Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
 |azatutyun.am|

Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը Եվրամիության համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում անվտանգային առումով, քան պարզապես պաշտպանությունը, քանի որ Մոսկվան կարող է օգտագործել անօրինական ներգաղթը և այլ խնդիրներ՝ խարխլելու դաշինքը, կիրակի օրը հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին: Ֆինլանդիան հանգստյան օրերին հյուրընկալել է Իտալիայի, Շվեդիայի և Հունաստանի ղեկավարներին, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի նախարարին հյուսիսային Լապլանդիայում՝ քննարկելու Հյուսիսային տարածաշրջանում և Միջերկրական ծովի անվտանգությունը, ինչպես նաև Հարավային Եվրոպայում միգրացիոն խնդիրները: «Մենք պետք է հասկանանք, որ սպառնալիքը շատ ավելի լայն է, քան մենք պատկերացնում ենք», - ասել է Մելոնին։ ԵՄ անվտանգությանը սպառնացող վտանգը Ռուսաստանից կամ այլ տեղից չի ավարտվի Ուկրաինայի հակամարտությունն ավարտվելուց հետո, և ԵՄ-ն պետք է պատրաստ լինի դրան, ասել է նա՝ կոչ անել միությանն ավելին անել իր սահմանները պաշտպանելու համար և թույլ չտալ Ռուսաստանին կամ որևէ «հանցավոր կազմակերպության» ուղղորդել անօրինական ներգաղթյալների հոսքը: Մոսկվան հերքում է, որ Ռուսաստանը միտումնավոր անօրինական ներգաղթյալներին ԵՄ է մղում։
16:46 - 22 դեկտեմբերի, 2024
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ տարվա անելիքները։ Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ, որը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Լևոն Այվազյանը գործընկերներին ներկայացրել է բանակի կերպափոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով պատրաստության, ռազմական կրթության և այլ ոլորտներում։
14:02 - 12 դեկտեմբերի, 2024
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև ձևավորվել է համագործակցության դրական դինամիկա և հույս հայտնել, որ առաջիկայում այն ոչ միայն կպահպանվի, այլ նաև կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակույթի ոլորտներում: Ալֆոնսո Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել վարչապետին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին տնտեսական կապերը զարգացել են, մասնավորապես, տեքստիլի ոլորտում: Դեսպանը կարևորել է նաև մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը և հավելել, որ ներկայումս ընթացքի մեջ են նոր ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացի ուղղությամբ աշխատանքներին:
15:14 - 11 դեկտեմբերի, 2024
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:   Հայաստանյան պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում հյուրընկալող կողմը ներկայացրել է մանրամասներ Իտալիայի Հանրապետության զինված ուժերում իրականացվող միջոցառումների, ինժեներական զորքերի պատրաստության, մասնագետների ուսուցման, վարժանքների ու մարզումների անցկացման, ինչպես նաև խաղաղապահ առաքելությունների ընթացքում ինժեներական ստորաբաժանումների աշխատանքների վերաբերյալ:   Գեներալ-լեյտենանտ Կարեն Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար։
12:00 - 29 նոյեմբերի, 2024
Իտալիայի վարչապետն այցելելու է Լիբանան
 |1lurer.am|

Իտալիայի վարչապետն այցելելու է Լիբանան |1lurer.am|

1lurer.am: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Բեռլինում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երեք եվրոպական երկրների ղեկավարների հանդիպմանն իր բացակայությունը բացատրել է Մերձավոր Արևելք նախատեսված հրատապ այցով։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Եվրամիության գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել կատարած այցի ժամանակ։ «Ես ոչ մի դեպքում չեմ կարողանա ներկա լինել»,- ասել է Մելոնին՝ հավելելով, որ հաջորդ օրը ինքը լինելու է Լիբանանում։ «Միգուցե ավելի օգտակար է խոսել տարածաշրջանի խաղացողների հետ, քան դա անել իրար հետ: Այդ իսկ պատճառով այս ուղևորությունն այժմ իմ առաջնահերթությունն է»,- հավելել է Իտալիայի վարչապետը: Հայտարարությունը «վրդովմունք է առաջացրել Հռոմում»՝ նշել է dpa գործակալությունը։ Ներկայումս Իտալիան նախագահում է Մեծ Յոթնյակում (G7):  
21:10 - 17 հոկտեմբերի, 2024
Իտալիայի մրցակցային մարմնի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. ստորագրվել է համագործակցության հուշագիր

Իտալիայի մրցակցային մարմնի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. ստորագրվել է համագործակցության հուշագիր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հրավերով աշխատանքային այցով Երևան է ժամանել Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելլի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին հաջորդել է մրցակցության և սպառողների պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ  հուշագրի ստորագրման արարողությունը: «Ձեր այցը  շեշտադրում է մեր երկու գերատեսչությունների միջև խորացող համագործակցությունը, որը նաև փաստվեց այսօր ստորագրված հուշագրով: Վստահ եմ, որ այն ուղի կհաթի առաջիկայում էլ ավելի ակտիվ և առարկայական համագործակցության զարգացման համար»,-նշել է ՄՊՀ նախագահը: Գեղամ Գևորգյանը հատկապես կարևորել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Իտալիայի առաջավոր փորձը: Ռոբերտո Ռոստիչելլին իր խոսքում նշել է, որ Իտալիայի մրցակցային մարմինը բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ջանքերը, որոնք հնարավորություն են ընձեռել ակտիվացնելու կառույցի գործունեությունը և ներկայացվածությունը միջազգային մակարդակում:
16:12 - 15 հոկտեմբերի, 2024
Իտալիայի պաշտպանության նախարար Բաքվում է |azatutyun.am|

Իտալիայի պաշտպանության նախարար Բաքվում է |azatutyun.am|

azatutyun.am: Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն այսօր ժամանել է Բաքու։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Կրոզետոն Բաքվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով՝ մասնակցելու ADEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա հունիսին հայտարարեց, որ Բաքուն և Հռոմը «ռազմավարական գործընկերներ» են։ 2023 թվականի ամռանը հայտարարվեց Բաքվի կողմից իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածության մասին։ Այս տարվա հունիսին Ադրբեջանը ստացավ C-27J Spartan մակնիշի օդանավը՝ ազդարարելով ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մեկնարկի մասին։ ADEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Բաքվում է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Բաքուն ու Անկարան բազմիցս են հայտարարել, որ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են», Թուրքիայի և Ադրբեջանի միջև միութենական հարաբերություններ են հաստատվել։  
11:53 - 24 սեպտեմբերի, 2024
Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր․ Միրզոյանը՝ Իտալիայի գործընկերոջը

Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր․ Միրզոյանը՝ Իտալիայի գործընկերոջը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, ինչին և ուղղված է եղել պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ կողմից ներկայացված վերջին առաջարկը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը հիմնված է տարածքային ամբողջականության անվերապահ հարգման, սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև տնտեսական փոխկապակցվածությանը միտված նախաձեռնությունների վրա։ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին:
10:49 - 24 սեպտեմբերի, 2024
Զելենսկին Մելոնիին տեղեկացրել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների մասին |1lurer.am|

Զելենսկին Մելոնիին տեղեկացրել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների մասին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահը մեկնել է Իտալիա, նրան ընդունել է վարչապետ Ջորջիա Մելոնին։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ռազմատեխնիկական աջակցության փաթեթների համար, ընդգծել այդ մատակարարումների տեմպերն արագացնելու կարևորությունը: Նա տեղեկացրել է Մելոնիին մարտի դաշտում իրավիճակի և ուկրաինական ուժերի առաջնահերթ կարիքների մասին: Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովը, որը նախատեսված է Իտալիայում 2025 թվականին: Անդրադարձ է եղել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը և այդ ճանապարհին Կիևի ջանքերին:   Մելոնին էլ հայտարարել է՝ Կիևին աջակցությունը բխում է իր երկրի ազգային շահերից: Նա շեշտել է՝ Ուկրաինան չեն կարող թողնել ճակատագրի հույսին, քանի որ դա կհանգեցնի միայն քաոսի և ոչ թե խաղաղության: Վարչապետը կարծիք է հայտնել, որ Չինաստանը և Հնդկաստանն էլ պետք է դերակատարում ունենան հակամարտության կարգավորման գործում:
19:19 - 07 սեպտեմբերի, 2024
Իրանի արտաքին գործերի նախարարն անխուսափելի է համարում պատասխանն Իսրայելին |news.am|

Իրանի արտաքին գործերի նախարարն անխուսափելի է համարում պատասխանն Իսրայելին |news.am|

news.am: Իսրայելն անպայման Իրանից պատասխան կստանա Թեհրանում ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին իտալացի գործընկերոջ՝ Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում։ «Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը սիոնիստական վարչակարգի (Իսրայելի) ահաբեկչական ակտին անխուսափելի է, լինելու է ճշգրիտ եւ մտածված։ Ի տարբերություն սիոնիստական վարչակարգի՝ ԻԻՀ-ն չի ձգտում լարվածության թեժացման, թեեւ դրանից չի վախենում»,- մեջբերվել են Արաղչիի խոսքերը արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։ Տայանին իր հերթին բոլոր կողմերից պահանջել է զսպվածություն ցուցաբերել եւ անհանգստություն է հայտնել Մերձավոր Արեւելքում անկայունության հետ կապված։ Հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ-ը հայտնել էր Հանիեի սպանության մասին Թեհրանում նրա նստավայրին հասցված իսրայելական հարվածի հետեւանքով, ուր նա եկել էր մասնակցելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Հանիեն զոհվել է փոքր հեռահարության արկի պայթյունից, նրա սպանությունը կազմակերպել է Իսրայելն ԱՄՆ աջակցությամբ։ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին նախազգուշացրել է, որ Իսրայելը դաժան պատժի կարժանանա պաղեստինցի քաղաքական գործչի սպանության համար։
13:07 - 26 օգոստոսի, 2024
Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Իտալիայի Պուլիայի շրջանի Բարի քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության նոր պատվավոր հյուպատոսություն։ Այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ «Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ուրախ է հայտարարել Պուլիայի շրջանում նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին։ Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական ​​կապերի ամրապնդմանը», - նշված է դեսպանության հաղորդագրության մեջ: Վերջինս տեղեկացրել է, որ նորաբաց հյուպատոսության գրասենյակը, որը կգտնվի Բարիի Corso Vittorio Emanuele 30 հասցեում, հանգրվան կհանդիսանա Հայաստանի քաղաքացիների և նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել համագործակցությունը Պուլիայի և Հայաստանի միջև:  «Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը կլինի Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության և գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կոնտակտային անձը», - հայտնել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։  Դեսպանությունը, ներկայացնելով նորանշանակ հյուպատոսին, նշել է, որ Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը, ով ծնվել է 1974 թվականին, ավարտել է Բարիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, շինարարության և կահույքի ոլորտում ձեռնարկատեր է։ Նրա ընտանիքը ժամանել է Բարի 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո և անմիջապես մուտք գործել քաղաքի և տարածաշրջանի սոցիալական և ձեռնարկատիրական կյանք: «Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհավորում է պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանին և մաղթում մեծ հաջողություններ՝ իր լիազորությունները լիարժեք իրականացնելու գործում», - եզրափակել է ՀՀ դեսպանությունը։ 
16:26 - 17 հուլիսի, 2024