ԱԻ փոխնախարարը քիչ հավանական է համարում, որ որոնողափրկարարական աշխատանքները այսօր կավարտվեն
10:30 - 17 օգոստոսի, 2022

ԱԻ փոխնախարարը քիչ հավանական է համարում, որ որոնողափրկարարական աշխատանքները այսօր կավարտվեն

«Սուրմալու» առևտրի կենտրոնում ամբողջ գիշեր շարունակվել են և հիմա էլ շարունակվում են որոնողափրկարական աշխատանքները, կատարվում են նաև հովացման աշխատանքներ։ Այս մասին դեպքի վայրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կան 2 անհետ կորած քաղաքացիներ․ «16 զոհված քաղաքացիներից մեկի անձը նույնականացված չէ, եթե երկու անհետ կորած քաղաքացիներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա ունենք մեկ անհետ կորած քաղաքացի։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբար որոնողափրկարական աշխատանքներ ենք իրականացնելու այս եռահարկ շինության շատ մոտակա տարածքներում, որը լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն իմաստով, որ շենքի փլուզման վտանգ կա, շենքի անմիջական հարևանությամբ կան փլատակներ, հիմա մենք որոնողական աշխատանքներ փորձելու ենք իրականացնել փլատակաների շրջակայքում և փլատակների տակ»։

Փոխնախարարը ասաց նաև, որ մասնագետներ են հրավիրել նախարարության  սեյսմիկ ծառայությունից, ինչպես նաև մասնավոր ընկերությունից․ «Խորհրդատվություն ենք իրականացնում, թե ինչպես իրականացնենք որոնողափրկարարական աշխատանքները, որ հավելյալ վնաս չպատճառենք, նաև մեր մասնագետները չտուժեն որևէ կերպ»։ 

Գրիգորյանի խոսքով՝ քիչ հավանական է, որ այսօր աշխատանքները կավարտեն․ «Բայց չի բացառվում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք երբ կհայտնաբերենք քաղաքացուն»։
Նա նաև նշեց, որ աշխատանքներին մասնակցում են փրկարար շները․ «Մենք ունենք որոշակի տեղեկություններ, թե մոտավորապես որտեղ է գտնվելու, հիմա մեր փրկարար շները մեզ որոշակի նաև կհուշեն, թե որտեղ է պետք ման գալ։ Ըստ էության, այս շենքի հետնամասում և կողքի հատվածում, որի առաջին հարկից, որ տեղի է ունեցել հրդեհը և պայթյունը, մենք հիմնականում այդ տարածքում պետք է փնտրենք»։

Նա նաև տեղեկացրեց, որ փլատակաների մաքրման աշխատանքների 70%-ը իրականացվել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել