civilnet.am: Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 12-ին, կքննարկի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հարցը։ Նախագիծը խորհրդարան է բերել ընդդիմադիր 30 պատգամավոր։
«Ադրբեջանական ագրեսիայի և արցախահայության բռնի տեղահանման հետևանքով ավելի քան մեկ տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի Հանրապետության բազմաթիվ հայազգի քաղաքացիներ, իրենց տունն ու հայրենիքը պաշտպանող անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Բաքվի բանտում մեր հայրենակիցներին պահելն ու խոշտանգելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչև այժմ, այլև առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ»,- նշված է նախագծում։
Ըստ խորհրդարանի պատգամավորների՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի (COP29) անցկացմանը զուգընթաց Հայաստանի Ազգային ժողովը պարտավոր է վերաբերմունք արտահայտել գերիների նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ։
Ընդդիմադիր պատգամավորների համոզմամբ՝ Հայաստանը պետք է պահանջի Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել գերեվարված և պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր գերիների վերադարձը:
Նախատեսվում է նաև Ազգային ժողովի հայտարարության տեքստ քննարկել ու քվեարկել։
Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։
23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:
comment.count (0)