Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը՝ նվիրված  մոր և մանկան առողջության հարցերին |armenpress.am|
15:41 - 16 դեկտեմբերի, 2024

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը՝ նվիրված մոր և մանկան առողջության հարցերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը: 

Համաժողովը նվիրված է մոր և մանկան առողջության հարցերին: 

Անահիտ Ավանեսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց՝ Հայաստանին և Ռուսաստանին միավորում են ոչ միայն ընդհանուր պատմությունն ու մշակույթը, այլև բժշկական ծառայությունների բարձր որակի ապահովման և քաղաքացիների  կյանքի պայմանների  բարելավման ընդհանուր ձգտումը:

«Առողջապահության ոլորտում համատեղ համաժողովների անցկացումը դարձել է բարի ավանդույթ, որը հանդիսանում է կարևոր հարթակ՝ փորձի, գիտելիքների փոխանակման, ինչպես նաև խնդիրներին համատեղ  լուծման տարբերակներ գտնելու համար:

Այս տարի մեր համաժողովն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ այն նվիրված է մի առանցքային ու զգայուն թեմայի՝ մոր և մանկան առողջապահության հարցերին: Այս ուղղությունները առաջնահերթ են ցանկացած պետության համար, քանի որ մայրերի և երեխաների առողջությունը հասարակության կայուն զարգացման և մեր բոլորի բարեկեցիկ ապագայի երաշխիքն է: Այսօր մեր համաժողովը ևս մեկ քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և առողջապահության ոլորտում գործընկերության զարգացման ուղղությամբ»,- նշեց Ավանեսյանը:

ՀՀ առողջապահության նախարարն ընդգծեց՝ ժամանակակից առողջապահական մարտահրավերները պահանջում են  առավել սերտ համագործակցություն և ջանքերի կոորդինացում: Ըստ նրա՝ Հայաստանը և Ռուսաստանն ունեն հարուստ փորձ և ներուժ, և այս համաժողովը  բացառիկ հնարավորություն է քննարկելու լավագույն պրակտիկաները և համատեղ աշխատանքի ուղիները, որոնք ուղղված են մայրական և մանկական հիվանդացության նվազեցմանը, կանխարգելիչ միջոցների բարելավմանը և բժշկական օգնության հասանելիության ապահովմանը:

«Վստահ եմ, որ մեր քննարկումներն ու աշխատանքային հանդիպումները արդյունավետ կլինեն և կօգնեն հիմք դնել նոր նախաձեռնությունների և ծրագրերի, որոնք կլուծեն մայրական և մանկական առողջության ոլորտի կարևորագույն խնդիրները»,-նշեց նա:

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, կարևորելով նման համաժողովները, նշեց, որ Հայաստանը և Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են բժշկության մի շարք կարևոր ուղղություններով:

Նրա խոսքով՝ համաժողովի ամենամյա անցկացումը ոչ միայն հնարավորություն է տալիս փորձի փոխանակման, այլև թույլ է տալիս նախանշել զարգացման որոշակի ուղղություններ։ 

ՌԴ առողջապահության նախարարը կարևորեց օնկոլոգիայի ոլորտում համագործակցության հաջող զարգացումը: Քննարկվում են նաև վիրաբուժական միջամտությունների և տրավմատոլոգիայի ոլորտներում համագործակցության հարցեր։ Մուրաշկոն ընդգծեց, որ հաճախակի դարձած ռազմական գործողությունները մեծացնում են տրավմատոլոգիայի զարգացման անհրաժեշտությունը։ Ըստ մասնագետի՝ այս ուղղության զարգացումը հնարավորություն է տալիս փրկել բազմաթիվ կյանքեր և կանխել հաշմանդամությունը։  

«Այսօրվա համաժողովի թեման մանկական մահացության խնդիրներն ու վերարտադրողական առողջությունն են։ Անցած 5 տարիների ընթացքում այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, մեր երկրների միջև իրականացվում են արդյունավետ կրթական ծրագրեր։ Միայն այս տարի Ռուսաստանում որակավորման բարձրացում է անցել ավելի քան 40 մասնագետ Հայաստանից։ Մենք շատ ուրախ ենք այս փոխադարձ գիտելիքների հարստացմամբ»,- ասաց  նախարարը։

Նա կարևոր է համարել նաև նորածինների սկրինինգային ծրագրերը, ինչպես նաև գենետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը։ Ընդհանուր առմամբ, այս ամենը հսկայական ներդրում է կատարում և նպաստում է երեխաների առողջությանը՝ նվազեցնելով մանկական մահացության ցուցանիշները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել