Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին
19:05 - 27 նոյեմբերի, 2020

Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջել կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։

Կենտրոնի ընթերցասրահում տեղի է ունեցել նաև անկեղծ զրույց, որի ընթացքում տղաները պատմել են իրենց մարտական ուղու մասին, բարձրացրել իրենց հուզող հարցերը, դիտարկումներ արել ինչպես բանակի ու պատերազմի, այնպես էլ երկրի առաջ ծառացած խնդիրների մասին:

Կենտրոնում վերականգնվող արցախցի զինվորական Արթուր Աբրահամյանը պատմել է, որ աներկբա որոշում ունի՝ վերադառնալ Արցախ ու զրոյից սկսել կառուցել իր տունը, բանակը, երկիրը, միասնական, համերաշխ ու հաստատակամ լինել նորից հաղթելու համար:

Աննա Հակոբյանը լսել է բոլորին, պատասխանել հարցերին և, ի դեմս հանդիպման ներկաների, հավաստիացրել, որ բոլոր վիրավորներն ու տուժածներն իրենց կյանքի որակի բարձրացման համար ստանալու են անհրաժեշտ բուժօգնություն, բոլորը լինելու են հոգածության տակ:

«Ինձ համար կարևոր է ինչպես զինվորների ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ամրությունը: Օր առաջ սկսելու ենք ձեր վերականգնումը, դրանում չկասկածե՛ք»,- նշել է Հակոբյանը:

«Զինվորները շնորհակալություն հայտնեցին կենտրոնի անձնակազմի, բժիշկների մասնագիտական ու մարդկային որակների, ստացած ջերմության համար: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի աշխատանքները համակարգող «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ներկայացրեցին կատարված և ընթացիկ աշխատանքը, բարձրացրեցին խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել