Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ քառօրյային․ պատգամավորները կմեկնեն Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր
11:00 - 12 ապրիլի, 2022

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ քառօրյային․ պատգամավորները կմեկնեն Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ հերթական քառօրյային, այլ կմեկնեն Արցախի Հանրապետություն և ՀՀ սահմանամերձ մարզեր։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ նիստի մեկնարկին ասաց՝ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ միջազգային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով պայմանավորված. ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքում մեր հայրենակիցների կողմից նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել։ Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները, մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անընդունելի ենք համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Համոզված ենք, որ ՀՀ օրվա իշխանությունները անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրները»։ 

Օհանյանն ընդգծեց՝ վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով, կա սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը. «Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում են նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման»:

Նրա խոսքով` իրավիճակին անհամարժեք է արձագանքում խորհրդարանական մեծամասնությունը, բացարձակ ձեռնպահ կեցվածք է ընդունում, հատկապես, երբ հարցը վերաբերում է Արցախին․ «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը, հիմք ընդունելով Աժ կանոնակարգը, հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին, մենք մեկնում ենք Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման։ Լինելու ենք այնտեղ, որտեղ մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»։ Այնուհետև Օհանյանը ԱԺ ամբիոնին տեղադրեց Արցախի դրոշը։

Օհանյանի ելույթից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարեց, որ չեն մասնակցելու քառօրյա նիստերին և մեկնելու են Արցախ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել