«Կառավարման խնդիրների լուծումները պարտադիր չի, որ հենց կառավարման ձևի փոփոխությամբ արվեն». Եղիշե Կիրակոսյան
 |azatutyun.am|
17:12 - 05 հուլիսի, 2022

«Կառավարման խնդիրների լուծումները պարտադիր չի, որ հենց կառավարման ձևի փոփոխությամբ արվեն». Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներին չի կաշկանդում վարչապետի այսօրվա հայտարարությունը, թե Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը։

Խորհրդի փոխնախագահ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումն է հայտնել սահմանադրական բարեփոխումների խորհրդում և մասնագիտական հանձնաժողովում, սակայն, կառավարման ձևի մասին քննարկումները շարունակվում են. - «Որովհետև ունենք խորհրդի անդամներ և հանձնաժողովի անդամներ, ովքեր որ, օրինակ, բարձրացնում են նաև կառավարման ձևի քննարկման հարցը։ Նպատակահարմա՞ր է պահպանել կառավարման համակարգի պառլամենտական ձևը, թե՞ պետք է փոխենք նախագահական։ Չեմ կարծում, թե դա կաշկանդել է։ Ամեն դեպքում, ես պահի դրությամբ անձամբ ես էլ եմ կարծում, որ կառավարման ձևի հաճախակի փոփոխությունը ինքը ռիսկային է ամեն դեպքում՝ չնայած որ կարող ենք անհամաձայն լինել շատ հարցերի հետ։ Բայց ես արդեն իմ ելույթում էլ արդեն ասեցի, որ կառավարման խնդիրների լուծումները պարտադիր չի, որ հենց կառավարման ձևի փոփոխությամբ արվեն»։

Նույն տեսակետը հայտնեց խորհրդի անդամ, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը. - «Խորհուրդը պետք է քննարկի, հանձնաժողովը պետք է մասնագիտական պրպտումների, աշխատանքի և քննարկումների միջոցով բացահայտի պրոբլեմները, տրամադրի դրանց լուծման հնարավոր տարբերակները, խորհուրդը ևս քննարկի դրանք, և ներկայացնի։ Եթե կլինեն լավ լուծումներ, իսկ լավ լուծումներ չեն կարող չլինել, ապա պետք է քաղաքական ուժերը քննարկեն դա, այդ թվում նաև՝ վարչապետը և իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժը»։

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նախագահում է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Կես տարի առաջ վարչապետը հաստատել է խորհրդի կազմը, որը մինչև տարեվերջ նախ պետք է հաստատի հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և այն ներկայացնի վարչապետի աշխատակազմին: Ապա մինչև 2023 թվականի հունիսի 30-ը պետք է հաստատի հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և կրկին ներկայացնի վարչապետի աշխատակազմին։

Դեռ մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե պետք է աշխատեն հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ։ Սա Փաշինյանի կառավարության՝ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ մշակելու երկրորդ փորձն է։ Նման մի հանձնաժողով ստեղծվել էր դեռ 2020 թվականին, որի աշխատանքները պաշտոնական մեկնաբանությամբ ձախողվեցին քովիդի և պատերազմի պատճառով։ Երկու դեպքում էլ առանցքային հարցերից մեկը կառավարման համակարգի փոփոխությունն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել