Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է․ նա բնակիչներին հորդորեց, որ որեւէ ինքնագործունեություն տեղի չունենա։
«Ով կգա, զգացմունքով, ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող մարդ է, կապ չունի այս շարժման եւ իրադարձությունների հետ, բառիս բուն իմաստով ներդրված մարդիկ են»,- ասաց Սրբազանը։
Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի խոսքի ժամանակ երկու անգամ հայտարարեց, որ քաղաքացիները պետք է բացեն ճանապարհը։ Սրբազանն ասաց, որ քաղաքացիները երբ ուզեն, էդ ժամանակ էլ կգնան. «Ձեր ղեկավարությունն է հասցրել էստեղ»։
Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհահատվածը փակած քաղաքացիների մոտ է նաև Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը։ Նա, փոխվարչապետի հետ երեկ կայացած հանդիպմանն անդրադառնալով, ասաց․
«Այն առաջարկները, որոնք ներկայացվել են, համարել ենք, որ սպառնում են Նոյեմբերյան համայնքի անվտանգությանը եւ ՀՀ-ին։ Մենք հայտարարել ենք, որ չենք մասնակցելու այդ գործընթացին»։
Բագրատ Սրբազանի կոչով ակցիայի մասնակիցները այժմ շարժվում են եկեղեցու բակ՝ քննարկման։
Հիշեցնենք, որ Նոյեմբերյան համայնքի բնակիչները այսօր առավոտյան փակել են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհահատվածը։ Նրանք նույն պահանջներն են հայտարարում, ինչ Ոսկեպարի ու Կիրանցի ճանապարհները փակած քաղաքացիները՝ հակառակորդին չհանձնել տարածքները։ Ավելի վաղ տարածքում ծեծկռտուք էր սկսվել։
comment.count (0)