Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանը «Առաջին ալիքի» խախտումների վերաբերյալ |fip.am|
19:19 - 23 մարտի, 2022

Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանը «Առաջին ալիքի» խախտումների վերաբերյալ |fip.am|

fip.am: Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց» հաղորդաշարի առանձին հաղորդումների շրջանակներում Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր Ռուսաստանի պետդումայի պատգամավորներ Կոնստանտին Զատուլինին, Վիտալի Միլոնովին և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Այս հարցազրույցները հանրայինի եթերում հեռարձակվեցին ռուսերենով, առանց համաժամանակյա թարգմանության կամ ենթագրերի, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը։

«Փաստերի ստուգման հարթակը» անդրադառնալով այս հաղորդումներին՝ փաստեց, որ Հանրայինը խախտվել է «Լեզվի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքները, քանի որ դրանց համաձայն՝ Հայաստանում հեռարձակվող հաղորդումները պետք է լինեն հայերեն կամ ապահովվեն դրանց հայերեն թարգմանությունները (կրկնօրինակում, հնչյունավորում և (կամ) ենթագրեր):

Թեմայով պարզաբանում էինք խնդրել նաև Հանրային հեռուստաընկերության կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից։ 

Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից «Փաստերի ստուգման հարթակին» տրված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։

  1. Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի «Առաջին ալիք» և «Լրատվական ալիք» տեսալսողական ծրագրերի եթերում սույն թվականի փետրվարի 25-ին ժամը 21:15-ին, մարտի 2-ին ժամը 20:50-ին և մարտի 3-ին ժամը 20:45-ին «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» օտարալեզու հաղորդումները հեռարձակվել են առանց հայերեն ընկալման միջոցներն ապահովելու: 
  2. «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» կողմից առերևույթ չեն պահպանվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2 րդ մասի բ) կետով ամրագրված պահանջները։ 
  3. Հանրային հեռարձակողի խորհուրդը կատարված խախտման վերաբերյալ ստացել է հեռուստաընկերության պարզաբանումը, որտեղ նշված է. Ցանկանում ենք տեղեկացնել, որ այս հարցազրույցները հեռացվել են Հանրային հեռուստաընկերության և Առաջին լրատվական ալիքի կայք-էջերի հայերեն բաժիններից և տեղափոխվել ռուսերեն բաժիններում: Վերահաստատում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը մշտապես հետամուտ է եղել և կլինի «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջին: 

Վստահեցնում ենք, որ նման դեպքերի բացառման ուղղությամբ կարվի հնարավորը՝ համատեղելով օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու հանձնառությունը և օրենքի տառին հետևելու պահանջը։ 

Հանրային հեռարձակողի խորհուրդը հեռուստաընկերության ղեկավարությանը հորդորել է սահմանել լրացուցիչ կանոնակարգ՝ ժամանակի սղության պայմաններում օտարալեզու հաղորդումները հայերեն ենթագրերով ապահովելու վերաբերյալ։ 

Հավելենք, որ Հանրայինի «Լուրերի» տնօրինությունից նշված երեք խախտումների դեպքում թարգմանության բացակայությունը պատճառաբանել էին ժամանակի սղությամբ։ Արդեն մարտի 18-ին հեռարձակված, ըստ էության նույն ռեժիմով նկարահանված հաղորդման մեջ Պետրոս Ղազարյանն իր անգլախոս հյուրին հարցերն ուղղում է հայերենով, իսկ ստացված պատասխանը թարգմանված է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել