ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Կորեան Հայաստանին է նվիրաբերել շտապօգնության 6 մեքենա

Կորեան Հայաստանին է նվիրաբերել շտապօգնության 6 մեքենա

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել են Կորեայի Հանրապետության դեսպանության և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) ներկայացուցիչներին:  Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լենա Նանուշյանն ընդգծել է հատկապես առողջության համապարփակ ապահովագրության, բժշկական ծառայությունների որակի բարելավման և էլեկտրոնային առողջապահության ոլորտում կորեական լավագույն փորձի ուսումնասիրությունը: Նա կարևորել է նաև Երևանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության գրասենյակի բացումը, ինչը կնպաստի հետագա համագործակցությանը: Ի նշան փոխադարձ բարեկամության և համագործակցության` Կորեայի Հանրապետության կառավարությունը Զարգացման պաշտոնական աջակցության (ODA) 2024 թ. ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերել է շտապօգնության 6 մեքենա, որոնցով կթարմացվի Հանրապետական շտապօգնության ծառայության ավտոպարկը: «Այս փուլում, երբ իրականացնում ենք շտապօգնության ոլորտի բարեփոխումներ, շտապօգնության ավտոպարկը ևս 6 մեքենայով համալրելը կօգնի ավելի լավ կատարել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է փոխնախարար Արմեն Գասպարյանը:  Քննարկվել է նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում աջակցության հնարավորությունը:  
11:14 - 19 դեկտեմբերի, 2024
Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը՝ նվիրված  մոր և մանկան առողջության հարցերին |armenpress.am|

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը՝ նվիրված մոր և մանկան առողջության հարցերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը:  Համաժողովը նվիրված է մոր և մանկան առողջության հարցերին:  Անահիտ Ավանեսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց՝ Հայաստանին և Ռուսաստանին միավորում են ոչ միայն ընդհանուր պատմությունն ու մշակույթը, այլև բժշկական ծառայությունների բարձր որակի ապահովման և քաղաքացիների  կյանքի պայմանների  բարելավման ընդհանուր ձգտումը: «Առողջապահության ոլորտում համատեղ համաժողովների անցկացումը դարձել է բարի ավանդույթ, որը հանդիսանում է կարևոր հարթակ՝ փորձի, գիտելիքների փոխանակման, ինչպես նաև խնդիրներին համատեղ  լուծման տարբերակներ գտնելու համար: Այս տարի մեր համաժողովն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ այն նվիրված է մի առանցքային ու զգայուն թեմայի՝ մոր և մանկան առողջապահության հարցերին: Այս ուղղությունները առաջնահերթ են ցանկացած պետության համար, քանի որ մայրերի և երեխաների առողջությունը հասարակության կայուն զարգացման և մեր բոլորի բարեկեցիկ ապագայի երաշխիքն է: Այսօր մեր համաժողովը ևս մեկ քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և առողջապահության ոլորտում գործընկերության զարգացման ուղղությամբ»,- նշեց Ավանեսյանը: ՀՀ առողջապահության նախարարն ընդգծեց՝ ժամանակակից առողջապահական մարտահրավերները պահանջում են  առավել սերտ համագործակցություն և ջանքերի կոորդինացում: Ըստ նրա՝ Հայաստանը և Ռուսաստանն ունեն հարուստ փորձ և ներուժ, և այս համաժողովը  բացառիկ հնարավորություն է քննարկելու լավագույն պրակտիկաները և համատեղ աշխատանքի ուղիները, որոնք ուղղված են մայրական և մանկական հիվանդացության նվազեցմանը, կանխարգելիչ միջոցների բարելավմանը և բժշկական օգնության հասանելիության ապահովմանը: «Վստահ եմ, որ մեր քննարկումներն ու աշխատանքային հանդիպումները արդյունավետ կլինեն և կօգնեն հիմք դնել նոր նախաձեռնությունների և ծրագրերի, որոնք կլուծեն մայրական և մանկական առողջության ոլորտի կարևորագույն խնդիրները»,-նշեց նա: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, կարևորելով նման համաժողովները, նշեց, որ Հայաստանը և Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են բժշկության մի շարք կարևոր ուղղություններով: Նրա խոսքով՝ համաժողովի ամենամյա անցկացումը ոչ միայն հնարավորություն է տալիս փորձի փոխանակման, այլև թույլ է տալիս նախանշել զարգացման որոշակի ուղղություններ։  ՌԴ առողջապահության նախարարը կարևորեց օնկոլոգիայի ոլորտում համագործակցության հաջող զարգացումը: Քննարկվում են նաև վիրաբուժական միջամտությունների և տրավմատոլոգիայի ոլորտներում համագործակցության հարցեր։ Մուրաշկոն ընդգծեց, որ հաճախակի դարձած ռազմական գործողությունները մեծացնում են տրավմատոլոգիայի զարգացման անհրաժեշտությունը։ Ըստ մասնագետի՝ այս ուղղության զարգացումը հնարավորություն է տալիս փրկել բազմաթիվ կյանքեր և կանխել հաշմանդամությունը։   «Այսօրվա համաժողովի թեման մանկական մահացության խնդիրներն ու վերարտադրողական առողջությունն են։ Անցած 5 տարիների ընթացքում այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, մեր երկրների միջև իրականացվում են արդյունավետ կրթական ծրագրեր։ Միայն այս տարի Ռուսաստանում որակավորման բարձրացում է անցել ավելի քան 40 մասնագետ Հայաստանից։ Մենք շատ ուրախ ենք այս փոխադարձ գիտելիքների հարստացմամբ»,- ասաց  նախարարը։ Նա կարևոր է համարել նաև նորածինների սկրինինգային ծրագրերը, ինչպես նաև գենետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը։ Ընդհանուր առմամբ, այս ամենը հսկայական ներդրում է կատարում և նպաստում է երեխաների առողջությանը՝ նվազեցնելով մանկական մահացության ցուցանիշները։ 
15:41 - 16 դեկտեմբերի, 2024
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 119 կապույտ հազի դեպք

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 119 կապույտ հազի դեպք

Առողջապահության նախարարության «Հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ» երկօրյա սեմինարի շրջանակում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը ներկայացրել է երկրում համաճարակային իրավիճակը` նշելով, որ վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 119 կապույտ հազի դեպք: Սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։ Նշվել է նաև պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների դրական միտումն ու ժամանակին պատվաստման կարևորությունը։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վիճակագրությունը ներկայացրել է ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը` նշելով, որ հանրապետության բժշկական կազմակերպություններին բաշխվել է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ և իրականացվել է բաշխված պատվաստանյութի 68,5 տոկոս։ Հիշեցնենք, որ գրիպի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է, պատվաստումներ իրականացվում են ինչպես առաջնային օղակում, այնպես էլ` պատվաստումային շարժական կետերում (Հյուսիսային պողոտա` Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք, ժամը` 12:00-16:00): Ոլորտի մասնագետներն անդրադարձել են նաև մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավմանը, որը 2022 թվականի համեմատ` աճել է մոտ 2.4 անգամ: Մասնագետները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։
17:05 - 14 դեկտեմբերի, 2024
Նախարարը շեշտում է՝ Հայաստանը պետք է գնա առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով |armenpress.am|

Նախարարը շեշտում է՝ Հայաստանը պետք է գնա առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը պետք է գնա առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով։  Այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2025 թվականի պետական բյուջեով միջոցներ չեն նախատեսվել առողջապահական ապահովագրության  համակարգի ներդրման ֆինանսավորման համար։  «2025 թվականի բյուջեում ապահովագրության ներդրման առաջին փուլի ֆինանսական հատվածը արտահայտված չէ՝ ելնելով այն հանգամանքից, որ համակարգի ներդրման համար որոշակի վերապահումներ կան՝ հասկանալով, որ բարեփոխումը շատ ծավալուն է, բարդ է և շատ մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինելու բարեփոխումների ներդրման համար։ Մենք հասկանում ենք, որ լրացուցիչ աշխատանքները դեռ ամփոփման փուլում են։ Պետք է ասեմ, որ հստակ է քաղաքական խոստումը և մոտեցումը, որ մեր երկիրը պետք է գնա առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով»,- նշեց նախարարը։ Ավանեսյանն ընդգծեց, որ համակարգի ներդրման նպատակն է բարելավել ծառայությունների հասանելիությունը, նվազեցնել քաղաքացիների առողջապահական ծախսերի բեռը և բարձրացնել արվող ծախսերի արդյունավետությունը։ 
17:06 - 13 դեկտեմբերի, 2024
Անահիտ Ավանեսյանը Հայաստանը ներկայացրել է Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ

Անահիտ Ավանեսյանը Հայաստանը ներկայացրել է Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի գագաթնաժողովին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։ «Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնելու Հայաստանը Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ։ Դաշինքը աջակցում է զարգացող երկրներին` բարելավելու իմունիզացիայի մակարդակը, բարձրացնելու պատվաստանյութերի հասանելիությունը, ամրապնդելու սեփական երկրի կարողությունները` բնակչությանը կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով: ԳԱՎԻ Խորհրդի այս շաբաթվա նիստն ավարտվեց մի շարք կարևոր որոշումներով, այդ թվում` դաշինքի 2026-2030 թթ. ռազմավարության հաստատմամբ, որը կոչված է օգնելու երկրներին կատարելագործելու իմունիզացիայի ծրագրերը և փակելու պատվաստանյութերի բացերը առավել խոցելի երկրներում։ Հանդիպումը կարևոր էր նաև միջին եկամուտ ունեցող երկրների համար` ԳԱՎԻ-ի հետագա օժանդակությունից օգտվելու տեսանկյունից»,- գրել է նա։
22:45 - 06 դեկտեմբերի, 2024
Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կստանան աջակցություն գիտական առաջընթաց գրանցելու գործում. Անահիտ Ավանեսյան

Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կստանան աջակցություն գիտական առաջընթաց գրանցելու գործում. Անահիտ Ավանեսյան

Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի նախարարական համաժողովի «Կանայք` գիտության մեջ» (Women in Science) խորագրով պանելային քննարկման ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել ելույթով: «Որպես առողջապահության նախարար` ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում: Միջուկային բժշկությունը դարձել է մեր բժշկական գործիքակազմի էական մասը՝ թույլ տալով ավելի արդյունավետ ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ»,- իր ելույթում նշել է նախարարը: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առաջնորդության իր փորձը, անդրադարձել գիտության զարգացման գործում կանանց դերին և ներուժին:   Նախարարն առանձնահատուկ շեշտել է կին հետազոտողների և բժիշկների դերը, ովքեր էական առաջընթաց են գրանցում բժշկագիտության մեջ՝ մշակելով ճշգրիտ ախտորոշիչ գործիքներ, որոնք այսօր փոխակերպում են քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը:   «ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է տալիս կանանց ներգրավվածության հավասար հնարավորությունների ստեղծմանը պետական կառավարման ոլորտներում` ճանապարհ հարթելով գիտության, այդ թվում` բժշկագիտության ոլորտում կանանց հաջորդ սերնդի համար:   Բոլորիս պարտականությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդ կանայք կստանան աջակցություն և կլինեն վստահ` գիտական առաջընթաց գրանցելու իրենց կարողություններում»,- իր ելույթում ընդգծել է առողջապահության նախարարը:
14:20 - 29 նոյեմբերի, 2024
Անահիտ Ավանեսյանը Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Անահիտ Ավանեսյանը Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին:   Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության շրջանակային փաստաթղթին, որը սահմանում է 2024-2029թթ. տեխնիկական համագործակցության թիրախները հետևյալ ուղղություններով` ախտորոշիչ և ռադիոթերապիայի ծառայություններ. շրջակա միջավայրի ճառագայթման մոնիտորինգ. միջուկային կարգավորող ենթակառուցվածքների հզորացում. միջուկային էներգիայի անվտանգ արտադրություն և ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների բարձրացում: «Տեխնիկական համագործակցության ծրագրերը տարիներ շարունակ աջակցել են Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնին՝ ստեղծելու ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած միջուկային բժշկության բաժանմունք, որը թույլ է տալիս հասանելի դարձնել մի շարք ծառայություններ քաղցկեղ ունեցող մեր պացիենտների համար: Առանձնակի կարևորում եմ փորձագիտական ծառայությունների և մասնագետների վերապատրաստման ծրագրերը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով ուռուցքաբանության ոլորտում կարողությունների զարգացման գործում գործակալության հետ համագործակցության փորձը։   Այցի շրջանակներում նախատեսված է նախարարական հռչակագրի ընդունում, երկկողմ մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի, ԱԷՄԳ անդամ-երկրների ներկայացուցիչների հետ։   «Առողջապահության նախարարությունը կարևոր է համարում Rays of Hope նախաձեռնությանը Հայաստանի մասնակցությունը, ինչը թույլ կտա առաջիկա տարիներին լուրջ զարգացում ակնկալել ոլորտում և կնպաստի Հայաստանում ճառագայթային և միջուկային բժշկության ոլորտի բնականոն զարգացմանը և հնարավորություններ կստեղծի ապագայում որպես խարսխային կենտրոն հանդես գալուն` ապահովելով ճառագայթային բուժման բարձր տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումների հասանելիությունը ոչ միայն մեր, այլև տարբեր երկրների մարդկանց համար»,- ելույթում նշել է նախարար Ավանեսյանը և շարունակել,- «Հայաստանը հավանություն է տալիս Նախարարական հռչակագրին, որն արտացոլում է մեր համատեղ ջանքերը՝ ուղղված հետազոտությունների ընդլայնմանը և միջուկային ռեսուրսների անվտանգ և պատասխանատու օգտագործման ապահովմանը»:
20:32 - 26 նոյեմբերի, 2024
«Վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել». նախարարի հայտարարությունը չափազանցված է ու սխալ
 |fip.am|

«Վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել». նախարարի հայտարարությունը չափազանցված է ու սխալ |fip.am|

fip.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 17-ի կառավարության նիստում հայտնել էր, որ Հայաստանում վերջին տասնամյակներում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման (սելեկտիվ աբորտների) հետևանքով շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել։ «Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն, շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»,— նշել էր նա։ Իսկ վարչապետ Փաշինյանն էլ նշել էր, թե Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա. «Այսինքն՝ մարդկանց ինչ-որ մի մաս նախընտրում է ունենալ տղա երեխա, և սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են»։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը, ճիշտ է, Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ, բայց նախարար Նարեկ Մկրտչյանի արտահայտությունը՝ «վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել», չափազանցված է ու իրականությանը չի համապատասխանում։  Փորձելով հստակեցնել, թե ի՞նչ իրավիճակ է այս ոլորտում, արդյո՞ք կա վիճակագրություն, արվե՞լ են հետազոտություններ, «Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարություններ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից խնդրել էինք ներկայացնել տեղեկություն, թե ինչ տվյալների հիման վրա էր նախարարը պնդել, որ վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների հետևանքով շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել: Նախարարությունից, ի պատասխան, հայտնել են, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն իր ելույթի համար հիմք էր ընդունել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության արդյունքները։  «Հիմք ընդունելով այն, որ բնական ծնունդների գործակիցը պետք է լիներ 1.05, սկսած 1989 թ․-ից ունենք 24,659 չծնված աղջիկ․ այսինքն՝ աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, Հայաստանն արդեն իսկ կորցրել է ոչ միայն աղջիկների, այլև պոտենցիալ ապագա մայրերի, որոնց չծնվելու ու երեխա չունենալու հետևանքով բնակչությունը նվազման կգնա 80.000 մարդով»,- նշել են նախարարությունից։ Ինչպես երևում է, նախարար Նարեկ Մկրտչյանի հայտարարությունը և դրանից հետո նախարարությունից ստացված պատասխանը միմյանցից խիստ տարբեր են․ եթե նախարարը պնդում էր, որ վերջին տասնամյակներում 80 հազար կին չի ծնվել, ապա նախարարությունից հայտնում են, որ 1989 թվականից Հայաստանում չի ծնվել 24,659 աղջիկ, ինչի հետևանքով բնակչությունը կնվազի 80 հազար մարդով։  Ստացվում է, նախարար Նարեկ Մկրտչյանը միջազգային կազմակերպությունների հետազոտություններում նախանշված կանխատեսումները ներկայացրել է որպես իրականություն՝ սխալ տվյալներ հանրայնացնելով։  Առողջապահության նախարարությունից «Փաստերի ստուգման հարթակը» հետաքրքրվել էր, մասնավորապես, թե վերջին տասը տարում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանում քանի՞ աղջիկ չի ծնվել, արդյո՞ք վիճակագրություն վարվում է։ Նախարարությունից, սակայն, արձագանքել են, որ չծնված աղջիկների թվի ճշգրտումը կարող է իրականացվել փորձագիտական գնահատման արդյունքում, ուստի դուրս է ՀՀ առողջապահության նախարարության գործառույթներից։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:51 - 18 նոյեմբերի, 2024
Քննարկվել են համահայկական բժշկական կոնգրեսի առջև դրված խնդիրները

Քննարկվել են համահայկական բժշկական կոնգրեսի առջև դրված խնդիրները

Ուրախ էի ընդունել Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) գործադիր խորհրդի անդամ, Սան Ռաֆայել սրտաբանական բաժանմունքի կլինիկական ղեկավար, AMADEA բարեգործական հիմնադրամի նախագահ Լիլիան Գրիգորյանին։ Քննարկեցինք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք 14-րդ համահայկական բժշկական կոնգրեսի (AMWC2025) առջև դրված խնդիրները: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:   «Կոնգրեսի առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցությունն է, բժշկագիտությանը, Հայաստանում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը և ներդրումները:   Առողջապահության նախարարությունը ակտիվ մասնակցություն է ունենալու AMWC2025-ի աշխատանքներին, իսկ կոնգրեսը կնշանավորվի Իսպանիայի Թագավորության առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ»,- նշված է գրառման մեջ:
22:26 - 08 նոյեմբերի, 2024
Անահիտ Ավանեսյանը և Գևորգ Պապոյանը մասնակցել են «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը

Անահիտ Ավանեսյանը և Գևորգ Պապոյանը մասնակցել են «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը

«Մասնագիտական այն պոտենցիալն ու ձեռքբերումները, որ ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով։ Այս ոլորտում դեռ հեռու ենք ցանկալի արդյունքներից, բայց վստահաբար ունենք դրա մեծ ներուժը, և ժամանակն է առաջ շարժվելու»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Բաց քննարկումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը` Էկոնոմիկայի նախարարության հետ գործակցության արդյունքում։ Քննարկմանը ներկա էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական տուրիզմի ոլորտում առավել մեծ փորձ ունեցող կլինիկաների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ։ Նախարար Ավանեսյանն անդրադարձել է այն հիմնական ուղղություններին, որոնք այժմ բարեփոխման փուլում են` բուժկենտրոնների հիմնորոգում, վերազինում, էլեկտրոնային առողջապահության զարգացում, լիցենզավորման, որակի ստանդարտների և վերահսկողության խստացում։ «Բժշկական տուրիզմ ունենալը ցանկացած երկրի համար մեծ հեղինակություն է և զբոսաշրջային ոլորտի զարգացմանը նպաստող` շատ ավելի եկամտաբեր ուղղություն։ Տուրիզմի զարգացման մեր ռազմավարության մեջ մենք մեծ տեղ ենք հատկացրել առողջապահական տուրիզմին», - նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` հայտնելով պատրաստակամություն առողջապահության նախարարության հետ կոնկրետ ենթածրագրերով համագործակցելու։ Նա անդրադարձել է նաև բժշկական սարքավորումների ձեռքբերման պետական լիզինգային ծրագրին։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնի մեծ ձեռքբերումների արդյունքում` արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունները հաղթահարելու համար Հայաստան են գալիս ոչ միայն հայազգիներ, այլև` քաղաքացիներ աֆրիկական երկրներից, Անգլիայից։ Ակնաբուժական, ստոմատոլոգիական, էսթետիկ բժշկությունն այն հիմնական ուղղություներն են, որոնց բուժծառայություններից օգտվելու համար առավել հաճախ են մարդիկ գալիս մեր երկիր։ Որո՞նք են այն հիմնախնդիրները, որ խոչընդոտում են մեր երկրում այս ոլորտի զարգացմանը, ի՞նչ կարող է անել պետությունը Հայաստանը հենց բժշկական զբոսաշրջության առումով աշխարհին ճանաչելի դարձնելու համար. քննարկմանն այս հարցերի շուրջ իրենց առաջարկներն են արել մասնակիցները։
17:24 - 02 նոյեմբերի, 2024
2025-ին առողջապահության նախարարության ծախսերը կնվազեն 3,5 տոկոսով, կապիտալ ծախսերը կավելանան 1,8 տոկոսով
 |1lurer.am|

2025-ին առողջապահության նախարարության ծախսերը կնվազեն 3,5 տոկոսով, կապիտալ ծախսերը կավելանան 1,8 տոկոսով |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության նախարարության բյուջեն 2025 թվականին կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարից: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարության բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ըստ այդմ՝ ընթացիկ ծախսերով կլինի 3,5 տոկոսի նվազում, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 1,8 տոկոսի, այսինքն՝ 216 մլն դրամի ավելացում: «2024 թվականի բյուջեով նախատեսված էր գումար առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում հատկացման համար: Այսինքն՝ այս գումարը պետք է ծախսվեր առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում, և եթե այս գումարը հաշվի չառնենք, ապա 2025 թվականի բյուջեն 2024-ի նկատմամբ ավելացել է 12,7 մլրդ դրամով»,- ասաց Վահե Հովհաննիսյանը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար նախատեսված էր 18 մլրդ դրամ: Քանի որ համակարգը չի ներդրվել, գումարը չի ծախսվել, բայց գումարը, ըստ նախարարի, բաշխվել է տարբեր ուղղություններով: «Եթե 2024 թվականին նախատեսված առողջության համապարփակ ապահովագրության գումարը հաշվի չենք առնում, ապա 2025 թվականի բյուջեն աճում է 8,5 տոկոսով կամ 12,7 մլրդ դրամով, որը բաշխվում է ըստ տարբեր ուղղությունների»,- պարզաբանեց նախարարը:
14:00 - 01 նոյեմբերի, 2024
Ինչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց. որ ծառայություններն են տրամադրվում անվճար

Ինչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց. որ ծառայություններն են տրամադրվում անվճար

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ եթե Ձեզ մոտ հեպատիտ Ց-ի հակամարմինները արագ թեստի արդյունքում դրական են, հաջորդիվ պետք է կատարվի ՊՇՌ հետազոտություն։   «ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք ունեն հեպատիտ Ց-ի դրական հակամարմիններ, կարող են դիմել ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն անվճար ՊՇՌ հետազոտության համար, որով հաստատվում կամ ժխտվում է հեպատիտ Ց-ի ախտորոշումը։ ՊՇՌ հետազոտությունը կատարվում է ԱՆՎՃԱՐ։   Հետազոտությունները կազմակերպելուց հետո սկսվում է քաղաքացու հակավիրուսային բուժումը, եթե չկան հակացուցումներ։ Որոշվում է՝ ինչ տևողությամբ պետք է բուժումն անցկացվի՝ 3 կամ 6 ամիս։ Բուժման համար դեղերը տրվում են ԱՆՎՃԱՐ:   2024թ. ՀՀ-ում հաշվառված վիրուսային հեպատիտ Ց հիվանդությամբ պացիենտներին, այդ թվում` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող և զուգակցված վարակներ (ՁԻԱՀ/ ՄԻԱՎ, տուբերկուլոզ) ունեցող պացիենտներին, անխափան տրամադրվում են հակավիրուսային նորագույն սերնդի դեղեր:   Ընդհանուր առմամբ` 2021-2024թթ. 9 ամսվա ընթացքում բուժում է ստացել 3010 պացիենտ, որոնցից 95%-ը` շուրջ 2860-ը, լիովին բուժվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:  
12:59 - 01 նոյեմբերի, 2024
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար

ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար

Հոկտեմբերի առաջին շաբաթից սկսվել է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն իրականացնում է մշտադիտարկում այս հիվանդություններով պայմանավորված իրավիճակի զարգացման միտումներին հետամուտ լինելու նպատակով։ Ըստ այդմ` սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակն օրինաչափ և համահունչ է ներկայիս սեզոնին։ Այսպես՝ 2024 թվականի հոկտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշները նախորդ՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթվա համեմատ աճել են, սակայն նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են։ Հարկ է նշել, որ այսօր համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվում են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում, որը կազմում է ընդհանուր դեպքերի 71%-ը։ Ներկա դրությամբ` ՀՀ-ում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վարակների՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսային հիվանդության (SARS-Cov-2) հարուցիչներ։ Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու համար` պատվաստվե՛ք գրիպի դեմ՝ դիմելով առողջության առաջնային պահպանման կազմակերպություն. խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից. եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ. մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար. հագնվե´ք եղանակին համահունչ պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը. օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ. հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները. հետևե´ք անձնական հիգիենային:
12:11 - 25 հոկտեմբերի, 2024
Եվս 1 թանկարժեք դեղ անվճար կհատկացվի բուժառուներին

Եվս 1 թանկարժեք դեղ անվճար կհատկացվի բուժառուներին

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության Ռիաբինի (ռիտուքսիմաբ) 100 մգ/10մլ թանկարժեք դեղը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների ստանդարտ բուժման կարևորագույն այս դեղը կիրառվում է ինչպես առաջնակի ախտորոշված ոչ հոջկինյան ագրեսիվ և ինդոլենտ ընթացքով լիմֆոմաների բուժման դեպքում, այնպես էլ հիվանդության ռեցիդիվի և ռեզիստենտ ընթացքի ժամանակ։ Ռիտուքսիմաբ ակտիվ նյութ պարունակող դեղերի կիրառումը ստանդարտ քիմիաթերապիայի ժամանակ ամբողջ աշխարհում համարվում է B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների բուժման ոսկե ստանդարտ և հանդիսանում է բուժման կարևորագույն բաղադրիչ։ Բուժման արդյունքում բարելավվում է այս բուժառուների ընդհանուր ապրելիությունը` 50-70%-ից դարձնելով մինչև 90%։ Հայաստանում տարեկան ախտորոշվում է շուրջ 180 առաջնակի ոչ հոջկինյան B-լիմֆոմա։ Ժամանակակից գործելակարգերով նրանց բուժումը կազմակերպելու համար այս օժանդակությամբ կթեթևանա բուժառուների ֆինանսական բեռը` ապահովելով առավել արդյունավետ բուժում: Բացի լիմֆոմաներից, դեղը կիրառվում է նաև բարորակ արյունաբանական հիվանդությունների դեպքում՝ իմուն թրոմբոցիտոպենիա և հեմոլիտիկ անեմիա, որպես երկրորդ գծի թերապիա։ Դեղը բուժառուներին տրամադրվելու է բժշկական ցուցումներով` անվճար:
15:06 - 18 հոկտեմբերի, 2024
Եթե «Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը. Ավանեսյան
 |tert.am|

Եթե «Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը. Ավանեսյան |tert.am|

tert.am: «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում եթե տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, ապա կդիտարկվի լիցենզիան դադարեցնելու հարցը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան: Հարցին՝ պետք է պարտադիր քաղաքացի մահանա՞, որ լծակների դիմեք, նախարարությունը հետևո՞ւմ է, որ ինչ-որ բժիշկներ են հայտնվում, բացում են ինչ-որ սենյակներ ու անցկացնում բարդ վիրահատություններ, նա արձագանքեց. «Կխնդրեմ որակումների մեջ մի քիչ ավելի փաստային հանգամանքներ դնել: Տեսեք, կազմակերպությունն ունի լիցիենզիա, լիցենզիայի պայմաներին հետևելու հանգամանքը պետք է տեսչական մարմինները պարզեն և եթե հայտնվեն խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը»: Ինչ վերաբերում է նրան, որ նախորդ տարի ևս այդ կլինիկայում մարդ մահացավ, քրեական գործ կամ հենց ստուգումներ չեղան, որ նմանատաիպ դեպքի կրկնությունը բացառվեր, Ավանեսյանը նշեց, որ քրեական գործի հետ կապված հարցն իրեն չպետք է ուղղվել, բայց պետք է հասկանալ նաև պատճառահետևանքային կապերը: «Ես նորից եմ կրկնում՝ մենք հետևողական ենք լինելու, որ պարզվեն ամբողջ հանգամանքները, ինչն է հանդիսացել մահվան պատճառը, արդյոք տեղի է ունեցել բժշկական սխալ և ինչպիսին, դրանից հետևությունները շատ խիստ են արվելու»,- նշեց նա: Հիշեցնենք, որ վերոնշյալ կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Վերջինիս ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է սկսել։ Վիրահատությունը կատարած պլաստիկ վիրաբույժ և կենտրոնի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարությամբ հանդես է եկել՝ կնոջ մահը կապելով սրտի կաթվածի հետ։ Նույն կենտրոնում մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին։
13:28 - 17 հոկտեմբերի, 2024