azatutyun.am: Վաշինգտոնը կոչ է անում Վրաստանի կառավարությանը հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից և վերադառնալ եվրատլանտյան ուղի՝ հակառակ պարագայում չբացառելով հետագա հետևանքները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Վաշինգտոնը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ոչ թե ամրապնդել ավտորիտար առաջնորդների կողմից փառաբանվող քաղաքականությունը, այլ մտածել եվրատլանտյան հանրության հետ հարաբերությունների մասին։
«Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է ինտեգրում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Վրաստանի Սահմանադրությունը նախատեսում է այդ անդամակցության ձգտումը։ Բոլոր կուսակցությունները քարոզարշավ են իրականացրել ի պաշտպանություն այս նպատակի, սակայն իշխող կուսակցությունը ձեռնարկել է այս քաղաքականությանն անհամատեղելի միջոցներ», - հայտարարել է Միլլերը։
Նա վերահաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեկվա հայտարարությունը՝ նշելով, որ ընտրություններն անցել են խախտումներով, պետական ռեսուրսների չարաշահումներով, մրցակցային անհավասար պայմաններում։
«Մենք միանում ենք խախտումների մասին բոլոր հաղորդումների ամբողջական հետաքննության վերաբերյալ միջազգային և տեղական դիտորդների հայտարարություններին և կոչ ենք անում հարգել խոսքի հիմնարար ազատությունները և խաղաղ հավաքների իրավունքը», - եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի 26-ի էին։ Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը, որոշ ընդդիմադիր առաջնորդներ արդեն հայտարարել են մանդատներից հրաժարվելու որոշման մասին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ Երեկ նախագահականում ընդդիմադիրների հետ խորհրդակցություններ անցկացնելով՝ նախագահը հանրահավաք հրավիրեց: Երեկոյան ընդդիմադիրներն արդեն խորհրդարանի շենքի մոտ էին։
comment.count (0)