armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից քաղաքական առաջարկ, քաղաքական պահանջ չի լսել:
Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում:
«Ես չգիտեմ, թե ինչ պահանջի մասին է խոսքը: Առաջարկը ո՞րն է: Ես քաղաքական առաջարկ չեմ լսել: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ: Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ շարժումը պահանջում է դադարեցնել միակողմանի զիջումները՝ ԱԺ նախագահը վստահեցրեց, որ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, ՀՀ-ն ֆիքսում է իր սահմանը, և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր: «Իսկ այդ քարտեզներին և իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը:
Սիմոնյանը Հայաստանում իշխանափոխության վտանգ չի տեսնում: «Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն հնարավոր է միայն խորհրդարանական ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026 թվականին»,-նշեց նա:
ԱԺ նախագահը պնդեց՝ շարժման կողմից քաղաքական առաջարկ չի լսել: «Ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է: Մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչո՞վ ենք զբաղված: Քաղաքացին պետք է առաջարկ ունենա: Երբ ինչ-որ մեկն ասում է, որ դեմ է սրան, պետք է առաջարկ ներկայացնի»,-ասաց նա:
Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին: «Հայաստանի ժողովուրդը գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամների դիտարկել որպես քաղաքական գործիչ, ինչն՝ ըստ իս, անընդունելի է: Եվ ժողովուրդը հասկանում է, որ եկեղեցին, Աստված հույզերը, այն էմոցիաները, որ ունենք որպես քրիստոնյա մարդիկ և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են: Ես չեմ հավատում, որ Հայաստանի ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»,- նշեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը Տավուշից մեկնարկած գործընթացում նաև արտաքին հետք է տեսնում:
Հիշեցնենք, օրեր շարունակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ Սրբազանը, ընդդիմադիր պատգամավորներ եւ այլ գործիչներ Տավուշի մարզում բնակիչների հետ իրականացնում էին ակցիա՝ դեմ արտահայտվելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին։ Արդեն մայիսի 4-ին նրանք հայտարարեցին քայլերթ սկսելու եւ մայիսին 9-ին քայլերթով Երեւան հասնելու մասին։
comment.count (0)