armenpress.am: Հայաստանը պետք է գնա առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով։
Այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2025 թվականի պետական բյուջեով միջոցներ չեն նախատեսվել առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման ֆինանսավորման համար։
«2025 թվականի բյուջեում ապահովագրության ներդրման առաջին փուլի ֆինանսական հատվածը արտահայտված չէ՝ ելնելով այն հանգամանքից, որ համակարգի ներդրման համար որոշակի վերապահումներ կան՝ հասկանալով, որ բարեփոխումը շատ ծավալուն է, բարդ է և շատ մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինելու բարեփոխումների ներդրման համար։ Մենք հասկանում ենք, որ լրացուցիչ աշխատանքները դեռ ամփոփման փուլում են։ Պետք է ասեմ, որ հստակ է քաղաքական խոստումը և մոտեցումը, որ մեր երկիրը պետք է գնա առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով»,- նշեց նախարարը։
Ավանեսյանն ընդգծեց, որ համակարգի ներդրման նպատակն է բարելավել ծառայությունների հասանելիությունը, նվազեցնել քաղաքացիների առողջապահական ծախսերի բեռը և բարձրացնել արվող ծախսերի արդյունավետությունը։
comment.count (0)