության հետ քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

ԵՄ փորձագիտական առաքելության հետ քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ ներքին անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ներառյալ՝ խտրականության դեմ պայքարի, ընտանեկան և կենցաղային բռնության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, իրավապահ մարմինների գործունեության և քրեական արդարադատության ոլորտում անձանց իրավունքների պաշտպանության առնչությամբ, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկայի և վարչական ձերբակալման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ խնդիրները, Հայաստանում «Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP)» դատական գործընթացները և այլն։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նշված ոլորտներում առկա վիճակը և Պաշտպանի հաստատության հետագա գործողությունները։ Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդգծել է հանդիպման կարևորությունը ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի կազմման համատեքստում: Հիշեցնենք, որ ԵՄ առաքելության փորձագետները ապրիլի 7-11-ը Հայաստանում կուսումնասիրեն և կգնահատեն ներքին անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության պատրաստվածության առկա իրավիճակը՝ ուսումնասիրելով ընթացիկ իրավիճակը, կբացահայտեն բացերն ու կարիքները, կկատարեն եզրակացություններ և կձևակերպեն կոնկրետ հենանիշեր՝ եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների, ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը բարձր է գնահատում ԵՄ փորձագիտական առաքելության հետ համագործակցությունը և կարևորում դրա շարունակականությունը։
16:59 - 10 ապրիլի, 2025
ՄԻՊ-ը քննադատել է ՀՀ-ում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով

ՄԻՊ-ը քննադատել է ՀՀ-ում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ «Յուրաքանչյուր հայ` անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն իրացնելու իրավահավասար միջավայր ունենա ու զերծ լինի որևէ տեսակի խտրականությունից ու անհանդուրժող վերաբերմունքից: Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված լրատվամիջոցների և սոցիալական հարթակների շարունակական մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նման հիմքերով խտրականության և ատելության խոսքի տարատեսակ դրսևորումներ, այդ թվում` արցախահայերի նկատմամբ, ինչը խիստ անթույլատրելի է հանրային համերաշխության ամրապնդման և հասարակության բևեռացման բացառման տեսանկյունից։ Պաշտպանը, նկատի ունենալով ատելության խոսքի դեմ պայքարում գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այս հարցերը մշտապես բարձրացրել է ինչպես իր հրապարակային ելույթներում ու հայտարարություններում, այնպես էլ ոչ հրապարակային հարթակներում ու տարբեր ձևաչափերով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն, խտրականություն քարոզող արտահայտությունների կիրառումից։ Առանցքային է, որպեսզի հատկապես պաշտոնատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները պատասխանատվությամբ մոտենան իրենց կողմից հնչեցվող հանրային խոսքին և ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն նման խոսքին։ Առանցքային է նաև, որպեսզի Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք կարևորի հասարակական կյանքում բոլորի հավասար ինտեգրումը ու նպաստի դրա հետ կապված գործընթացների պատշաճ իրացմանը: Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժող, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով», - նշված է հայտարարությունում։
21:49 - 09 ապրիլի, 2025
Ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։  Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Լիվ Ֆեիյենին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, որոնք, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։ Նինա Փիրումյանը ներկայացրել է փախստականների, ապաստան հայցողների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայում առկա խնդիրները և իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության կարևորությունը և շարունակականությունը: Իր հերթին Լիվ Ֆեիյենին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ բարձր գնահատելով Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
09:59 - 08 ապրիլի, 2025
Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը․ Անահիտ Մանասյանի ուղերձը

Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը․ Անահիտ Մանասյանի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Դրանում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության գործում անուրանալի է։ Կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առաջխաղացումն այդ հիմքի ամրապնդման կարևոր պայմաններից են։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը շարունակի հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ։ Այդ գործընթացում առանցքային են կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև նրանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքում։ Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում կրթության ոլորտը, որտեղ անհրաժեշտ է ձևավորել կանանց դերի ճիշտ ընկալում և նպաստել կարծրատիպային մտածողության վերացմանը։ Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Թող այս գեղեցիկ օրը լի լինի ջերմությամբ և գնահատանքով։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ»։
09:23 - 07 ապրիլի, 2025
Համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից. ՄԻՊ արագ արձագանքման խումբը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջադեպի մասին

Համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից. ՄԻՊ արագ արձագանքման խումբը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջադեպի մասին

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ էր ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: «Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել էր նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված շուրջ 30 անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալների և կալանավորված անձանց հետ, շրջայց կատարել խցերում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից ոմանք Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, տեղեկություններ են ներկայացրել նույն օրը քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված, իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին: Ազատությունից զրկված անձինք պնդել են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ մեկ սրբիչ: Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները: Արձանագրվել է նաև, որ ազատությունից զրկված անձանց ցուցաբերվում է բժշկական օգնություն, այդ թվում՝ 2 անձի մոտ առկա վնասվածքների կասկածի կապակցությամբ կատարվել է նաև ռենտգեն հետազոտություն: Այցի ընթացքում ստացված տեղեկություններն ու արձանագրված խնդիրները ներկայում ամփոփվում են: Դրանց կապակցությամբ համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից»,- նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք Քրեակատարողական ծառայությունը ՄԻՊ հայտարարությունից հետո պարզաբանում էր տարածել, թե ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց՝ նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։ Հետևաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։ Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել:  
17:29 - 04 ապրիլի, 2025
Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման իրավունքների երաշխավորումը. ՄԻՊ

Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման իրավունքների երաշխավորումը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին բացման խոսքով է հանդես եկել Կրոնական և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայով լավագույն լրագրողական նյութի 8-րդ մրցանակաբաշխությանը:   Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է, կարևորում է ոչ միայն ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, այլ խթանումը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լուրջ քայլեր։ «Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Թեև պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն, սակայն չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը»,- ասել է Անահիտ Մանասյանը:   Պաշտպանն ընդգծել է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա տարեկան հաղորդումներում ոլորտին առնչվող առանձին մեծ հատված է ներառվել, ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՄԻՊ առընթեր Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը։ Բացման խոսքով են հանդես եկել նաև Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը: Լրագրողներ Շուշանե Սաքունցին, Քնար Խուդոյանին, Արմինե Գևորգյանին մրցանակներ են հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիեկե Մոնրոյ-Վինթերը: Ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լուսաբանումը:
09:25 - 04 ապրիլի, 2025
Ահազանգ է ստացվել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին․ ՄԻՊ

Ահազանգ է ստացվել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին․ ՄԻՊ

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։ Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել է նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:  
14:19 - 03 ապրիլի, 2025
ՀՀ ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծանոթացել են կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին

ՀՀ ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծանոթացել են կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այցին մասնակցել են նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Այնուհետև խորհրդապահական հանդիպում է անցկացվել հիմնարկում պահվող կանանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ:  Նպատակն էր հավաքագրել նրանց կողմից բարձրացված խնդիրները: Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության հնարավորությանը, պատժի կրումից պայմանական  վաղաժամկետ ազատմանը, առողջության  պահպանման իրավունքին, հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական օգնությանը, զանգերի տևողությանը, տեսակցությունների հաճախակիությանն առնչվող  հարցեր և մի շարք այլ խնդիրներ: Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:
09:48 - 02 ապրիլի, 2025
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում՝ կանանց թիրախավորող

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում՝ կանանց թիրախավորող

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում՝ կանանց թիրախավորող: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։ «Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են խտրականության և ատելության խոսքի դրսևորումներ, որոնք խոչընդոտում են կանանց իրավունքների իրացմանը և խաթարում հանրային համերաշխությունը։ Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները արմատավորված են հասարակությունում ու հասարակական կյանքի բոլոր մակարդակներում՝ հակասելով իրավահավասարության սկզբունքին։ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է խտրականության ցանկացած դրսևորում և դրանով պայմանավորված՝ անթույլատրելի վարքագծի ցանկացած արդարացում։ Առավել մտահոգիչ է այն, որ նման խոսք հաճախ տարածում են քաղաքական ու հանրային գործիչները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցները: Ավելին, հանրային ընկալման համատեքստում նման խոսքի դրսևորումները հաճախ չեն ընկալվում որպես խնդրահարույց և չեն արժանանում հանրային անհրաժեշտ հակազդեցության: Հանրային համերաշխության և իրավահավասարության ապահովման համար կարևոր է բացառել սեռով պայմանավորված թյուր ընկալումները, կարծրատիպերը և խտրականությունը։ Հանրային գործիչներն իրենց գործունեությամբ պարտավոր են նպաստել համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանը և նրանց իրավունքների պաշտպանությանը՝ ոչ միայն բացառելով ցանկացած խտրական վերաբերմունք, այլև՝ հակազդելով նման դրսևորումներին», - նշված է ՄԻՊ-ի հայտարարությունում։
20:39 - 01 ապրիլի, 2025
Հրապարակվել է ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 թվականի տարեկան հաղորդումը

Հրապարակվել է ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 թվականի տարեկան հաղորդումը

Պաշտպանի տարեկան հաղորդումն ամփոփում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առանձին ոլորտներում առկա գործնական և օրենսդրական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված Պաշտպանի առաջարկները: Մասնավորապես, 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակում վերլուծվել են սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովման, քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության, խաղաղ հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների և նրա լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքների պաշտպանության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, իրավահավասարության և խտրականության արգելքի, ինչպես նաև մի շարք համակարգային բնույթի հարցեր։ Առաջին անգամ տարեկան հաղորդման շրջանակում առանձին անդրադարձ է կատարվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության ծրագրի իրականացման, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության նշանակման, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալներին բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում չտրամադրելու խնդիրներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանությանն օտարերկրյա պետություններում: Տարեկան հաղորդմամբ նաև առանձին համեմատական վերլուծության է ենթարկվել տարիներ շարունակ առկա կալանքի խնդրահարույց պրակտիկան, քրեական վարույթների ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինչպես նաև անձնական ազատության իրավունքի սահմանափակմանն առնվող խնդրահարույց հարցերը: Պաշտպանը 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում անդրադարձել է նաև հետևյալ ոլորտներում առկա խնդիրներին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հոգեկան առողջության պահպանում, բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության հասանելիության ապահովում, անձնական տվյալների պաշտպանություն, հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության պատշաճ գնահատում, լրագրողի մասնագիտական գործունեության՝ որպես կարծիքի արտահայտման ազատության երաշխիքի անխոչընդոտ իրականացում, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:   Տարեկան հաղորդմամբ նաև առանձին համեմատական վերլուծության են ենթարկվել տարիներ շարունակ առկա կալանքի խնդրահարույց պրակտիկան, քրեական վարույթների ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինչպես նաև անձնական ազատության իրավունքի սահմանափակմանն առնվող խնդրահարույց հարցերը:   Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի, մատչելիության, այդ թվում՝ նոր կառուցվող և վերակառուցվող, նոր կառուցված և վերակառուցված շենքերի և շինությունների մատչելիության, կրթության իրավունքի և մի շարք այլ իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններին: Պաշտպանի տարեկան հաղորդումն ամփոփում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առանձին ոլորտներում առկա գործնական և օրենսդրական խնդիրների մասին վերլուծությունները, ինչպես նաև դրանց լուծման Պաշտպանի առաջարկները: Պաշտպան Անահիտ Մանասյանն առանցքային է համարում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված խնդիրների լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ համագործակցությունը:   Ներկայացված առաջարկների վերաբերյալ տարվա ընթացքում Պաշտպանի նախաձեռնությամբ անցկացվելու են թիրախային քննարկումներ՝ իրավասու մարմինների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:
10:47 - 01 ապրիլի, 2025
ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է ասորական Նոր տարին

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է ասորական Նոր տարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը ասորական Նոր տարվա առթիվ. «Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ: Այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն:Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է և այս համատեքստում կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»:
09:51 - 01 ապրիլի, 2025