«Սևան ազգային պարկի» հողերի վրա զոռբայությամբ կառուցված դղյակներն ապամոնտաժվում են. նախարար |armenpress.am|
18:45 - 18 մարտի, 2021

«Սևան ազգային պարկի» հողերի վրա զոռբայությամբ կառուցված դղյակներն ապամոնտաժվում են. նախարար |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի փետրվարից մինչ օրս Սևանի ափամերձ տարածքներից ապամոնտաժվել են մոտ երեք տասնյակ շինություններ, որոնք չունեն այդտեղ գտնվելու իրավական փաստաթուղթ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս փուլում ապամոնտաժումը, քանդումը և ափից հեռացումը կատարվում է բացառապես «Սևան ազգային պարկի» տնօրինման տակ գտնվող հողերի վրա առանց որևէ տեսակի իրավունքի, զոռբայության արդյունքում կառուցած դղյակների, շենք-շինությունների, պարիսպների կցակառույցներին և տաղավարների նկատմամբ։ «Սևան ազգային պարկը»՝ որպես պետական ինստիտուտ, իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում իր տարածքները կարող է պարզապես ազատագրել և վերադարձնել իր տնօրինման տակ։ Որևէ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հաջորդ փուլով կապամոնտաժվեն կառուցապատման կամ վարձակալության որոշ թղթեր ունեցող տնտեսվարողների տարածքները, որոնք բոլոր դեպքերում կառուցված են իրավախախտումներով։

 

«Մենք իրենց ծանուցելու ենք նախապես և ժամանակ ենք տրամադրելու՝ եթե իրենց ձեռքով իրենց ապօրինի շինությունները չեն ապամոնտաժի, այդ դեպքում՝ արդեն օրենքով սահմանված կարգով «Սևան ազգային պարկը» սեփական միջոցներով կապամոնտաժի և դատական կարգով բռնագանձման հայց կներկայացնի դատարան՝ բռնագրավելու այն միջոցները, որոնք ծախսվել են ապամոնտաժելու վրա»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Ըստ նախարարի՝ երբ հերթը հասնի թույլատրելի նիշից ներքև կառուցված, բայց պետական գրանցում ունեցող տիրապետմանը, այդ ժամանակ փոխհատուցման հարց կարող է քննարկվել: «Դա պետք է վիճարկենք բացառապես դատական կարգով և օրենքով սահմանված այլ ընթացակարգերով»,- ասաց նա:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել