hetq.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին։ Վերջինս անցկացվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կնոջ՝ Օլենա Զելենսկիի նախաձեռնությամբ։
Ինչպես նշվում է գագաթնաժողովի պաշտոնական կայքէջում, Աննա Հակոբյանը կմասնակցի 3-րդ պանելային քննարկմանը, որի թեման ապագայի սերունդն ու հոգեկան առողջությունն է։ Պանելը կվարի Theirworld բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և նախագահ Սառա Բրաունը։ Աննա Հակոբյանից զատ, պանելային այդ քննարկմանը կմասնակցեն նաև Էստոնիայի առաջին տիկին Սիրյե Կարիսը, Սերբիայի առաջին տիկին Տամարա Վուչիչը, Սլովակիայի նախագահի զուգընկեր Յուրայ Ռիզմանը, հոգեբան Նատալյա Պիդլիսնան, ուկրաինացի սթենդափ կատակերգու և կամավոր Վասիլ Բայդակը, ինչպես նաև դերասան Ռիչարդ Գիրը, որը պանելային քննարկմանը կմիանա առցանց։
Ինչպես նշվում է պանելային քննարկման նկարագրության մեջ, կքննարկվի դեռահասների թվային խնդիրները, թե ինչ սպառնալիքներ ու հնարավորություններ է տալիս թվայնացումը, ինչպես նաև դրա ազդեցությունը դեռահասների հոգեկան առողջության վրա։
Սա այս ձևաչափով արդեն երրորդ գագաթնաժողովն է։ Նախորդ երկուսը տեղի էին ունեցել 2021 և 2022 թվականներին։ Ընդհանուր գագաթնաժողովի թեման այս տարի հոգեկան առողջությունն է։ Գագաթնաժողովի նախաձեռնությունն Ուկրաինայի նախագահի տիկնոջինն է, որը ևս այս տարի կհյուրընկալի այն։
Մասնակիցների ցանկում են նաև գրող Սթիվեն Ֆրայը, դերասան Շոն Փենը, The Economist-ի գլխավոր խմբագիր Զենի Մինթոն Բեդոուսը, Լիտվայի, Չեխիայի, Դանիայի, Ավստրիայի, Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի առաջին տիկինները, Սլովենիայի նախագահի ամուսինը։
comment.count (0)