tert.am: Ռուսաստանը շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ՝ կապված այս երկրի կողմից Սիրիայում ծրագրված ռազմական գործողության հետ և հույս ունի քաղաքական և դիվանագիտական միջոցներով համոզել Անկարային՝ հրաժարվել այն իրականացնելու ծրագրից: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Մենք դրա հույս ունենք»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին առ այն, թե հնարավո՞ր է Թուրքիային համոզել հրաժարվել Սիրիայում ծրագրվող գործողությունից։
«Մենք շարունակում ենք երկկողմ շփումները թուրք գործընկերների հետ, մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ»,- հավելել է Բոգդանովը։
Երկուշաբթի ավելի վաղ TGRT հեռուստաալիքը հայտնել էր, որ թուրքական բանակը լիովին պատրաստ է Սիրիայում անդրսահմանային գործողություն սկսելու և այն սկսելու հրամանի է սպասում։ Ինչպես հայտնի է, Թուրքիան պատրաստվում է Սիրիայում ռազմական գործողության, որն ուղղված է լինելու Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ:
comment.count (0)