news.am: Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրվելու է Հատիս լեռան վրա, որովհետեւ դիրքը շատ լավն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշվել Հիսուսի արձանը Հատիս լեռան վրա տեղադրվել։
«Ամբողջ Հայաստանից որտեղից էլ նայես՝ սա երեւում է, ինքներդ էլ եղաք այստեղ, տեսաք, թե ինչ դիրք ունի»,– ասաց Գագիկ Ծառուկյանը եւ նշեց, քանի որ խոսակցություններ են եղել, թե պետք չէ, որ արձանը լինի պատմամշակութային տարածքներում, իրեն ընտրել են ոչ պատմամշակութային տարածք։
Անդրադառնալով հարցին, թե որոշ ժամանակ առաջ ասել էր, թե արձանի կառուցումը ոչ միայն հոգեւոր ուղերձ ունի, այլեւ ներքին հակասությունները հաղթահարելու հնարավորություն է, հիմա կարծո՞ւմ է, որ այդ ուղերձը տեղ է հասել, հաշվի առնելով արձանի շուրջ խոսակցությունները, Գագիկ Ծառուկյանն ասաց.
«Ուղերձը արդեն տեղ է հասել, ամենակարեւորը, որ մենք կարողանանք մեր ժողովրդին համախմբել, լինի հույս, հավատ, առանց հույսի ու հավատի ոչ մի բան չի լինելու, եթե կա հավատ, հույս, ամեն ինչն էլ իրականանալի է»։
Գագիկ Ծառուկյանը նախընտրեց չմեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը դեմ լինելու հանգամանքը։
Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ դեպի Հատիս լեռ ճանապարհը բարեկարգվելու է, բացի այդ՝ կառուցվելու է 5 կմ երկարությամբ ճոպանուղի։
«Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ-որ գործի, ուրեմն դա պետք է լինի ամենալավը, ամենահարմարավետը, մենք սա ամբողջ աշխարհին ենք ներկայացնելու»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։
Ծառուկյանը, սակայն, չասաց, թե արձանը տեղադրելու համար որքան ներդրում է կատարելու։
Ծառուկյանի խոսքով` արձանի առաջին հարկում լինելու է թանգարան, արձանի տարածքում ոչինչ չի լինելու, իսկ լեռան ներքեւում լինելու են քոթեջներ, սրճարաններ:
«Ինչ-որ անհրաժեշտ է, որ մարդիկ գան հարմարավետ զգան իրենց»,– ասաց նա։
comment.count (0)