Ինֆոքոմ

ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ

ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ

ԱԺԲ-ի երեկվա ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ նրանց նկատմամբ կազմվել է կամ կազմվելու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից՝ նշելով, որ մյուս 8-ը ներկայացվել է Քննչական կոմիտե։  ՔԿ-ից տեղեկացրին, որ 7 անձ ձերբակալվել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։   Մյուս՝ 1 քաղաքացու հետ կապված դրվագի վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հավաք էր իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  Բևեռը հայտարարություն էր տարածել, նշելով, որ ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
14:26 - 25 ապրիլի, 2024
Հայ-ադրբեջանական սահմանին 10-12 կմ-ը արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև

Հայ-ադրբեջանական սահմանին 10-12 կմ-ը արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին 10-12 կմ-ը արդեն կարելի է սահմանազատված համարել։   Ըստ Իլհամ Ալիևի՝ երկու կողմերն էլ (Հայաստանն ու Ադրբեջանը-խմբ․) կառուցողական մոտեցում ունեն այս հարցում և եթե հաջորդ փուլում նույն մոտեցումը դրսևորվի, ապա հնարավոր կլինի շատ ավելի արագ առաջ շարժվել։ Նա նաեւ նշել է, որ «4 գյուղերի հատվածում սահմանազատում սկսելու առաջարկը Ադրբեջանինն է եղել»։ Հիշեցնենք,  որ օրեր առաջ վարչապետի աշխատակազմից հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»,- տեղեկացրել էին վարչապետի աշխատակազմից։ Ապրիլի 19-ից սահմանամերձ գյուղերի բնակիչները իրականացնում են բողոքի ակցիաներ՝ սահմանազատման որոշման դեմ։     
12:19 - 25 ապրիլի, 2024
Ալիևը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են Հայաստանի կողմից ԼՂ-ին վերաբերող կետը հանելուց հետո

Ալիևը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են Հայաստանի կողմից ԼՂ-ին վերաբերող կետը հանելուց հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, երկխոսության մասին։ Ալիևը կարծիք է հայտնել որ խաղաղ բանակցությունների գործընթացում լուրջ առաջընթացի գրանցելու մեծ հավանականություն կա։ Բանակցությունների մեկնարկի սկզբնական փուլին անդրադառնալով՝ հիշեցրել է, թե խաղաղ գործընթացի նախաձեռնողը Ադրբեջանն է եղել, սակայն Հայաստանը չի արձագանքել։ Ավելի ուշ Ադրբեջանը, Ալիևի խոսքով, հանդես է եկել խաղաղության համաձայնագրի 5 հիմնական սկզբունքների առաջարկով, և բանակցությունները սկսվել են հենց այդ սկզբունքների հիման վրա։  Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Հայաստանը այդ սկզբունքներին ավելացրել է այլ կետեր, ինչպես օրինակ, «Լեռնային Ղարաբաղի հարցը»։  «Սա էր հիմնական պատճառը, որ չկարողացանք առաջընթաց գրանցել։ Նրանք (հայկական կողմը-խմբ․) պնդում էին, որ այդ դրույթը ներառվի, ինչը մեզ համար բացարձակապես անընդունելի էր, և մենք գտանք, որ չենք կարող համաձայնության գալ»,- ասել է Իլհամ Ալիևը։  Ըստ Ալիևի՝ դա տևեց մինչև անցյալ տարվա սեպտեմբեր (Ադրբեջանը 2023թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ հարձակում սկսեց ընդդեմ Արցախի՝ տեղահանության ենթարկելով Արցախի շուրջ 120 հազար բնակչությանը)։ Ալիևը հիշեցրել է, որ այս տարվա սկզբին տեղի ունեցավ իր հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, ապա երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպեցին, և միայն հիմա կարելի է ասել, որ կողմերը մոտենում են իրական բանակցություններին։  Ալիևը պնդել է, թե «Ադրբեջանի կողմից երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  վերականգնումից հետո (Արցախի օկուպացիայից և արցախահայության տեղահանությունից հետո-խմբ․) Հայաստանը հանել է ԼՂ-ին վերաբերող կետը ևՂարաբաղ բառի ոչ մի ասպեկտ այլեւս չի նշում»։   Ադրբեջանի նախագահի խոսքով՝ 30 տարի հնարավոր չի եղել համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, այն ժամանակ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չի եղել, բայց հիմա այն կա և երկու կողմերն էլ ունեն խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու քաղաքական կամք։ 
11:03 - 25 ապրիլի, 2024
Ով կգա ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող, ներդրված մարդ է․ Բագրատ Սրբազան

Ով կգա ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող, ներդրված մարդ է․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է․ նա բնակիչներին հորդորեց, որ որեւէ ինքնագործունեություն տեղի չունենա։   «Ով կգա, զգացմունքով, ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող մարդ է, կապ չունի այս շարժման եւ իրադարձությունների հետ, բառիս բուն իմաստով ներդրված մարդիկ են»,- ասաց Սրբազանը։  Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի խոսքի ժամանակ երկու անգամ հայտարարեց, որ քաղաքացիները պետք է բացեն ճանապարհը։ Սրբազանն ասաց, որ քաղաքացիները երբ ուզեն, էդ ժամանակ էլ կգնան. «Ձեր ղեկավարությունն է հասցրել էստեղ»։ Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհահատվածը փակած քաղաքացիների մոտ է նաև Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը։ Նա, փոխվարչապետի հետ երեկ կայացած հանդիպմանն անդրադառնալով, ասաց․   «Այն առաջարկները, որոնք ներկայացվել են, համարել ենք, որ սպառնում են Նոյեմբերյան համայնքի անվտանգությանը եւ ՀՀ-ին։ Մենք հայտարարել ենք, որ չենք մասնակցելու այդ գործընթացին»։  Բագրատ Սրբազանի կոչով ակցիայի մասնակիցները այժմ շարժվում են եկեղեցու բակ՝ քննարկման։ Հիշեցնենք, որ Նոյեմբերյան համայնքի բնակիչները այսօր առավոտյան փակել են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհահատվածը։ Նրանք նույն պահանջներն են հայտարարում, ինչ Ոսկեպարի ու Կիրանցի ճանապարհները փակած քաղաքացիները՝ հակառակորդին չհանձնել տարածքները։ Ավելի վաղ տարածքում ծեծկռտուք էր սկսվել։ 
12:52 - 23 ապրիլի, 2024
«Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղ». տավուշցիները շարունակում են բողոքի ակցիաները

«Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղ». տավուշցիները շարունակում են բողոքի ակցիաները

Պետական սահմանի սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների համատեղ հայտարարությունից ու Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատման գործընթաց սկսելու լուրն իմանալուց հետո տեղացիները քանի օր է՝ գիշեր-ցերեկ բողոքի ակցիաներ են իրականացնում։  Կիրանցի, Ոսկեպարի ու հարեւան գյուղերի բնակիչները, նրանց աջակցող այլ համաքաղաքացիներ փակ են պահում Աճարկուտ-Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը, հավաքվել են նաեւ Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու մոտ՝ կառավարող ուժից պահանջելով դադարեցնել գործընթացը։  Բեռնատարը փակել է Աճարկուտից Կիրանց մտնող ճանապարհը Սահմանազատման գործընթացի արդյունքում Երեւան-Իջեւան-Բագրատաշեն ճանապարհի մի հատվածը այլեւս հնարավոր չի լինի օգտագործել՝ այն հակառակորդի տարածքում է հայտնվելու։ Տեղացիներն ասում են՝ չեն հավատում այն հայտարարություններին, թե տարածքների զիջմամբ հնարավոր է պատերազմ կանխել ու խաղաղություն բերել։  Քաղաքացիները՝ Ոսկեպարից Կիրանց գնացող ճանապարհին Կիրանցի բնակիչ Նվարդ Սիմոնյանը, որը անցած գիշերվանից փողոցում բողոքի ակցիա է իրականացնում համագյուղացիների հետ, ասում է, սահմանը պետք է մնա այնպես, ինչպես հիմա է, ոչ թե ավելի մոտիկանան ադրբեջանական դիրքերը. «90-ական թվերին էդ սահմանի համար արյուն են թափել, սահման են գծել։ Մենք մնալու ենք, մինչեւ մեր պահանջը կատարվի։ Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղը, տալիս են թուրքին։ Կյանքում ըտենց ճանապարհ չի եղել, էդ մոստը, որ ուզում են տան, էնքան հին ա, որ Ադրբեջանն էդքան հին չի, էդ տարածքները իրենցը չեն եղել»,- նշեց բնակիչը՝ մտահոգություն հայտնելով նաեւ, որ երբ ադրբեջանցիները ավելի մոտենան, օրը մեկին կգերեվարեն՝ «ինչպես Վագիֆին» (Վագիֆ Խաչատրյանը ԿԽՄԿ ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից տեղափոխվում էր Հայաստան, նրան ճանապարհին առեւանգել էին ադրբեջանցիները)։ Կեսօրին մոտ Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները մի մասը գնաց Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու մոտ։ Այնտեղ մեծ թվով ոստիկաններ եւ այլ ուժայիններ էին կենտրոնացել. եկեղեցու մերձակա տարածքում սակրավորներն ականազերծման աշխատանքներ էին իրականացնում։ Այդ հատվածում են առաջ գալու ադրբեջանական ուժերը։ Ոստիկանները պատնեշ էին կազմել դաշտեզրով, որպեսզի մարդիկ չառաջանան, նրանց անվտանգությունը վտանգի տակ չլինի՝ ոչ միայն ականների պատճառով, այլ նաեւ այն, որ հակառակորդի դիրքերը այդ տեղանքին շատ մոտ են, տարածքը դիտարկվում է։ Ոստիկանները հավաքված մարդկանց, այդ թվում եւ հոգեւորականներին թույլ չէին տալիս նաեւ եկեղեցի բարձրանալ, ասում էին՝ մի երկու ժամից։ Այդ ընթացքում սակրավորները ավարտեցին աշխատանքը։ Իրավիճակը տեղում պարբերաբար լարվում էր, մարդիկ լեզվակռվի, երբեմն նաեւ քաշքշուկի մեջ էին մտնում ոստիկանների հետ, նրանք էլ ասում էին՝ իրենք հրահանգավորված են չթույլատրել։ Ուժայինների կազմած պատնեշը Ոստիկանական ուժերի պատնեշը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որն առավոտյան Կիրանցում էր՝ ճանապարհը փակած բնակիչների մոտ, եկավ Ոսկեպար։ Ոստիկանապետը Բագրատ Սրբազանի հարցին ի պատասխան ասաց, որ մեկ ժամից եկեղեցուն կարող են մոտենալ։  Բագրատ Սրբազանը լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ․   «Ես առաջին օրվանից ասել եմ՝ այդ մարդիկ, որ մասնակցելու են այս գործընթացին՝ վարչական ղեկավարները, ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է։ Սա անօրինական է։ Դժբախտաբար, մենք գտնվում ենք համապարփակ ապօրինության մեջ։ Հրաման է տրված ոստիկանությանը, որ չթողնեն ժողովրդին գնալ, մենք չենք փորձում հրահրել։ Առավոտից ասում են, որ ականազերծման գործընթացներ են, եթե դա ճիշտ է, ուրեմն հանցանքը կրկնապատկվում է։ Մեր խնդիրը լինելու է էս ապօրինությունը վերացնելը, մենք պետք է հասնենք ճշմարտությանը»։ Ոսկեպարի եկեղեցին Ի վերջո, երբ սակրավորներն արդեն հեռացել էին, մարդիկ հոգեւորականների ուղեկցությամբ բարձրացան եկեղեցի, որտեղ եւ Սրբազանը խոսք հնչեցրեց ու աղոթք կարդաց։ Ոստիկանները, սակայն, չհամաձայնեցին, որ լրագրողները նկարահանում անեն եկեղեցու տարածքում։  Քաղաքացիները երկու տեղերում էլ շարունակում են բողոքի ակցիան։ Նրանք սպասում են վարչական ղեկավարները ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքներին։   Հայարփի Բաղդասարյան
17:45 - 22 ապրիլի, 2024
Այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ. Բագրատ Սրբազան

Այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որը քիչ առաջ Կիրանցում էր՝ ճանապարհը փակած բնակիչների մոտ, այժմ եկել է Ոսկեպար։ Ոստիկանապետ Հակոբյանից նա հետաքրքվեց՝ ինչ է կատարվում այստեղ, որովհետեւ տարբեր բաներ է լսել։ Ոստիկանապետը ասաց, որ իրենք հասարակական կարգ են պահում եւ անվտանգություն, իսկ թե մյուս կողմում՝ եկեղեցու մոտակայքում, ինչ է կատարվում, չեն կարող ասել (սակրավորները եկեղեցու շրջակայքում ականազերծման աշխատանքներ էին կատարում-խմբ.)։ Ոստիկանապետը Սրբազանին ասաց, որ մեկ ժամից եկեղեցուն կարող են մոտենալ։ Մեկ ժամ առաջ նույնը ասել էին նաեւ քաղաքացիներին։  Բագրատ Սրբազանը լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում ասաց, ու այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ։ «Ես առաջին օրվանից ասել եմ՝ այդ մարդիկ, որ մասնակցելու են այս գործընթացին՝ վարչական ղեկավարները, ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է։ Սա անօրինական է։ Դժբախտաբար, մենք գտնվում ենք համապարփակ ապօրինության մեջ։ Հրաման է տրված ոստիկանությանը, որ չթողնեն ժողովրդին գնալ, մենք չենք փորձում հրահրել։ Առավոտից ասում են, որ ականազերծման գործընթացներ են, եթե դա ճիշտ է, ուրեմն հանցանքը կրկնապատկվում է։ Մեր խնդիրը լինելու է էս ապօրինությունը վերացնելը, մենք պետք է հասնենք ճշմարտությանը»։
14:21 - 22 ապրիլի, 2024
Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը

Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Քիմիկների զորամասի գործի քննությունը։ Այս պահին դատարանում հարցաքննվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը (պաշտոնից ազատվել է 2021 թ․ մարտին)։ Վերջինս այս գործով ունի վկայի կարգավիճակ։ Չնայած դատական իշխանության պաշտոնական կայքում նշված տեղեկությանը, որ նիստը դռնբաց է, դատական կարգադրիչները մեզ թույլ չտվեցին ներկա գտնվել` պատճառաբանելով, որ դատարանը որոշում է կայացրել այն դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ Ավելի ուշ դատավորի աշխատակազմից Infocom–ը տեղեկացավ, որ դռնփակ դատական նիստի միջնորդությամբ հանդես է եկել հենց Օնիկ Գասպարյանը։ Պատճառն այն է, որ հարցաքննությունը հնարավոր է առնչվի պետական, ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դա դատական նիստը դռնփակ անցկացնելու հիմքերից մեկն է։ Այս քրեական գործը, հիշեցնենք, առնչվում է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում (Զանգելան) Քիմիկների զորամասի անձնակազմի հետ տեղի ունեցած դեպքին։ Այդ օրը Օնիկ Գասպարյանի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հրամանով Քիմիկների զորամասի 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Մակարյանը, սակայն, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անձնակազմը «Կիրի հանք»–ի մոտ տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:  5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել անձնակազմին «Նահանջ» հրաման արձակելու մասին եւ մինչեւ ժամը 15։30-ի սահմանները վերջինիս վստահեցրել է, որ իր ղեկավարած խմբի կազմով շարժվում է գործողությունների ծավալման շրջան՝ Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու։ Դրանից հետո միայն Գասպարյանին զեկուցել է, որ առաջ շարժվելն այլեւս նպատակահարմար չէ, եւ առաջարկել է բնագիծ զբաղեցնել եւ անցնել պաշտպանության՝ հաջորդ օրն առավոտյան խնդրի կատարումը շարունակելու պայմանով, ինչին Գասպարյանը համաձայնել է։ Մինչդեռ բնագիծ զբաղեցնելու եւ խմբի կազմով պաշտպանության անցնելու հրամանը կատարելու փոխարեն նա իր ղեկավարած ողջ խմբի կազմով նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, վերադարձել է Կապան քաղաք՝ ամբողջությամբ ձախողելով իր առջեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից դրված մարտական խնդրի կատարումը։ Այժմ գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարին) մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության մեջ։  Մեղադրյալի աթոռին են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։  Արսեն Աբգարյանը մեղադրվում է իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ 4 մեղադրյալները առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։   Միլենա Խաչիկյան  
11:23 - 22 ապրիլի, 2024
«Մեծ յոթնյակը» վերահաստատել է Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարևորությունը

«Մեծ յոթնյակը» վերահաստատել է Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարևորությունը

Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և կայուն խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Այս մասին ասվում է «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որում հիշեցվում է նաև 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հրապարակված Համատեղ հայտարարությունը․ «Խրախուսում ենք պահպանել համագործակցության այդ ոգին հետագա փոխգործակցություններում։ Հետագա սրումն անընդունելի կլինի»։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանվածների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը իրենց տներ»,- նշված է հայտարարության մեջ: Բացի այդ՝ G7-ը և նրա անդամները պատրաստակամություն են հայտնել նպաստել հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, հատկապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրված բանակցային շրջանակում։  «Վերահաստատում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարևորությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք խրախուսում ենք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցությունը և բոլոր սահմանների վերաբացումը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանի»,- հայտարարել է G7 երկրները։
15:58 - 19 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

Միացյալ Նահանգները դեմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևին։ Այս մասին գրում է Reuters-ը։ «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել երկու պետության ստեղծման սկզբունքին։ Այս քվեն չի նշանակում, որ դեմ ենք Պաղեստինի պետականությանը, փոխարենը հստակեցնում է, որ այն պետք է լինի երկու կողմերի միջև բանակցությունների արդյունք»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը իր հայտարարության մեջ՝ վետոն անվանելով «անարդար, ոչ էթիկական և չհիմնավորված»։ ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպամ Ռիյադ Մանսոուրը քվեարկությունից հետո հայտարարել է․ «Փաստը, որ այս բանաձևը չանցավ, չի կոտրի մեր կամքը և պարտության չի մատնի մեր վճռականությանը։ Մենք չենք դադարեցնի մեր ջանքերը»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ քվեարկությունը։ Դիմելով Խորհրդի 12 անդամներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը ասել է․ «Ցավալի է, որովհետև ձեր քվեն էլ ավելի կքաջալերի Պաղեստինի մերժողականությունը և գրեթե անհնար կդարձնի խաղաղությունը»։
10:52 - 19 ապրիլի, 2024
«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր․ Խուռհատ սարի գործով գրեթե երկու տարվա դատական քննությունից հետո հարցաքննվելու էր Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Վահանյանի հարցաքննությունը սկսվեց նշանակված ժամից քիչ ուշ, մինչ այդ զոհված զինծառայողների ծնողներն ու լրագրողները ստիպված էին սպասել դրսում․ կարգադրիչները պահանջեցին լքել դատարանի շենքը՝ ուժեղացված ծառայություն իրականացնելու պատճառաբանությամբ։ Ավելի ուշ, երբ նիստը սկսվեց, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ներկաներին հորդորեց հարցաքննության ընթացքում պահպանել լռություն, չնայած նրան, որ ամբաստանյալի խոսքերը իրենց գուցե հաճելի չլինեն։ Բացատրեց՝ դա ամբաստանյալի իրավունքն է։ Այնուհանդերձ, երկու ժամ տեւած հարցաքննության ընթացքում իրավիճակը նիստերի դահլիճում պարբերաբար լարվեց, ծնողներից մի քանիսը դահլիճից հեռացվեցին։ Դատարանում ցուցմունք տալով՝ Իշխան Վահանյանը հայտարարեց, որ մարտակարգի խախտում է տեղի ունեցել․ նախ ուսումնական գումարտակը չի ցրվել այլ ստորաբաժանումներում, ապա նաեւ ստացել է խնդիր, որը կարող էր կատարել ոչ թե նորակոչիկներից բաղկացած ուսումնական, այլ մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումը։ Վահանյանի համար անհասկանալի է՝ ինչու ուսումնական գումարտակին չցրեցին Իշխան Վահանյանը պատմեց, որ երբ պատերազմը սկսվել է, ինքը զորամասում է եղել, տեսել է՝ ինչպես են մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները պահպանությունից անցել պաշտպանության։ «Բնականաբար, մենք էլ պիտի անցնեինք, ցուցակները՝ ձեռքներիս, որ էս 10 հոգին գնում է էստեղ, էս 10 հոգին՝ էնտեղ․․․ [Մեկ էլ] զորամասի հրամանատարի` մարտական գծով տեղակալը՝ փոխգնդապետ Ավալյանը, եկավ, ասաց՝ առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրվել, [ասացի՝] պարոն փոխգնդապետ, բա տենց չի լինի, սա ուսումնական ա, ո՞նց, բա՝ հա, տենց հրաման ունենք վերեւից։ Վերեւից, դե, զորամասի հրամանատարը (Արթուր Քարամյանն է–հեղ․) պիտի տար, նրան էլ՝ դիվիզիայի հրամանատարը (Կարեն Առստամյանն է,–հեղ․), հասկանում ենք, դրա համար գնացել, նստել ենք պաշտպանություն։ Բայց թե խի չցրեցին էդ անձնակազմը, իմ համար էլ է մինչեւ հիմա անհասկանալի, որովհետեւ մի ամսով արձակուրդ ենք եղել, չէր կարող այդ ընթացքում բան փոխվել, որ միանգամից դառնային «բայեվոյ», որոշակի նախապատրաստական վիճակ պիտի գնար»,– նշեց նա։ Գումարտակի նախկին հրամանատարը, ըստ Վահանյանի, սխալ հրամաններ է տվել Իշխան Վահանյանը խոսեց ոչ միայն Խուռհատ սարին վերաբերելի, այլեւ դրան նախորդած դեպքերից՝ բացատրելով, որ անձնակազմի պառակտումն ու բարոյահոգաբանական վիճակի անկումը ավելի վաղ են սկսվել գումարտակի նախկին հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանից։ Պատճառը, ըստ նրա, Վարդերեսյանի տված սխալ հրամաններն էին․  «Վարդերեսյանն ասել էր՝ փոքր խմբերով մեծ խնդիր կատարենք, բայց դա հատուկ պատրաստված ստորաբաժանում չէր։ Ինքը գնում էր գրքային բառերով։ Փոքր խմբերով մեծ խնդիր նորակոչիկը չէր կարող կատարել․ էդտեղ աշխատում էին հրետանի, վարձկաններ․․․ Մենք պիտի դեպի ձախ գնայինք, Ֆիզուլիով հետ գայինք, էդ էր ճիշտը, որովհետեւ մեր հետեւում մոտոհրաձգային ստորաբաժանումներ կային, որոնք ուզում էին անցնել հակագրոհի, մենք արդեն այդ հակագրոհին խոչընդոտ ենք հանդիսացել․․․ Ես եմ զեկուցել զորամասի շտաբի պետին, որ սենց խնդիր կա, ինքը շատ արագ եկել է մեր մոտ, ասել՝ չի կարող սենց բան լինել, նորից գնում ենք մեր դիրքերը, մենք պիտի ձախ գնայինք․․․ Ու սկսել ենք անձնակազմին հավաքել․ կեսը՝ ծառի տակ, կեսը արդեն զորամաս էին հասել․․․»– ասաց ամբաստանյալը՝ պնդելով՝ եթե մարտակարգի կոպիտ խախտում ես թույլ տալիս, անձնակազմին համակարգելն այլեւս դժվար է լինում։ Ըստ Վահանյանի՝ ինչքան տեղ եղել է, այդքան վիրավորի հանել է Վահանյանն անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում վիրավորների դրվագին։ Մի շարք վկաներ դատարանում հայտարարել են, որ երբ Վահանյանը շտապօգնության մեքենայով եկել է, անգամ չի բարեհաճել մեքենայից իջնել, մի քանի վիրավորի է վերցրել եւ մյուսներին թողնելով՝ հեռացել։ Վահանյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ այդքանն է ստացվել այդ իրավիճակում․ «Տեղանքում ես եմ եղել, ես գիտեմ՝ կրակների տակ մեքենաները ոնց են մտել․․․ Ինչքան տեղ եղել է, այդքան մարդ նստել է․ ըստ վիրավորման աստիճանի՝ 9 հոգի․․․ Եվ ես իջել եմ մեքենայից, պարտադիր չէ՝ ամեն նստողի հետ իջնես, կարող է մեկի հետ չես իջել, դա էլ ֆիքսել են»,– ասաց նա։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ ինչպե՞ս կբացատրի, որ 7-8 հոգի ստում են, իսկ ինքը ճիշտ է ասում, ամբաստանյալը դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ դրսից խոչընդոտում են, նրանք էլ գալիս, սուտ են ասում։ Գումարտակին խնդիր է տրվել սարում ոչ թե մարտի մեջ մտնելու, այլ բնագիծ զբաղեցնելու Հոկտեմբերի 8-ի մոտակայքում, երբ սպայակազմի փոփոխություն է տեղի ունեցել, Գարիկ Վարդերեսյանն ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնից, Վահանյանը՝ նշանակվել նրա փոխարեն․ «Որ ես նշանակվել եմ, հարցը սենց է եղել․ էդ անձնակազմը չի կարող մտնել մարտի մեջ, դրա համար են ինձ նշանակել, թե չէ էդտեղ ոչ մեկն էլ չէր գա, երկու օրվա համար ոչ մի հրամանատար․․․ Իրականում սպայական անձնակազմ էլ չկար, էդ անձնակազմի հետ չէինք կարող մարտի մտնել, որովհետեւ ունեցել ենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ․․․ Ընդհանուր խնդիրը եղել է բնագծի զբաղեցում, դիրք չի եղել էդտեղ, չէր էլ կարող լինել, որովհետեւ էդտեղ Բալուջայի ռազվետկայի վարժանքների տեղն էր»,– նշեց նա։ Վահանյանը հատուկ ընդգծեց՝ իր ենթակայության տակ ոչ թե 300 անձ է եղել, ինչպես ողջ ընթացքում է նշվել, այլ 90․ «Ես ամբողջ դատավարությունը ուշադիր լսել եւ հետեւել եմ, ասվում է 300-350 հոգի։ Նախ էդքան թիվ չկա, Խուռհատ սար բարձրացել է 90 հոգի․ 4 մեքենա՝ 2 «Ուրալ», 2 «Կամազ»։ «Կամազ»-ների մեջ՝ 25-25, «Ուրալ»–ների մեջ՝ 20-20 հոգի։ Ես մեքենաների ավագներին էլ կարող եմ նշել․․․ Ու ավելացնել, որ վարորդները մեր ստորաբաժանման զինվորները չեն եղել, որովհետեւ մենք ունեինք տեխնիկայի խնդիր՝ շարքից դուրս եկած, Կիրովականի տեխնիկաներից կային՝«Կամազ», «Ուրալ», տարբեր ստորաբաժանումներից կցել էին, որ բարձրացնեին»։ Նրա խոսքով՝ սարում իրենք դիրքավորվել են ձախից, իրենց կողքին եղել է 3-րդ գումարտակը, հետո՝ մեկումեջ հետախուզությունը, ապա՝ Վանաձորի գունդը, ապա՝ Ստեփանակերտի ոստիկանները։ Ըստ նրա՝ այդ բոլորը միասին կարող էին 350, անգամ 400-ի հասնել, բայց այդ բոլորը իր ենթակայության տակ չեն եղել։ Բուն մարտի եւ այդ ընթացքում տված հրամանների մասին ամբաստանյալը մանրամասն ոչինչ չասաց, նշեց միայն՝ այնպիսի հրետակոծության են ենթարկվել, որ ստորաբաժանումը խառնվել է իրար, անկառավարելի  է եղել։ Այդ ժամանակ էլ հենց, իր խոսքով, վիրավորվել է․ «7 հոգու հետ ենք իջել, ինձ օգնել են, նստեցրել են «Կամազ», զինվոր է թեւիցս քաշ տվել, հարցաքննությունների ժամանակ ես շատ բան չասացի, դե, հիմա ես եմ մեղադրյալ, ես եմ փակված, իմ հերթն էլ էր գալու, բայց դե, տենց չի էլի, սուտ ասելով բան չի լինում»,– վրդովված ասաց նա։ Ամբաստանյալը պնդեց՝ նախքան հեռանալը ռադիոկապը փոխանցել է վաշտի հրամանատարներից Հայկազ Գրիգորյանին, վերադասությանն էլ տեղեկացրել է իր վիրավորման մասին։ Խոսելով զենք–զինամթերքի մասին՝ Վահանյանն ասաց՝ հրաձգային ստորաբաժանմանը ինչ հասանելի եղել է, ունեցել են․ «Զորամասի հրամանատարի հետ վերջին կապը եղել է, որ V82 (ռադիոկապի տեսակն է,–հեղ․) տրվել է Հայկազի ձեռքը, ուղղությունն էլ նշվել է։ Որ տենց չլիներ, Հայկազն էնտեղից չէր կարող դուրս գալ։ Ուղղությունը նշվել է, Հայկազը դուրս է եկել։ Հադրութի գլխին՝ գազի զապրավկայի վերեւը, անիվներ են վառվել, որ Հայկազի հետ քայլող անձնակազմը էդ ուղղությամբ դուրս գա, ու տենց էլ դուրս է եկել, V82-ով կապի մեջ է եղել զորամասի հրամանատարի հետ, էդ է եղել ռեալ իրավիճակը»,– պատմեց ամբաստանյալը։ Նա նկարագրեց նաեւ, թե իր տեղեկություններով՝ ինչպես է նահանջելիս զորքը կիսվել։ Այդ տեղեկությունները, նրա խոսքով, իրեն հայտնել են զորամասի հրամանատար Արթուր Քարամյանն ու վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը․ «Որ ինձ հասցնում են հոսպիտալ, Հայկազի հետ կապի եմ դուրս գալիս, ասում է՝ զորամասի հրամանատարի հետ կապի ենք դուրս եկել, ասել է՝ մի խումբ կա, որ ասում է՝ Հադրութով քյասար գնում ենք, մեկ էլ իմացանք, որ էդ խումբն է, գնում, մոլորվում է․․․ էդտեղ տարաձայնություն է եղել, զորամասի հրամանատարն ասում է՝ սենց գնում եք, ուղղությունը մինչեւ մեր դուրս գալն էլ է նշվել, որ գալու են, ծխի մոտով գան, դուրս գան․․․ Հովհաննեսը, պայմանագրային քեռին եւ 3-րդ վաշտի սերժանտը՝ Հարութը․․․ Ասում եմ՝ բա ո՞նց գնացին, ասացին՝ Հարութը պապայի հետ է խոսել, քյասար ճամփով գնում են․․․ Ու ես բառացի ասում եմ՝ Հարութը հոր հետ է խոսում, հերը՝ բա սենց իջնում ես, տեղանքի տղա ես, Հադրութով գալիս, իջնում եք, ձեր հրամանատարների հետեւից չընկնեք, էդտեղ է լինում խնդիրը»,– ասաց Վահանյանը՝ հերքելով դատարանում հնչած այն ցուցմունքները, թե արկ է ընկել, եւ զորքը բաժանվել է երկու մասի կամ մի մասը սպասել է, որպեսզի մյուսները գնան 3-րդ գումարտակին տեսնելու․ «Ես զորամասի հրամանատարին զանգում եմ հոսպիտալից, ասում եմ՝ գիտե՞ս, որ սենց խնդիր կա, ասում է՝ հերն ու Վարդերեսյանը սխալ ուղղություն են տվել, իրենք էլ գնալու են, հանեն»,– նշեց Վահանյանը։ Վերջինիս խոսքով՝ եթե ինքը վատը լիներ՝ չէին նշանակի, վատը լիներ՝ 19 տարվա ծառայության մեջ մի բան եղած կլիներ․  «Սաղ էլ գիտեին, որ էդ ստորաբաժանումը չի կարող մտնել մարտի մեջ, խի՞ էին հանում․․․ Որ հրաման չկատարեիր, ավտոները չհելնեին, էլի գալու էի, դատարանի առաջ կանգնեի․․․ Հիմա խնդիրը կատարած է, էլի  դատարանի առաջ եմ կանգնած․․․ է որ լավ լինեի, կմնայի, արահետով դուրս կգայի, էլ փախչելու իմաստը ո՞րն է, փախչելու լինեի՝ հոսպիտալ չէի գնա, փախած մարդը հոսպիտալ չի գնում, ոչ էլ գնում է նախարարություն ներկայանում կամ բարձր պաշտոնյաների հետ նստում, քարտեզի վրա է  աշխատում»։ Ամբաստանյալի կարծիքով՝ փորձագետի եզրակացության մեջ սխալ կա Հարցաքննության ընթացքում քննարկման առարկա դարձավ նաեւ Վահանյանի վիրավորման հանգամանքը։ Վահանյանը հայտնեց, որ ինքն առաջին անգամ վիրավորվել է սեպտեմբերի 29-ին, սակայն այն վիճակում չի եղել, որ հոսպիտալ գնա, երկրորդ վիրավորումն արդեն հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում է ստացել, դա էլ պատճառ է հանդիսացել, որ սարից վիրավորների հետ մեկնի հոսպիտալ․ «Ես հո 18 տարեկան չեմ, որ հելնեմ, սուտ բան խոսեմ»,– ասաց նա։ –Սուտ ես ասում, դու ամսի 10-ին չես վիրավորվել,–լսվեց դահլիճից։ Վահանյանը շարունակեց․ «Ամսի 10-ին ես արդեն շարժվել չէի կարողանում, թուլացած էի, ու դա իմացել է ե՛ւ զորամասի հրամանատարը, եւ դիվիզիայի, դա չես կարող թաքուն պահել, չի լինում տենց բան ո՛չ խաղաղ պայմաններում, ոչ էլ, ձեռ է տալիս՝ ասեն՝ թողեց, գնաց»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մեջբերումներ արեց փորձագետի եզրակացությունից․ «Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ձեր մարմնի հետազոտությամբ հայտնաբերվել է սպի 1․5*1  սմ չափերի սպի, որը տեղակայված է եղել աջ ազդրի վերին երրորդական դրսային մակերեսին, սա, Ձեր նշած, հոկտեմբերի 10-ի վիրավորումն է, ինչպես նաեւ նույնանման 2․7*1 սմ չափերով սպի, որը տեղակայված է աջ գոտկային հատվածում, սա՝ սեպտեմբերի 29-ի․․․ Սպիների չափերի վերլուծությունից պարզ է դառնում, որ սեպտեմբերի 29–ին, երբ մնացել եք դիրքերում եւ շարունակել եք, ստացել եք նույնանման, սակայն ավելի մեծ չափերի վնասվածք, քան Խուռհատ սարում տեղակայված մարտերի ժամանակ»։ Իշխան Վահանյանը, սակայն, չընդունեց սա, նախ ասաց՝ եզրակացության մեջ սխալ է գրված, ապա փորձեց բացատրել՝ առաջին վերքը չափերով երկար էր, բայց Խուռհատ սարի վերքը կլոր եւ խորն է եղել։ Մեղադրողն ընդգծեց՝ ամեն դեպքում, նույնանման են, երկուսն էլ՝ թեթեւ։ Մեղադրողը հիշեցրեց նաեւ, որ Գարիկ Վարդերեսյանը պնդում էր, որ Վահանյանն աջ ազդրի վնասվածքը միանշանակ ստացել է սեպտեմբերի 29-ին՝ հրամանատարական կետում տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ, այլ ոչ թե Խուռհատ սարում․ –Ո՞նց կպարզաբանեք,–հարցրեց նա։ –Խի՞ պիտի չասի, մարտակարգի կոպիտ խախտում է թույլ տվել, իր գլխին էլ լիքը բան կա։ –Որ հարցաքննվում էր, ինչո՞ւ այդ ժամանակ չբարձրաձայնեցիք։ –էդ ժամանակն էլ կգա, ինքն էլ կգա, կնստի սենց, կասեմ։ Ես ասում եմ՝ սուտ ասելու ոչ մի բան չունեմ, փակվածը ես եմ։ –Ընդհանուր առմամբ, մեզ մոտ կամ անաչառ այլ դիտորդի մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ երբ վտանգ եք ստացել, փորձել եք Ձեր կյանքը հետ պահել։ –Սխալ տպավորություն է ստեղծվում, էդքանը որ ուզենայի անել, էնտեղ չէի հասնի, ոչ էլ արձակուրդից հետ կգայի․․․ Բան կա, որ դատարանում ասում են, բան կա՝ չեն ասում, բան կա՝ ասելու է, բան կա՝ ասելու չէ, մարդիկ պիտի ասեն, որ իրենց վրայից գցեն․․․Ես պարզ ասեմ՝ 2 տարուց ավելի նստած եմ, խոչընդոտող մարդը ամեն տեղից էլ կարող է խոչընդոտ հանդիսանալ, բայց փակված մարդուն հարյուր տոկոս դա ձեռք չի տալու։ Այսօր դրսից են ավելի խոչընդոտ հանդիսանում, որ մարդը փակի տակ մնա, որովհետեւ որ հելնեմ, գնալու եմ Քննչական՝ ասեմ՝ եկել եմ՝ մի բան էլ ես ասեմ, ու ես կարող եմ դա անել, բայց ոչ էլ այդ ցանկությունը ունեմ, ոչ էլ նպատակը․․․ Այս պատերազմը ոչ Իշխանով է սկսել, ոչ Իշխանով է ավարտվել, եթե դատվեն, պիտի ծայրից ծայր դատվեն, ծնողներին էլ թող պարզ լինի»,– ասաց նա։ Հարցաքննությունը կշարունակվի մայիսի 29-ին։   Լուսանկարները՝ Ինֆոքոմի Միլենա Խաչիկյան
23:55 - 18 ապրիլի, 2024
Մեծ Բրիտանիայի վարչապետը գովաբանել է բրիտանացի օդաչուներին նրա համար, որ նրանք «ձեռնոց են նետել վտանգին, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը» Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ

Մեծ Բրիտանիայի վարչապետը գովաբանել է բրիտանացի օդաչուներին նրա համար, որ նրանք «ձեռնոց են նետել վտանգին, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը» Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հաստատում է, որ Թագավորական ռազմաօդային ուժերը Իսրայելի ուղղությամբ Իրանի գիշերային հարձակման ժամանակ խոցել են «մի շարք դրոններ»։ Այս մասին հայտնում է timeofisrael.com-ը։ Բրիտանացի պաշտոնյան ասում է, որ Իրանի հարձակումը «վտանգավոր եւ անհարկի էսկալացիա» էր, եւ որ ռազմաօդային ուժերի գործողությունը Իսրայելում եւ հարեւան երկրներում կյանքեր է փրկել։  «Հարգանքի են արժանի մեր օդաչուների քաջությունն ու պրոֆեսիոնալիզմը, նրանք թռչում էին վտանգին ընդառաջ, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը»,- ասել է նա։  Մեծ Բրիտանիայի վարչապետը գովաբանել է բրիտանացի օդաչուներին նրա համար, որ նրանք «ձեռնոց են նետել վտանգին, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը» Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ
16:13 - 14 ապրիլի, 2024
Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործը դատարանում է․ սկսվել է ապացույցների հետազոտումը

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործը դատարանում է․ սկսվել է ապացույցների հետազոտումը

Հակակոռուպցիոն դատարանում օրերս սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։ Գաբրիելյանն այդ պաշտոնին է եղել 2019 թ. փետրվարի 4-ից մինչ 2020 թ․ հոկտեմբերի 26-ը, պատերազմի մեկնարկի՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու նպատակով գտնվել է Ռուսաստանում։ Այնտեղից վերադարձել է սեպտեմբերի 30-ին եւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Ժիրայր Պողոսյանի՝ 2020 թ. հուլիսի 9-ի թիվ 07 գրավոր եւ 2020թ. հոկտեմբերի 1-ի բանավոր հրամանների հիման վրա՝ ընդգրկվել է մարտական գործողություններում։ Այժմ Գաբրիելյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Մասնավորապես, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։ Հովիկ Գաբրիելյանը կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նյութում կարդացեք՝ Ինչում է մեղադրվում փոխգնդապետը  Ինչ ապացույցներ հրապարակեց հանրային մեղադրողը Ինչ միջնորդություն ներկայացրեց պաշտպանը զոհված զինծառայողների մահվան վկայականների առնչությամբ Ինչում է մեղադրվում փոխգնդապետը Համաձայն մեղադրական եզրակացության՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով գումարտակի բոլոր զինծառայողների ուղղակի պետը, ռազմական դրության պայմաններում հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու եւ պաշտպանական բնագիծը թողնելու անձնական այլ շահագրգռվածությամբ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ իր իշխանական, ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական ու ծառայողական շահերի։ Մասնավորապես, վերադաս հրամանատարությանն իրականությանը չհամապատասխանող զեկույցներ է ներկայացրել, ինչից հետո ստանալով զբաղեցրած բնագիծը չթողնելու եւ պաշտպանությունը շարունակելու՝ ռադիոկապի միջոցով տրված հրաման, առանց ավագ պետի թույլտվության եւ տվյալ պարագայում առանց հիմնավոր անհրաժեշտության նահանջի հրաման է տվել ենթակա ստորաբաժանմանն ու դիտավորությամբ թողել զբաղեցրած պաշտպանական բնագիծը, ինչն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի ոչնչացում եւ այլ ծանր հետեւանքներ:  Դատավոր Վարդգես Սարգսյանը Այսպես. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած եւ վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, համաձայն ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի (այսուհետև՝ նաեւ ԲԿ) պաշտպանական օպերացիայի պլանի օպերատիվ մասում նշված դրույթների, բանակային կորպուսն ունեցել է խնդիր՝ անցնել պաշտպանության Ջաբրիայիլի (նույնն է, ինչ Ջրական, Մեխակավան) շրջանի նախորոշված հատվածում՝ Շուքյուրբեյլի–Ջաբրայիլ ուղղությամբ («Հորովլու-նիշ 602.1՝ հարավ 200 մետր - երկաթբետոնե կամուրջ» բնագիծ)։ Ըստ մեղադրանքի՝ 2020թ. հոկտեմբերի 4-ի երեկոյան Գաբրիելյանը ռադիոկապով զեկույց է ներկայացրել 1-ին բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին՝ հայտնելով, որ իբրեւ իր գումարտակի աջ եւ ձախ հատվածները բաց են եւ հակառակորդի զրահատեխնիկան թեւանցել է իրեն, ուստի շրջապատման վտանգի պայմաններում թույլտվություն է խնդրել նահանջել։ Ժիրայր Պողոսյանից, սակայն,  ստացել է պաշտպանական բնագծում մնալու հրաման։ Նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գաբրիելյանը ռադիոկապով խոսել է նաեւ նույն ԲԿ–ի շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանի հետ՝ հայտնելով սննդի եւ զինամթերքի պաշարների սպառման մասին։ Նկատի ունենալով, որ Գաբրիելյանի ենթակա ստորաբաժանումն ունեցել է զինամթերքի բավարար եւ անհրաժեշտ պաշարներ տրված մարտական խնդիրն իրականացնելու համար՝ Գեղամ Գաբրիելյանը հրաման է տվել շարունակել հանձնարարված մարտական խնդրի կատարումը՝ տեղեկացնելով, որ հաջորդ օրը՝ առավոտյան, կիրականացվի լրացուցիչ սննդի եւ զինամթերքի պաշարների մատակարարումը։ Հովիկ Գաբրիելյանը, սակայն, ըստ մեղադրանքի, խախտել է ներքին ծառայության, օպերացիաների նախապատրաստման եւ վարման հրահանգի, մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, հանձնարարված բնագծի պաշտպանությունն իրականացնելու փոխարեն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հրաժարվել է կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու եւ վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու նպատակով իր ստացած հրամանները եւ առանց վերադաս հրամանատարների գիտության եւ համապատասխան թույլտվության՝ պաշտպանության անցած ենթակա անձնակազմին հրամայել է թողնել զբաղեցրած բնագիծը եւ նահանջել Հադրութ քաղաքի ուղղությամբ՝ այդ մասին չտեղեկացնելով իրենից աջ կողմում պաշտպանություն իրականացնող հատուկ նշանակության բրիգադի հրամանատար, գնդպետ Վահագն Ասատրյանին եւ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Համլետ Լեւոնյանին։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հովիկ Գաբրիելյանի գործողությունների հետեւանքով հակառակորդը 2020 թ․ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում օգտվել է վերոնշյալ բնագծում շուրջ 2-3 կմ անպաշտպան թողնված հատվածից, անարգել հաղթահարել է այն, «Բանաձուրի խաչմերուկ» տեղանքով անցել դրանից աջ պաշտպանության անցած յուրային անձնակազմի թիկունք, ինչի պայմաններում անակնկալի եկած եւ անպաշտպան մնացած հիշյալ ստորաբաժանումների անձնակազմը փաստացի հայտնվել է շրջապատման մեջ, սկսել է հակառակորդի հետ հարկադրված մարտ վարել, որի ժամանակ էլ արձանագրվել են վերոնշյալ կորուստները։ Ինչ ապացույցներ հրապարակեց հանրային մեղադրողը Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հրապարակեց քրեական գործում առկա գրավոր ապացույցները՝ փաստաթղթերի զննում կատարելու, արտավարութային փաստաթղթեր ճանաչելու եւ լազերային սկավառակ զննելու մասին արձանագրություններ։ Ձախից՝ տուժողի իրավահաջորդ Հրաչիկ Բաղդասարյանը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը Զննված փաստաթղթերը ստացված էին ՀՀ քննչական կոմիտեի գաղտնի գործավարությունից եւ առգրավված Ազգային ժողովի գաղտնի գործավարությունից։ Դրանք վերաբերում էին զորամասերը մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի բերելու, գումարտակի անձնակազմը ոչ լրիվ կազմով՝ 223 հոգով մարտական գործողությունների շրջան ուղարկելու եւ մի շարք այլ հրամանների։ Դրանց թվում էր նաեւ հակառակորդի գնահատման վերաբերյալ եզրակացությունը, որում մանրամասն նկարագրված էր, թե որտեղ եւ ինչ տեսակի հարձակման դեպքում ինչ գործողություններ է պետք ձեռնարկել։ Ապացույցների հրապարակումից հետո Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը կարծիք հայտնեց, որ դրանք ընդամենը փաստում են, որ եղել են մի շարք հրամաններ, որոնցով սահմանված է եղել գործողությունների որոշակի պլան իրադարձությունների հավանական զարգացումների դեպքում, որ եթե այսպես լիներ, պետք է այսպես արվեր․ «Մեզ համար շատ կարեւոր է, որ դատարանը [գնահատի]՝ ինչպես որ պլանավորված է եղել, այդպես ընթացե՞լ է, եւ այդ ընթացքում Հովիկ Գաբրիելյանի վրա դրված պարտականությունը չի կատարվե՞լ, թե՞ այլ իրավիճակ է ստեղծվել, հետեւաբար այդ իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լիներ Հովիկ Գաբրիելյանի կողմից ձեռնարկվող գործողությունները՝ որպես հրամանատարի»,– ասաց նա։ Հրապարակված արտավարութային փաստաթղթերը դարձյալ մարտական հրամաններ էին, դրանցից բխող կարգադրություններ եւ գրություններ, իսկ լազերային սկավառակում մարտական գործողություններից մի տեսանյութ էր։ Այն իր բջջային հեռախոսով նկարահանել եւ հետագայում Քննչական կոմիտեին էր տրամադրել հիշյալ փոխգնդապետ, գործով վկա Համլետ Լեւոնյանը, որի անձնակազմը ենթադրյալ հանցանքի հետեւանքով մնացել էր շրջապատման մեջ։ Տեխնիկական միջոցների բացակայության պատճառով տեսանյութը կհետազոտվի հաջորդ նիստում։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հայտարարեց, որ տեսանյութը պաշտպանական կողմին չի տրամադրվել եւ իրենց համար պարզ էլ չէ, թե այն որ օրվա որ ժամին է վերաբերում։ Արձագանքելով հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանն ասաց, որ վկան իր ցուցմունքով հստակ հայտնել է դա, բայց քանի որ ինքը ցուցմունք հրապարակելու իրավասություն այս պահին չունի, այդ հարցերի պատասխանները կտրվեն ավելի ուշ։ Ինչ միջնորդություն ներկայացրեց պաշտպանը Պաշտպան Վրեժ Խաչիկյանը միջնորդեց հետազոտման ենթակա ապացույցներում ներառել զոհված զինծառայողների մահվան վկայանները։ Նա հրապարակեց դրանցում տեղ գտած որոշակի տվյալներ՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Հովիկ Գաբրիելյանի մեղադրանքում նկարագրված արարքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի գիշերը, մինչդեռ գործով տուժող ճանաչված զինծառայողներից որոշների մահը, ըստ այդ վկայականների, արձանագրվել է դրանից շուտ կամ ուշ․ «Հետագայում նաեւ վկաների ցուցմունքներով պետք է պարզվեն՝ ինչպե՞ս եղավ, որ կոնկրետ մեղադրանքի դրվագը տեղի է ունեցել ամսի 5-ի գիշերը՝ ժ 2-ից հետո, սական մահը գրանցվել է հոկտեմբերի 4-ի ժամը 00։00-ին․․․ Ես ինքս դժբախտաբար մասնակցել եմ Արցախյան պատերազմներին, այդ թվում՝ 44–օրյա, ինչո՞ւ դժբախտաբար, որովհետեւ պատերազմ չպետք է լիներ, եւ որպես կամավոր, որպես պահեստազորային սպա մասնակցելով, ունենալով իմ ջոկատը՝ երբ մարտը դադարում էր, Աստված չանի, անմիջապես զեկուցվում էր վիրավորների եւ զոհվածների վերաբերյալ, որպեսզի վիրավորները դուրս բերվեն, իսկ զոհվածները ուղարկվեն համապատասխան վայր։ Իմ մասնակցության ժամանակ չի եղել, սակայն հետագայում կճշտենք՝ արդյո՞ք եղել է իրավիճակ, երբ մի ամբողջ օր մարտ ընթանա, եւ հնարավորություն չլինի զոհերին կամ վիրավորներին դուրս բերելու»,– ասաց պաշտպանը։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Զոհված զինծառայող Վաղարշակ Բաղդասարյանի հայրը՝ Հրաչիկ Բաղդասարյանը, այս առնչությամբ նշեց, որ իրենք հրամանատարությունից տեղեկացել են, որ իրենց որդին զոհվել է հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, սակայն երբ ստացել են մահվան վկայականը, գրված է եղել հոկտեմբերի 4․ «Ինձ թվում է՝ տվյալները առանց հրամանատարության կազմել են, շատ բաներ մեզնից էին տեղեկանում»,– ասաց նա։ Վրեժ Խաչիկյանը հայտնեց նաեւ, որ քրեական գործում առկա չէ որեւէ տեսակի տեղեկություն անհետ կորած 3 զինծառայողների՝ Ռոբերտ Գեղամի Ղազարյանի, Նարեկ Լիպարիտի Թովմասյանի եւ Գեւորգ Անտոնյանի մարտական ուղու, խնդրի, ստորաբաժանման վերաբերյալ։ Առկա չեն նաեւ զոհված 3 զինծառայողների՝ Նարեկ Կարենի Հովհաննիսյանի, Տիգրան Խաչատուրի Բարսեղյանի եւ Աղասի Արտավազդի Աղաբաբյանի մահվան վկայականները։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանն առաջարկեց հետագայում համապատասխան միջնորդություն ներկայացնել, որպեսզի դրա հիման վրա դիմեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն եւ ստանան բացակայող վկայականները։ Հրապարակելով առկա մյուս տեղեկությունները՝ պաշտպանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքների վրա, որ որոշ դեպքերում նշված չէ զինծառայողների զոհվելու հստակ վայրը, որոշ դեպքերում հնարավոր չի եղել որոշել մահվան պատճառը եւ այլն։ Այսինքն՝ ըստ նրա՝ գործի քննության ընթացքում պետք է պարզվի իր պաշտպանյալին մեղսագրված արարքի եւ որոշ զինծառայողների զոհվելու միջեւ եղած ենթադրյալ կապը։  Հրապարակված տեղեկությունները՝ ստորեւ․ Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան– զոհվել է 04․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Մեխակավան, պատճառը որոշել հնարավոր չէ Հակոբ Ասատուրի  Գեւորգյան– զոհվել է 04․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ ԼՂՀ, պատճառը՝ մարմնի չդասակարգված վնասվածքներ Արման Մխիթարի Զքոյան– ծնված՝ 1992թ․, զոհվել է 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ որովայնի հրազենային, տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկ Մարատ Վլադիկի Խաչատրյան– ծնված՝ 1979 թ․, զոհվել է՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ կրծքավանդակի հրազենային, բեկորային վիրավորում  Արամ Արթուրի Պողոսյան–ծնված՝ 1997, զոհվել է՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախի Հանրապետություն, պատճառը՝ ներգանգային վնասվածք Պողոսյան Գոռ Արթուրի– ծնված՝ 04․08․2000 թ․, 05․10․2020 ժ 00։00, վայրը՝ ԼՂՀ մարտական դիրքեր, պատճառը՝ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից առաջացած վնասումներ Դավիթ Կարենի Խաչատրյան–ծնված՝ 2001 թ․, 04․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Մեխակավան, պատճառը՝ տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկ Վահան Վարդանի Մելքոնյան– ծնված՝ 2001 թ․, զոհվել է՝ 05․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Ջրական, պատճառը որոշել հնարավոր չէ Մանուկյան Գոռ Կարենի– ծնված՝ 15․03․2001 թ․, զոհվել է 05․10․2020 ժ 00։00, ԼՂՀ մարտական դիրքեր, պատճառը՝ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից առաջացած վնասումներ Հովսեփ Կարպիսի Պետրոսյան– ծնված՝ 10․10․2000, զոհվել է 04․10․2020 ժ 00։00, Արցախ,  պատճառը՝ կաթվածի եւ այլ տեսակներ Յուրա Արտյոմի Զաքարյան–ծնված՝ 22․07․2000, զոհվել է 06․10․2020 ժ․ 00։00, Արցախ, Ջրականի զորամասի մոտակայքում, պատճառը՝ գլխի արյունազեղում Սերժիկ Արտակի Մարգարյան– ծնված՝ 31․10․2000, զոհվել է 05․10․2020, վայրը՝ ԼՂՀ, պատճառը՝ առաջացած վնասումներ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից Սուրեն Բագրատի Համբարձումյան– ծնված՝ 01․01․1992, զոհվել է 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ կրծքավանդակի հրազենային, բեկորային վիրավորում Սերգեյ Ալիկի Սահակյան– ծնված՝ 23․08․2000, զոհված՝ 06․10․2020, վայրը՝ Արցախ, ըստ հարազատի ցուցմունքի՝ Ջրականի զորամասի մոտակայք Հենզել Սաշիկի Բադասյան– ծնված՝ 09․06․1981, զոհված՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, Մեխակավան, պատճառը որոշել հնարավոր չէ Արմեն Գրիգորիի Հայրապետյան– ծնված՝ 30․08․1987, զոհվել է  05․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախի Հանրապետություն, պատճառը՝ գլխուղեղի վնասվածք Վահե Լեւիկի Ղարիբյան– ծնված՝ 18․06․1988, զոհվել է 05․10․2020 ժ 18։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ արյան սուր կորուստ Արտյոմ Տիգրանի Մկրտչյան– ծնված՝ 19․02․2001, զոհվել է 07․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Ջրական, պատճառը որոշել հնարավոր չէ Դավիթ Սեւակի Գրիգորյան– ծնված՝ 09․07․1994, զոհվել է 10․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ անորոշ։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
11:30 - 14 ապրիլի, 2024
Իրանը պնդում է՝ թիրախներ է ոչնչացրել, Իսրայելը հավաստիացնում՝ հրթիռները խոցվել են օդում

Իրանը պնդում է՝ թիրախներ է ոչնչացրել, Իսրայելը հավաստիացնում՝ հրթիռները խոցվել են օդում

Գիշերվա ընթացքում Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 հրթիռներ, որոնց 99%-ը խոցվել է ՀՕՊ-ի կողմից, հայտնում են Իսրայելի պաշտպանության բանակից։ Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նշել է, որ Իրանը 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր հրթիռ և 100-ից ավել բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, և ոչ մեկը չի մտել Իսրայելի օդային տարածք։ Դրանք բոլորը կործանվել են երկրի սահմաններից դուրս Իսրայելի և նրա դաշնակիցների կողմից: Հագարի խոսքով՝ փոքր վնաս է հասցվել Նևաթիմի ավիաբազային, սակայն այն աշխատում է սովորական ռեժիմով: Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը Իսրայելում թիրախավորել է երկրի ռազմական օբյեկտները և բոլոր թիրախները հաջողությամբ ոչնչացվել են։    
10:52 - 14 ապրիլի, 2024