«Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում. ԱԺ-ն ընդունեց այս և մի շարք այլ նախագծեր
 |1lurer.am|
11:43 - 02 մայիսի, 2024

«Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում. ԱԺ-ն ընդունեց այս և մի շարք այլ նախագծեր |1lurer.am|

1lurer.am: Մայիսի 2-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստին քվեարկության դրվեցին և ընդունվեցին առաջին ու երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք նախագծեր:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր Կառավարության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն փոփոխություններ կլինեն խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով Հանրային հեռարձակողին հնարավորություն տրվեց ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի: Ըստ այդմ՝ «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում:

Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Օրակարգում են նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2022-2023 թվականների գործունեության մասին հաղորդումը, 2023-ի ընթացքում ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վերջինս ապրիլի 30-ին օրակարգից հանվել էր ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանի առողջական խնդիրների պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել