ՄԻՊ-ը դատապարտել է Մերձավանի դպրոցի ուսուցչուհու թիրախավորումը՝ հոգեկան առողջության խնդիր ունենալու հետ կապված
19:47 - 21 մայիսի, 2025

ՄԻՊ-ը դատապարտել է Մերձավանի դպրոցի ուսուցչուհու թիրախավորումը՝ հոգեկան առողջության խնդիր ունենալու հետ կապված

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Այս մասին հայտարարություն են տարածել ՄԻՊ գրասենյակից։

«Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում:
Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել հոգեկան առողջության վերաբերյալ հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերի, նախապաշարումների վերացման, խտրականություն պարունակող խոսույթի բացառման ուղղությամբ։

Այս համատեքստում Պաշտպանը խիստ դատապարտելի է համարում նման խոսույթի օգտագործմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը, այդ նպատակով նյութերի պատրաստումն ու տարածումը։ Վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առանց այն էլ առկա խորքային կարծրատիպերի արմատավորմանը, ինչն անթույլատրելի է։

Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ անընդունելի և խիստ դատապարտելի է համարում նշված միջադեպի մասնակից երեխաներին թիրախավորող և նրանց անձնական տվյալների պաշտպանության մասին ներպետական և միջազգային չափորոշիչների էական խախտումներով ուղեկցվող նյութերի պատրաստումն ու տարածումը:

Պաշտպանը հորդորում է չտարածել վերոնշյալ նյութերը, իսկ իրավասու մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված իրավունքների ապահովման ուղղությամբ», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել