Արցախահայերը քաղաքացիություն չունեն․ Գերմանիայի դատարանի նախադեպային որոշումը
 |civilnet.am|
17:08 - 06 նոյեմբերի, 2024

Արցախահայերը քաղաքացիություն չունեն․ Գերմանիայի դատարանի նախադեպային որոշումը |civilnet.am|

civilnet.am: Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է որոշում, որով արցախցիներին համարում է քաղաքացիություն չունեցող անձինք։ Ընդունված որոշման մեջ ասվում է, որ նրանք չեն կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա լինելը։ Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ Սա նախադեպային որոշում է, որի ընդունման գործընթացում կարևոր դեր է ունեցել Հայ-գերմանական իրավաբանների միությունը, մասնավորապես՝ վարչության անդամ, փաստաբան Քրիստիան Մխիթարյանը։

ՍիվիլՆեթն այս որոշման նշանակության մասին զրուցել է Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանի հետ։

Արցախցիների դիմումները

Բռնի տեղահանումից հետո Արցախի շատ հայեր բնակություն հաստատեցին Հայաստանից դուրս, այդ թվում՝ Գերմանիայում։ Գերմանական դատարաններում փախստականի կարգավիճակ ստանալու համար բազմաթիվ դիմումներ կային։ Այս որոշումը նախադեպային է այն առումով, որ առաջին անգամ հաստատվեց հանգամանքը, որ արցախցիները քաղաքացիություն չունեցող անձինք են և չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ իրենց կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում՝ հաշվի առնելով հայերի նկատմամբ Ադրբեջանի ճնշումները։

Այս որոշումը կարող է օգտագործվել միջազգային տարբեր ատյաններում։ Ճիշտ է՝ այն ազգային դատական համակարգում ընդունված որոշում է, բայց սա խճանկարի մի մասնիկն է, որը կարելի է հետագայում ավելի մեծ ատյաններում օգտագործել՝ հայերի նկատմամբ ռասայական խտրականությունը ապացուցելու համար։ Սա շատ կարևոր ձեռքբերում և փաստագրում է։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ստացվեց, որ Գերմանիան, չճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նման որոշում կայացրեց, ապա այստեղ իրավական խնդիր չկա։ Արցախահայերը Ադրբեջանի քաղաքացի չեն, և չնայած Ադրբեջանի հավաստիացումներին, որ նրանք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վկայակոչել է Հայաստանի մոտեցումը՝ արցախցիների անձնագրերի 070 կոդը միայն ճամփորդելու հնարավորություն է տալիս։

Ընդհանուր առմամբ, Գերմանիայի քաղաքականության մեջ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ամենակարևորն այն է, որ ազգային դատարանը հաստատել է այն հանգամանքը, որ հայերի վերադարձը Արցախ չի կարող տեղի ունենալ, քանի որ նրանց կյանքին և առողջությանը այնտեղ վտանգ է սպառնում։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես այս որոշումը կանդրադառնա արցախահայության վերադարձի իրավունքի վրա երկարաժամկետ հեռանկարում՝ Պետրոսյանը նշում է, որ Գերմանիայի սովորական դատարանը չի կարող Ադրբեջանից երաշխիքներ պահանջել, այլ միայն կարող է տրամադրել փախստականի կարգավիճակ։

Այս որոշումը նրանով է նաև կարևոր, որ շուտով լինելու է Արդարադատության միջազգային դատարանի՝ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը՝ Ադրբեջանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ։ Կարևոր է, որ դատարանին ինչ-որ ձևով հասանելի լինի Գերմանիայի դատական համակարգի փաստագրումը։

Նիստը տեղի կունենա 2024-ի նոյեմբերի 12-ին։ 2021-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ:

Որոշման ազդեցությունը

Բնական է, որ այս նախադեպը ազդեցություն է ունենալու նաև այլ գործերի վրա, այսինքն՝ մնացած դատական գործընթացներում դատավորները հաշվի են առնելու այս նախադեպը։ Նաև Գերմանիայի մնացած հողերի դատավորներն են պարտավոր իրենց գործերը քննելիս հաշվի առնել այս որոշումը։

Սա կարող է հանգեցնել նման որոշումների կայացման եվրոպական այլ երկրներում ևս։ Գերմանական դատական համակարգը անաչառության համբավ ունի։ Այլ պետություններ իրենց գործերը քննելիս կարող են հաշվի առնել, որ Գերմանիայում նման որոշում է ընդունվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել