ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը:

Ներկայումս ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: ԵՏՀ-ն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր գործունեության մեջ առաջնորդվում է ընդհանուր առմամբ եվրասիական տնտեսական ինտեգրման նախագծի մասնակից երկրների շահերով՝ չպատճառաբանելով իր որոշումները ազգային կառավարություններից որևէ մեկի շահով: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵԱՏՄ մասնակից երկրների տարածքում:

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի. ԵՏՀ առևտրի կոլեգիա |armenpress.am|

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի. ԵՏՀ առևտրի կոլեգիա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի։  Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից։  «Մենք ակնկալում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի դերը Մեծ Եվրասիական տարածքում՝ հատկապես տրանսպորտային միջանցքների ընդլայնման և տարանցիկ ներուժի ավելացման շնորհիվ։ Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի տրանսպորտային համակարգի, այլև ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ առևտրային կապերի զարգացման վրա»,- ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ։  Գերատեսչությունից կարևորել են, որ Իրանի կառավարությունը ևս պաշտոնապես հայտնել է իր աջակցությունը այդ նախագծին՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև համագործակցությունը դինամիկ զարգանում է։  «Արդեն մոտենում ենք ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնագծին։ Այն ստորագրվել է 2023թ. դեկտեմբերին, և ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսին։ Մենք համոզված ենք, որ այս համաձայնագրի իրականացումն էականորեն կխթանի առևտրի զարգացումը, քանի որ այն թույլ կտա առավել արդյունավետ կերպով օգտագործել առկա առևտրային ներուժը։ Իրանի հետ համաձայնագրի շրջանակում մենք հասել ենք զգալի արդյունքների՝ ազատ առևտրի ռեժիմի մաքսատուրքերի ազատականացման հարցում, և ապրանքների ավելի քան 90%-ը կլինի առանց մաքսատուրքերի»,- նշվում է պատասխանի մեջ:  Ըստ ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի գնահատականի՝ հայկական ապրանքների արտահանումը Իրան այդ համաձայնագրից զգալիորեն կշահի, և արտահանվող ապրանքների գերակշիռ մասը կներառվի մաքսատուրքային արտոնությունների տիրույթում։ Բացի շուկայի հասանելիությունից, համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական ճյուղային համագործակցության, մասնավորապես՝ տրանսպորտի և տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման հարցերին։  «ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության զգալի աճի պայմաններում օրակարգային է դառնում լոգիստիկ ենթակառուցվածքի արդիականացումը, տրանսպորտային շղթաների արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, ինչպես նաև նոր լոգիստիկ կենտրոնների զարգացումը։ Այդ համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի»,- ասված է ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի կողմից տրամադրված մեկնաբանության մեջ։
09:37 - 11 մարտի, 2025
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար |armenpress.am|

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար |armenpress.am|

armenpress.am: «Խաղաղության  խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար, քանի որ այն նախատեսում է զարգացնել հանրապետության երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը հարևան երկրների հետ։ Այս մասին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը: «Միաժամանակ, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ ինտեգրման շնորհիվ  «Խաղաղության  խաչմերուկ» նախագիծը հնարավորություն ունի տարածաշրջանում դառնալու կարևոր օղակ ԵԱՏՄ հուսալի և կայուն տրանսպորտային հիմնակառուցվածքի ձևավորման գործընթացում։ Նախագծի հիմնական նպատակը միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի թողունակության ավելացումն է և տրանսպորտային կապերի ամրապնդումը հարևան երկրների հետ»,- ասել է ԵՏՀ նախարարը։
11:10 - 16 դեկտեմբերի, 2024
ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՏՀ կոլեգիայի անդամը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՏՀ կոլեգիայի անդամը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող հարցեր

Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Տուրլիխանովիչ Սուլթանովի հետ: Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդաբանությունը, ներմուծման մաքսային, հատուկ, հակադեմպինգային և փոխհատուցման տուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման այլընտրանքային մեխանիզիմները, աուդիտորական գործունեության ու հաշվապահական հաշվառման ոլորտներում առկա համաձայնագրերի նախագծերը:   Նախարարը նշել է, որ 2024 թ. ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահությունը ավելի է պարտավորեցնում համապատասխան ջանքեր գործադրել՝ ապահովելու տնտեսական համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը։
17:59 - 26 հունիսի, 2024
Գնել Սանոսյանը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ բազմաշերտ համագործակցությունը

Գնել Սանոսյանը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ բազմաշերտ համագործակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։   Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ բազմաշերտ համագործակցությունը և նկատել, որ համագործակցության պոտենցիալն էլ ավելի ընդլայնելու հնարավորություններ կան։   Դմիտրի Մարիյասինն իր հերթին կարևորել է երկկողմ համագործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում՝ նշելով, որ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի շրջանակներում իրականացվող 59 ծրագրերից 13-ը իրականացվում են ՀՀ-ում։   Մարիյասինը հավելել է նաև ոլորտը կարգավորող միջազգային իրավական ակտերին անդամակցելու անհրաժեշտության մասին։   Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ օրենսդրական դաշտը ներկայումս ներդաշնակեցվում է ԵՄ չափանիշներին, ուստի անհրաժեշտ է այս գործընթացում միջազգային փորձագետների ներգրավել։   Զրուցակիցները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ մասնակի անդրադարձ կատարելով էներգաարդյունավետության հարցերին։   ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել նաև հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել ձևավորված արդյունավետ համագործակցության համար։   Մտքեր են փոխանակվել նաև ՄԱԿ ԵՏՀ շրջանակներում մի շարք ծրագրերում նախարարության ներգրավվածության և համագործակցության խորացման հարցերի շուրջ։
11:06 - 01 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսական արտադրանքի ինտենսիվացման և ծավալների ավելացման ուղղությամբ. Քերոբյան

Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսական արտադրանքի ինտենսիվացման և ծավալների ավելացման ուղղությամբ. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղակալ Արման Խոջոյանի ու ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանի հետ տեսակապով մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին։   «Նիստի ընթացքում քննարկել ենք ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության ապահովման ներկա վիճակին, խնդիրներին ու հեռանկարներին, գյուղատնտեսության ոլորտում նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովվածության մակարդակին, ԵԱՏՄ անդամ-երկրներում դաբաղի նկատմամբ կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը վերաբերող հարցեր։   Իմ ելույթում նշել եմ, որ ներկայումս մեր կառավարությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսական արտադրանքի ինտենսիվացման, արդյունաբերականացման և ծավալների ավելացման ուղղությամբ։ Այդ նպատակով ընդունվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որում ներկայացված են գյուղատնտեսական քաղաքականության մեջ պետության հիմնական առաջնահերթությունները, սահմանված են առաջնային խնդիրներն ու ռազմավարության իրականացման գործողությունների պլանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։
15:12 - 22 նոյեմբերի, 2022
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաեւին

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաեւին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաեւի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես  հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջեւ համագործակցության ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից: Բակիտժան Սագինտաեւն իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ ԵԱՏՄ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր եւ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների ծրագրերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր:
18:59 - 06 սեպտեմբերի, 2022
Սննդի, դեղանյութերի, հագուստի որոշ տեսակների մաքսատուրքը զրոյացվել է |hetq.am|

Սննդի, դեղանյութերի, հագուստի որոշ տեսակների մաքսատուրքը զրոյացվել է |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մարտի 22-ին որոշում է ընդունել, որով լրացրել է մաքսային սակագնային կարգավորուման փաթեթն այն ապրանքների մասով, որոնցով ԵԱՏՄ երկրներում տնտեսական և պարենային կայունություն է ապահովվում։ Մասնավորապես, մինչև 2025թ. ապրիլի 30-ը կզրոյացվեն որոշ կակաո ապրանքների, մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը՝ պղնձի փայլատի, մինչև 2024թ. վերջ` նաև բեղմնավորված ձկան ձկնկիթի ներմուծման մաքսատուրքերը։ Այն նախկինում ներկրվում էր 8% մաքսային վճարով։ «Մաքսային և սակագնային կարգավորման միջոցառումն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ձկնաբուծական արդյունաբերության ձեռնարկություններին աջակցելուն և հետագա զարգացմանը,- ասել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։- Ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արտադրողներին պահպանել հզորությունների օգտագործման առկա մակարդակը, ինչպես նաև՝ ծածկել փոխարժեքի կտրուկ փոփոխության հետ կապված լրացուցիչ ծախսերի մի մասը»։ Ավելի վաղ որոշում էր ընդունվել, որ մինչև 2023թ. ապրիլի 30-ը զրոյացվելու է 40 կգ-ից ավելի փաթեթներում ծիրանի, տանձի, դեղձի և այլ խյուսերի, իսկ մինչև 2025թ. ապրիլի 30-ը՝ անիլինի և հագուստի արտադրության մեջ օգտագործվող մի շարք գործվածքների մաքսատուրքը։ ԵՏՀ խորհրդի՝ մարտի 17-ին ընդունված որոշման համաձայն՝ սննդամթերքի և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքների լայն տեսականի է ազատվելու ներմուծման մաքսատուրքից։ Որոշումը վերաբերում է նաև դեղագործական, մետալուրգիական և էլեկտրոնային ապրանքների արտադրության համար օգտագործվող ապրանքներին, ինչպես նաև՝ թվային տեխնոլոգիաների զարգացման, թեթև արդյունաբերության արտադրանքի, շինարարության և տրանսպորտային արդյունաբերության մեջ օգտագործվող ապրանքներին։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
12:46 - 24 մարտի, 2022
Առցանց անմաքս առեւտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո․ ՊԵԿ

Առցանց անմաքս առեւտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո: Այն կգործի  մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15 %  չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար:  ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների  այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից:
19:39 - 18 մարտի, 2022
ԵԱՏՄ-ն քննարկում է ինտեգրման ապագան՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին․ «Կոմերսանտ»

ԵԱՏՄ-ն քննարկում է ինտեգրման ապագան՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին․ «Կոմերսանտ»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը, որը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կառավարող կառույցն է, երեկ և այսօր քննարկում է իր աշխատանքի հեռանկարները կտրուկ փոփոխված պայմաններում, երբ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել ուկրաինական պատերազմի պատճառով։ Քննարկվող հարցերի մասին որոշակի մանրամասներ է հայտնել Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը: Փակ ռեժիմով քննարկումը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ հեշտ չի ընթանում և առայժմ ավարտվել է սաղմոնի մանրաձկան համար զրոյական տուրքի որոշման երկարաձգմամբ։ Արդեն պարզ է, սական, որ նրանք այնքան բարձր չեն գնահատում ԵԱՏՄ երկրների տարանցման աճող հնարավորությունները, որպեսզի նախապես փոխհատուցեն ինտեգրացիոն նոր ռիսկերն ու երկրորդային պատժամիջոցների ռիսկերը, իսկ ՌԴ և Բելառուսի արտահանման պատասխան սահմանափակումները մատակարարման խնդիրներ են առաջացում հենց միության ներսում, գրում է թերթը։ ԵՏՀ խորհուրդը, որի կազմում են ԵԱՏՄ երկրների պրոֆիլային փոխվարչապետները, և որը գլխավորում է ԵՏՀ ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը, մարտի 17-18-ին, ըստ հրապարակված օրակարգի, պետք է զբաղվեր առօրեական հարցերով, այդ թվում՝ միության երկրների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին տրամադրվելիք բուժօգնության նվազագույն երաշխիքների և տեխնիկական փաստաթղթերում կատարվելիք փոփոխությունների քննարկումով։ Սակայն, «Կոմերսանտի» տվյալներով, ողջ քննարկումն ընթանում է պատժամիջոցների հետ կապված նոր թեմաների շուրջ, որոնք Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանել է աշխարհի զարգացած երկրների մեծ մասը՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Ինչպես պատմել են թերթի աղբյուրները, ԵՏՀ խորհրդի նիստի մեծ մասն անցկացվել է նեղ կազմով (միայն ԵՏՀ ղեկավարն ու ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները) այն պատճառով, որ թեման զգայուն է միության բոլոր անդամ երկրների տնտեսությունների համար։ Ռուսական կողմից խորհրդի նիստին մասնակցում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նիստից առաջ նա առանձին հանդիպում է ունեցել Ղազախստանի՝ արդյունաբերական և առևտրային գծով փոխվարչապետ Բախիթ Սուլթանովի հետ։ Քննարկվել է «եվրասիական տարածքում կոոպերատիվ արտադրական շղթաների կարգավորման» և 2021-2025 թ-ի Տնտեսական համագործակցության համալիր ծրագրի իրականացման միջոցառումների պլանի կատարումը։ Այս ծրագիրը ենթադրում է սահմանային անցակետերի և տրանսպորտային մատակարարումների ընդլայնում (Ղազախստանը ԵԱՏՄ-ում Ռուսաստանի առավել հեռանկարային գործընկերն է Չինաստանից, պատժամիջոցների շրջանցմամբ, արդյունաբերական արտադրանքի և էլեկտրոնիայի մատակարարումների կազմակերպման հարցում)։ Քննարկվել է նաև «հակազդումը կասկածելի ֆինանսական գործարքներին»։ Ինչպես պատմել են «Կոմերսանտի» զրուցակիցները, որոնք տեղյակ են ԵՏՀ-ում երեկվա քննարկումների բովանդակությունից, խորհրդի աշխատանքը սկսվել է լարված մթնոլորտում՝ ԵԱՏՄ անդամներից երկուսի դեմ կոշտ պատժամիջոցների պայմաններում կառույցի ինտեգրացիոն աշխատանքում կտրուկ աճած հակասությունների  ֆոնին․ Ռուսաստանի ու Բելառուսի տնտեսական կայունությունը կախված է, այդ թվում, ԵԱՏՄ մնացած պետությունների «հակապատժամիջոցային» աջակցությունից։ Միության անդամ երկրները մեծապես շահագրգռված են իրենց երկրների վրա պատժամիջոցների չտարածման հարցում, սակայն կապված են իրավաբանորեն պարտավորեցնող միջպետական և միջկառավարական համաձայնագրերով։ Թերթը հիշեցնում է, որ վերջին տարիներին ԵԱՏՄ-ն մշակել է միասնական միությանն ազգային շուկաների ինտեգրման ծրագրերի մեծ շարք։ Դրանք վերաբերում են վառելիքաէներգետիկ համալիրին, առևտրին, ֆինանսներին, աշխատաշուկային, շինարարությանը և այլն։ Ենթադրվում էր, որ մասնակիորեն դա այլընտրանք կլինի ՌԴ և Եվրամիության շուկաների մերձեցմանը, որը կասեցվել է 2014 թ-ին Ռուսաստանի՝ Ղրիմի բռնակցումից հետո։ Սակայն ներկայիս պայմաններում ԵԱՏՄ շուկաների ինտեգրումը որոշակի ռիսկեր է կրում անդամ երկրների ազգային տնտեսությունների համար։ Որպես երեկվա քննարկումների «արտակարգ» թեմա՝ «Կոմերսանտի» զրուցակիցները նշել են, մասնավորապես, դոլարային հաշվարկներից և հավաքագրված տուրքերը դոլարի վերածելուց զերծ մնալու անհրաժեշտությունը (ԵԱՏՄ-ն միասնական մաքսային սահման ունի) և միության ներսում այդ միջոցների բաշխումը։ Այս երկու հարցերն, ըստ էության, միավորում է փոխարժեքի խնդիրը։ Քանի որ ռուբլին մասնակիորեն զրկվել է ազատ փոխանակման հնարավորությունից, պետք է որոշել, թե ոչ շուկայական որ փոխարժեքն է կիրառվելու հավաքագրված տուրքերի ողջ ծավալը ռուբլու վերածելու դեպքում, գրում է հոդվածագիրը։ Եվս մեկ խնդիր է այն, որ ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով հավաքագրված տուրքերի «զամբյուղը» չի համապատասխանում միության արժութային շուկայի կառուցվածքին։ Քննարկվել է նաև անդամ պետությունների արձագանքը ՌԴ և Բելառուսի հակապատժամիջոցային արտակարգ միջոցներին, որոք սահմանափակում են առանձին տեխնոլոգիական և հումքային ապրանքների արտահանումը։ Դրանց զգալի մասի մատակարարումները ծայրահեղ կարևոր են ԵԱՏՄ գործընկերների համար և կարող են պատասխան սահմանափակումներ առաջացնել։ Ալեքսեյ Օվերչուկի աշխատակազմը երեկ չի մեկնաբանել ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքը․ հավանաբար, այս մասշտաբի խնդիրների արագ լուծում լինել չի կարող։ Հաշվի առնելով ինտեգրման մասշտաբները, ԵԱՏՄ-ն պատժամիջոցներից առաջ էլ էր դանդաղ գալիս ֆորմալ փաստաթղթերի ստորագրման։ Նկարագրված օրակարգի արդիականության հաստատումը կարող է լինել ԵՏՀ որոշման նախագծի՝ «Ինտերֆաքս» գործակալության երեկ հայտնաբերած հրապարակումը, որում խոսվում է ԵԱՏՄ երկրների միջև ներկրման մաքսատուրքերի հաշվարկման և բաշխման կարգի վերանայման մասին։ Դրանում արձանագրված է հրաժարումն ԱՄՆ դոլարի օգտագործումից՝ որպես արտաքին առևտրային ցուցանիշների արտահայտման ունիվերսալ արժույթ։ Սակայն հաշվարկների նոր մոդելի մասին տեղեկություններ չկան։ ԵԱՏՄ-ում հաշվարկների կարգի վերանայման շուրջ քննարկումների փաստն ավելի վաղ հաստատել էին նաև Ղազախստանի փոխվարչապետ Բախիթ Սուլթանովը և Բելառուսի ֆինանսների նախարար Յուրի Սելիվերստովը, որն ընդգծել էր, որ դոլարից «պետք է հրաժարվել», և «հաշվի առնելով ի հայտ եկող սահմանափակումները, դա պետք է անել շատ արագ»։ Արդյունքում՝ միակ «հակապատժամիջոցային» համաձայնեցված որոշումը, որը երեկ հրապարակվել է խորհրդի նիստից հետո, եղել է սաղմոնի և իշխանի մանրաձկան համար զրոյական տուրքերի մասին որոշման երկարաձգումը մինչև 2025 թ-ը՝ «միության ներքին շուկայի զարգացման համար»։ Կարմիր ձկան խնդիրներից զատ՝ այլ հարցերի լուծման մասին, եթե այդպիսիք եղել են, ԵՏՀ-ն չի հայտարարել, եզրափակում է թերթի հոդվածագիրը։   Նորա Վանյան
16:59 - 18 մարտի, 2022