ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

 |armenpress.am|
18:27 - 03 օգոստոսի,2021

ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց 2014-ին Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպանված եզդիների հիշատակը:

ԱԺ նիստում ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասաց. «Օգոստոսի 3-ին ամբողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից ցեղասպանության ենթարկված և գազանաբար սպանված տասնյակ հազարավոր եզդիների հիշատակին»:

Խորհրդարանը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Բաքոյանը շարունակեց. «Մեր ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որն ուղեկցվեց հրեշավոր գործողություններով, որոնք իրենց ծանր ազդեցությունն ունեցան և այժմ էլ ունեն մեր ազգային հիշողության, մտածելակերպի, ինքնության և դրա հետագա պահպանման վրա, առ այսօր շարունակում է վերքի նման զգացնել տալ, քանի դեռ միջազգային հանրության կողմից ճանաչման, դատապարտման, փոխհատուցման չեն հասել»:

Նա, հիշելով և ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին, հարկ համարեց ևս մեկ անգամ կարևորել ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունն ու հրամայականը, ինչն ուղղված է հետագայում նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը: «Ուստի, եթե 1915-ի կատարվածը միջազգային հանրության կողմից արժանանար ճիշտ գնահատականի, 2014-ին եզդիների նկատմամբ տեղի ունեցածը չէր լինի, քանի որ ցեղասպանությունը ցեղասպանություն է ծնում»,- ասաց Բաքոյանը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել