Հայ-ռուսական համալսարանը պատրաստ է ընդունել եվրոպական բուհերից հեռացված ռուս ուսանողներին․ Արմեն Դարբինյան
13:21 - 01 մարտի, 2022

Հայ-ռուսական համալսարանը պատրաստ է ընդունել եվրոպական բուհերից հեռացված ռուս ուսանողներին․ Արմեն Դարբինյան

Հայ-ռուսական համալսարանը պատրաստ է ընդունել Եվրոպայում սովորող այն ռուս ուսանողներին, ովքեր ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով խնդիրների առաջ են կանգնել։

Բանն այն է, որ Եվրոպական որոշ բուհեր սկսել են հեռացնել ռուս ուսանողներին։ Այս մասին երեկ հայտնել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան։ Թե քանիսն են հեռացված ուսանողները, առայժմ հայտնի չէ։

Անդրադառնալով այս հանգամանքին՝ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պաշտոնապես հայտարարում եմ Հայ-ռուսական համալսարանի պատրաստակամությունը տեղափոխելու եւ ընդունելու ռուս ուսանողներին, ովքեր ճնշված են Եվրոպայում վերջին իրադարձությունների հետ կապված... Անընդունելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Կրկնակի ցավալի է, եթե նման բան Եվրոպայում թույլ են տվել»,- նշել է նա։

Դարբինյանը հայտնել է, որ կոնկրետ առաջարկներով այսօր դիմելու է ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովային։

Ավելի վաղ ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել էր, որ արտասահմանյան բուհերից հեռացված եւ իրենց իրավունքների ոտնահարմանը բախված ուսանողները Ռուսաստանի առաջատար բուհերում ուսումն անվճար կշարունակեն։ Ըստ նախարարության՝ այդպիսի բուհերից են Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանը, Բաումանի անվան Մոսկվայի պետական ​​պոլիտեխնիկական համալսարանը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը, Ազգային Հետազոտական ​​Համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանը եւ այլն։

Դիմելու կարգի վերաբերյալ ՌԴ նախարարության հաղորդագրությունը՝ այստեղ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել