ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
12:44 - 05 հոկտեմբերի, 2021

ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

Ողջունելով դեսպանին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ եւ հայտնել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձեւավորված արդեն 30-ամյա գործընկերային հարաբերությունների ավանդույթների վրա:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների եւ ձեռներեցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաեւ արժեւորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել