Արցախում քաղաքացու՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ տվյալները կեղծվել են.ԱԱԾ
18:08 - 08 դեկտեմբերի, 2021

Արցախում քաղաքացու՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ տվյալները կեղծվել են.ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կորոնավիրուսի դեմ պատվաստվելը կեղծելու դեպք է բացահայտել: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ընթացիկ տարվա նոյեմբերին ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ այն մասին, որ «ԱՐՄԵԴ» առողջապահության միասնական տեղեկատվական համակարգում առկա են տեղեկություններ այն մասին, որ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն 15.07.2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութով, իսկ որպես պատվաստման վայր նշված է ԼՂՀ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, սակայն նշված օրը Ա.Ա.-ն գտնվել է ԱՀ սահմաններից դուրս:

Ձեռնարկված քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն 2021թ. հուլիսի 8-ից օգոստոսի 5-ը գտնվել էր Ռուսաստանի Դաշնությունում և նշված ժամանակահատվածում գործող՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԳԱՄ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ» (Սպուտնիկ-V) պատվաստանյութի կիրառման ուղեցույցով սահմանված ընթացակարգով չի պատվաստվել, մինչդեռ բուժհաստատությունում վարվող՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող պատվաստումների մատյանում անհայտ անձի կողմից կատարվել է գրառում Ա.Ա.-ի կողմից «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին չափաբաժինը՝ 03.07.2021թ.-ին, իսկ երկրորդ չափաբաժինը՝ 24.07.2021թ.-ին ստանալու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ԱՀ ԱԱԾ կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել