Երեկ հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը երթով շարժվում է դեպի Հանրային Հեռուստաընկերություն՝ եթեր պահանջելու։
Հանրային հեռուստաընկերությունից հայտնել էին, որ շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։
Ավելի ուշ շարժման առաջնորդների և Հանրային հեռուստաընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, համաձայն որի՝ նախատեսված ուղիղ եթերի ընթացքում Բագրատ Սրբազանը 12 րոպե ունեցավ ուղերձ հղելու համար, տեղի ունեցավ նաև հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ։
Նա, ուղերձով դիմելով ժողովրդին, հայտարարեց առաջիկա կիրակի օրը նախատեսվող հանրահավաքի մասին։ Նա նշեց՝ կշարունակեն պայքարը, որ «դարձել է որոշակի իմաստով նաև իշխանության վախերի ու սարսափների արտահայտողը»։
Բագրատ Սրբազանը նշեց՝ իրենք այլընտրանք չունեն, քան հաղթանակը, քանի որ «իշխանությունները և նրա ղեկավարը սպառել են անխտիր բոլոր հնարավորությունները»։
Դիմելով ժողովրդին՝ նա նշեց. «Ժամանակն է սթափվելու։ Հանձնվել է Արցախը, հանձնվել են տարածքներ մեր մարզերի սահմանային գրեթե բոլոր գոտիներից…հազարավոր զոհեր, դիմացը դեռ պահանջներին ենթարկվելու տրամադրություն գոյություն ունի, կեղծ խաղաղության մուրացիկ պայմանագիր կնքելու ցանկություն ու ձգտում, պարզապես լավ ապրելու կեղծ պատրանքային առաջարկներ՝ մոռանալու համար մեր հայրենիքը, իղձերն ու երազանքները, մոռանալու մեր նահատակներին»։
Հանրահավաքից հետո մեկնարկած երթն ավարտվեց Բագրատ Գալստանյանի՝ Հանրային ՀԸ-ի շենքից դուրս գալուց հետո։
Հայտարարվեց, որ Շարժման հետագա անելիքների մասին հայտարարություններ կլինեն։
comment.count (0)