Հիմա ավելի շատ հնարավորություններ ենք տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար․ Փաշինյան
12:56 - 08 հունիսի, 2021

Հիմա ավելի շատ հնարավորություններ ենք տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար․ Փաշինյան

«Ինչու՞ եմ ասում՝ վերահաստատենք ժողովրդի իշխանությունը, որովհետև մենք ձեզնից ստացած իշխանությունը վերադարձրել ենք ձեզ։ Այս ընթացքում ձեզ հայտնի ուժերը ուզում էին խլել իշխանությունը, բայց այդ իշխանությունը մենք ամեն գնով պահել ենք։ Ոչ թե մեզ համար, այլ պահել ենք ձեզ համար, որ մենք այսօր ձեզ վերադարձնենք իշխանությունը։ Եվ այսօր իշխանությունը ամենևին այս հարթակում կանգնածները չեն, այսօր իշխանությունը հրապարակում կանգնածներն են, որովհետև դուք որոշելու եք քաղաքական ուժերի քաղաքական ճակատագիրը»։

Փաշինյանը նաև ասաց՝ այսօր ավելի շատ հնարավորություններ է տեսնում Արցախի հարցը իրենց պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան դա գոյություն ուներ 4 տարի առաջ։ «Ես տարօրինակ բան եմ ասում, բայց հավատացեք իմ այս արձանագրմանը, և ես ավելի մանրամասն չեմ կարող ասել էլի նույն պատճառով, ինչ պատճառով 2018թ․-ին, 2019 թ.-ին չէի կարող մանրամասն ասել բանակցային բովանդակության մասին։ Միայն երկու բան կարող եմ ասել։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար բանակցային գործընթացի վերակագնման անհրաժեշտությունը և մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից հետո «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորությունները էականորեն մեծացել են և մեզ անհրաժեշտ է հետևողական աշխատանք այս ուղղությամբ»։

Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ հաջորդ խնդիրը, որ կենսական նշանակություն ունի գերիների վերադարձի հարցն է։ «Երեկ իմ ասած մի նախադասություն երեկվանից այսօր մեր ընդդիմախոսները շահարկում են, որ ես ասել եմ՝ մեր գերիները մեկ երկու ամիս ուշացումով վերադարձը մեզ կներեն, բայց  նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը։ Եթե մեր գերիները վերադարձած լինեին բոլորով 2 ամիս առաջ, նրանք էլի մեկ երկու ամսի ուշացումով վերադարձած կլինեին։ Բոլոր նրանք, ովքեր վերադարձել են, օրինակ, ապրիլին, բոլորը վերադարձել են առնվազն 1-2 ամիս ուշացումով, 3 ամիս ուշացումով։ Եվ ես միշտ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ՝ ձեզ երբեք չեմ խաբի։ Մենակ մի դեպք է եղել, երբ ես գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամին ասել եմ՝ վաղը այստեղ է լինելու ձեր հարազատը, որովհետև եղել են բոլոր պայմանավորվածությունները, հավաստաիցումները եղել են, և դա ինձ համար դաս է եղել, որ ես այլևս երբեք ժամկետ չասեմ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել