azatutyun.am: Ռուսական կողմը չի բացառում առաջիկա մի քանի օրվա ընթացքում շփումները ԱՄՆ ներկայացուցիչների հետ, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ առանց օրը հստակեցնելու։
«Մենք չենք բացառում առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները», - ասել է Զախարովան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 11-ին Ջիդդայում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարեց, որ ԱՄՆ պատվիրակներն Ուկրաինայի հարցով «այսօր կամ վաղը» կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։
Bloomberg-ը, CBS-ը, Fox News-ը և Axios-ը, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնեցին, որ այս շաբաթ նախատեսվում է Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Ռուսաստան։ Դոնալդ Թրամփն էլ, ըստ Reuters-ի, հույս է հայտնել, որ այս շաբաթ կխոսի Պուտինի հետ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, թե «գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է»։
Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցություններից հետո Վաշինգտոնն ու Կիևը համատեղ հայտարարեցին, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։
Ի պատասխան՝ Վաշինգտոնը խոստացել է Կիևին անհապաղ վերացնել հետախուզական տվյալների փոխանակման արգելքը և վերականգնել ռազմական օգնությունը։
comment.count (0)