Օնիկ Գասպարյանի տեղակալը ՔԿ-ում քննվող գործով ներգրավված է որպես մեղադրյալ |armlur.am|
13:27 - 06 մարտի, 2021

Օնիկ Գասպարյանի տեղակալը ՔԿ-ում քննվող գործով ներգրավված է որպես մեղադրյալ |armlur.am|

armlur.am: ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ:

Այդ մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես, հարցում ուղարկելով՝ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե կա արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործ, կոնկրետ ինչ քրեական գործի մասին է խոսքը, ՀՀ քրեական օրենսգրքի ինչ հատկանիշներով է հարուցվել այն, արդյոք Անդրանիկ Մակարյանը հարցաքննվել է այդ գործի շրջանակներում եւ ինչ կարգավիճակով։ Այս հարցերին պատասխան է եկել միայն այն մասով, որ Մակարյանը ներգրավվել է գործով որպես մեղադրյալ:

Դատախազությունը հրաժարվել է այլ տեղեկություն տրամադրել գործի մասին՝ դա համարելով նախաքննական գաղտնիք: Նկատենք, որ Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու: Փաստորեն, Մակարյանը մտահոգվելու առիթ ունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել