Մարինա խաչատրյանի պնդումները սխալ են․ COVID-19-ի դեմ պատվաստված անձը երկրորդ դեղաչափի ընդունումից 10 օր անց կարող է դառնալ արյան դոնոր
11:51 - 28 սեպտեմբերի, 2021

Մարինա խաչատրյանի պնդումները սխալ են․ COVID-19-ի դեմ պատվաստված անձը երկրորդ դեղաչափի ընդունումից 10 օր անց կարող է դառնալ արյան դոնոր

2021 օգոստոսի 18-ին politik.am լրատվականը հրապարակել էր «Սարսափելի հանցագործություն է կատարվում․ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության փորձ․ ինչ է կատարվում» վերտառությամբ մի տեսանյութ, որտեղ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը պնդում է, թե Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից իր հարցմանն ի պատասխան նշել են, որ պատվաստված քաղաքացիները նվազագույնը 6 ամիս չեն կարող արյան դոնոր հանդիսանալ։ 

Խաչատրյանը հարց է բարձրացնում՝ եթե կորոնավիրուսի դեմ պատվաստվի քաղաքացիների 80 տոկոսը, եւ Հայաստանի դեմ կրկին պատերազմ սանձազերծվի, ովքե՞ր են արյան դոնոր հանդիսանալու։ Նա հորդորում էր, որ բանակում զինվոր ունեցող ծնողները չպատվաստվեն, որպեսզի հետագայում անհրաժեշտության դեպքում կարողանան իրենց երեխաների համար դոնոր հանդիսանալ։ 

Infocom.am-ը փորձեց պարզել, թե որքանով են Խաչատրյանի պնդումները ճիշտ։ Մենք զրուցեինք Արյուանաբանական կենտրոնի Արյան Բանկի փոխտնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ։

Վերջինս մեր զրույցում նշեց, որ շրջանառվող պնդումներն ամենեւին իրականությանը չեն համապատասխանում։ Մեր հարցին, թե պատվաստվելուց քանի օր հետո կարող է անձը հանդիսնալ դոնոր, Հակոբյանը պատասխանեց, որ արյունաբանականում պահվում է պատվաստումից 10 օր հետո արյուն հանձնելու ժամկետը, բայց իրենք սպասում են նախարարի հրամանին, որով հստակ ժամկետներ կսահմանվեն։

«Արյան բանկում լրացումներ անելու կարիք ամեն օր կա, որովհետեւ մենք պարտավոր ենք ունենալ մեր անձեռնմխելի պաշարը։ Ցավոք սրտի, արյան կարիք ամեն օր կա, դրա համար մենք պետք է ամեն օր աշխատենք եւ լրացնենք պաշարը»,- ասաց Հակոբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե այս պահին ինչ հագեցվածություն ունի արյան բանկը։ 

Հակոբյանը տեղեկացրեց, որ գրավոր որեւէ նման նյութ չկա, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է խանգարել արյան դոնոր հանդիսանալուն, նման փաստարկներ չեն ներկայացվել նաեւ այլ երկրներում։ Հակոբյանը շեշտեց, որ, ամեն դեպքում, պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդունումից հետո մարդուց արյուն չեն վերցնում, իսկ երկրորդ դեղաչափ ստանալուց միայն 10 օր հետո անձը կարող է դոնոր դառնալ․ սա արվում է ապահովության համար։ Հակոբյանի համոզմամբ՝ այս դեպքում որեւէ բարդություն չի առաջանա։ 

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսով վարակված մարդկանց՝ նրանք ոչ մի կերպ չեն կարող դառնալ դոնոր, չափվում է մարդկանց ջերմությունը, զննում են անցնում, եւ եթե մարդը վարակված է կորոնավիրուսով, ապա չի կարող դառնալ դոնոր։ Եթե կորնովիրուսով վարակված մարդը հիվանդությունը տարել է թեթեւ, ոտքի վրա, առանց մեծ քանակի դեղորայք օգտագործելու, առանց հակաբիոտիկների, բուժվելուց մեկ ամիս հետո կարող է դառնալ դոնոր, սակայն այդ դեպքում նույնպես անցնում են թերապեւտիկ լուրջ զննում։ Եթե վարակվածությունն ընթացել է ծանր՝ արհեստական շրչառություն, մեծ քանակությամբ հակաբիոտիկների եւ դեղերի ընդունում, ապա 6 ամիս արգելում ենք արյուն հանձնել»,- հավելեց Հակոբյանը։

Վերջինս հերքեց նաեւ, թե արյունաբանականից երբեւէ չի նշվել, թե պատվաստվող քաղաքացին 6 ամիս դոնոր չի կարող դառնալ։ Հակոբյանը շեշտեց, որ իր անձնակազմը չի կարող նման պատասխան տալ՝ մինչեւ իրենից չստանա որեւէ ցուցում։

«Այստեղ ամենակարեւորն այն է, որ եթե մարդը գալիս է արյուն հանձնելու, գիտակցի, որ պետք է լինի անկեղծ, ասի ճիշտը, չպետք է թաքցնի որեւէ տվյալ, որը կարող է վնասել իրեն կամ այն անձին, ում ներարկվելու է արյունը»,- եզրափակեց Հակոբյանը։

Ասպրամ Փարսադանյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել