armenpress.am: Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ:
Այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը:
«Հայ–ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող է և պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր: Սրանք հարցեր են, որոնցից ոչ ռուսական կողմը, ոչ մենք չենք խուսափում, և պետք է չխուսափենք»,–ասաց Պապիկյանը:
Նա հիշեցրեց՝ Ֆինանսների նախարարը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որով մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պետք է պակասեցվի: «Կդժվարանամ ասել՝ այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել: Պետք է ասեմ, որ սա միակ ընթացիկ պայմանագիրը չի եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև: Բնական է՝ կան պարտավորություններ, որոնք ուշացումների բերումով կարող են ունենալ իրենց պայմանագրային հետևանքները՝ տույժ–տուգանքներ և այլն: Սակայն նաև պայմանագրեր կան, որոնք պատշաճ կատարվում են»,–ասաց Պապիկյանը՝ դրա մասին մանրամասներ չհայտնելով:
Դեռ 2024–ի հունիսին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է չմատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2021 կամ 2022 թվականներին:
comment.count (0)