Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կարծիքներին, ըստ որոնց՝ ԱԻՆ-ը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում արդյունավետ չի աշխատում․
«Այս հատվածը, որ մենք երրորդ և չորրորդ կետ ենք կոչում, ամբողջությամբ փակված էր։ Առավոտյան 6:50 ես այստեղ եմ եղել, և ամբողջությամբ բաց է եղել, այսինքն՝ եթե չիրականացվեին աշխատանքներ, չէր կարող բացվել ընդհանրապես։ Տեխնիկայի մասով․ մենք կատարել ենք հերթափոխ, նաև մարդկային հերթափոխ ենք իրականացրել, որպեսզի կարողանանք ուժերը խնայել և այսօր առավոտյան թարմ ուժերով մասնակցել։ Ոչ մի րոպե աշխատանքները չի դադարել, ոչ վայրկյան չի դադարել»։
Փամբուխչյանը հավելեց, որ իրենք աշխատանքներում նաև կամավորներին են ներգրավել․ «Մենք այսօր առավոտյան համալրել ենք նաև Տավուշի և Շիրակի մարզերից մեր քաղաքային որոնողափրկարարական ջոկատներով, որպեսզի ավելի ինտենսիվ զբաղվենք։ Հաշվի առնելով, որ ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն քաղաքացիներ, մենք չենք կարող այնպիսի գործողություն անել, որ ենթադրաբար վնասենք որևէ քաղաքացու»,-ասաց նա՝ հավելելով, որ օգտագործում են նաև կինոլոգիական ջոկատը։
Փամբուխչյանը նշեց նաև, որ նոր պայթյունի հավանականությունը շատ ցածր է, բայց շենքի փլուզման վտանգ կա։
Նախարարը նաև բացառեց այն տեսակետը, որի համաձայն տեղի ունեցածը ահաբեկչություն կարող է լինել․ «Պայթյունի տեսանյութը տեսնելով՝ պարզ է դառնում, որ խոսք չի կարող լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում և պայթյուն, այսինքն՝ ներսում ինչ-որ մի չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել։ Սա, ըստ ԱԻՆ-ի, 99%-անոց ճշմարտություն է»։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։
Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության
comment.count (0)