1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են ուղղել՝ հետաքրքրվելով, թե ինչ պլաններ ունի ՀՀ կառավարությունը՝ կապված ԼՂ-ից բռնի տարհանված մեր քաղաքացիների հետ. արդյո՞ք նրանք կվերադառնա՞ն ԼՂ, թե՞ կմնան Հայաստանում:
Վարչապետի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանում ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ:
«Մեր տեսլականը հետևյալն է: Եթե նրանք ԼՂ վերադառնալու իրատեսական ցանկություն կամ հնարավորություն չունենան, այսինքն՝ ցանկություն կունենան, բայց պայմանների հետ կապված իրենց ընկալումը չլինի դրական, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում:
Մեր արևմտյան և օտարերկրյա գործընկերները քաջալերում են փաստը, որ Հայաստանի կառավարությունը ընդունակ եղավ մի շաբաթում հարյուր հազարից ավելի մարդ ընդունել առանց փախստականների ճամբարի:
Երկրորդ՝ կարող ենք ասել, որ երեխաների մեծ մասը գնում է դպրոցներ: 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 10 հազար մարդ ունի աշխատանք Հայաստանում: Սա լավ է, բայց ամբողջը չէ, որովհետև ԼՂ-ից բռնի տեղահանված աշխատունակ մարդկանց երևի 30 տոկոսն է: Բոլոր թոշակառուներն արդեն իրենց թոշակը ստանում են, և մենք առաջիկայում պատրաստվում ենք բնակարանային ապահովության ծրագիր անել, որի քննարկման ժամանակ եկել ենք կարևոր երկու եզրակացության՝ առաջին՝ այդ ծրագիրը պետք է հասանելի լինի նաև ՀՀ քաղաքացիներին, երկրորդ՝ պարտադիր ենք համարելու, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները, որոնք ուզում են այս ծրագրից օգտվել, ՀՀ քաղաքացիություն ստանան»,- պարզաբանել է վարչապետը:
Փաշինյանը անդրադարձել է նաեւ Հայաստանում ներքաղաքական վիճակին.
«Իմ վարչապետության շրջանում ես երկու անգամ հրաժարական եմ տվել և Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մեր քաղաքական թիմով մասնակցել ենք խորհրդարանական ընտրություններին: Շատ քաղաքական ուժեր կան, որ մեզնից ակնկալում են, որ հեռանանք քաղաքականությունից, բայց մենք դա չենք կարող անել մի պարզ պատճառով՝ որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ, և եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը: Մենք կարող ենք մեր մանդատը վերադարձնել, և մենք մեր մանդատը վերադարձրել ենք ժողովրդին և ասել՝ դուք որոշեք, թե ում եք տալիս այդ մանդատը»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդը որոշել է, որ այդ մանդատը կրկին պետք է տա մեզ:
«Դա առնվազն նշանակում է, որ մեր որոշ պատճառաբանություններ, բացատրություններ ժողովուրդը համարել է արդարացի և լեգիտիմ: Եվ երբ ես ասում եմ, որ Եվրամիությունում Հայաստանի համարումը աճում է, ավելանում է, ասում եմ՝ այդտեղ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ էական նշանակություն ունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մենք պետք է առաջնորդվենք «Հայրենիքը պետություն է» տրամաբանությամբ:
«Մեր ժողովրդի քվեով և ընտրությամբ եմ ես ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը: Ես համաձայն չեմ կորսված հայրենիքի հայեցակարգին, որովհետև դա հայրենիք կորցնելու հայեցակարգ է, իսկ հայրենիք ասելով պետք է նկատի ունենանք պետությունը: Մենք այսօր ունենք պետություն և մեր պետությունը փորձում է վարել ավելի անկախ քաղաքականություն: Կորսված հայրենիքի տեսլականը դրված է նրա համար, որ մենք երբեք պետություն չունենանք, չկարողանանք պետություն կայացնել, անընդհատ գնալ ինչ-որ կորսված հայրենիքի հետևից և չկարողանալ նկատել, տեսնել, կառավարել, հոգ տանել այն հայրենիքի նկատմամբ, որը մենք ունենք, այսինքն՝ ՀՀ-ի համար:
Մեր ունեցած հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Սա է մեր հայրենիքը և մենք պետք է կենտրոնանանք մեր հայրենիքը ուժեղացնելու, որպես պետություն զարգացնելու և նրա անկախությունն ու ինքնիշխանությունը ուժեղացնելու ուղղությամբ: Այո՛, մենք պետք է անցնենք այդ ճանապարհով, որովհետև կորսված հայրենիքի անդադար տեսլականը մի բանի համար է՝ որ այդպես էլ չկենտրոնանանք պետություն ունենալու անհրաժեշտության առաջ: Մեր խնդիրը հիմա այս տեսլականից դուրս բերելն է, և մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով»,- ասել է վարչապետը:
comment.count (0)