azatutyun.am: «Այսօր կապ կհաստատենք Ռուսաստանի հետ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ ձեռքբերված համաձայնության հարցով», - Սաուդյան Արաբիայից վերադառնալու ճանապարհին, իռլանդական Շենոնի օդանավակայանում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
BBC-ի փոխանցմամաբ՝ նա ընդգծել է, որ ռուսական դիրքորոշումը պարզ կդառնա առաջիկա օրերին և մերժումը ուժգին ազդակ կլինի։
«Մենք պատրաստվում ենք ռուսական կողմին ուղիղ ասել, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները և անհապաղ սկսել պատերազմի դադարեցման բանակցությունները, ու կտեսնենք, թե ինչ արձագանք կա, եթե ասեն՝ այո, ուրեմն խաղաղության իրական հնարավորություն կա», - լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ըստ Ռուբիոյի՝ եթե արձագանքը «ոչ» լինի՝ «դա շատ բան կասի նրանց ծրագրերի ու նպատակների մասին»։
Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Կրեմլի խոսնակն էլ ասել է, որ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ ԱՄՆ-ից չեն ստացել մանրամասն տեղեկատվություն Ջիդդայում անցկացված բանակցությունների վերաբերյալ։
comment.count (0)