ՀՔԱՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը /այսուհետ` ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության եւ մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժեւորող անհատների:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիմնադրվել է 1998 թվականին որպես ՀՔԱ Հայաստանի կոմիտեի մասնաճյուղ, գրանցվել է 2001 թվականին եւ վերագրանցվել է 2005 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունում: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Կազմակերպությունն ունի ներկայացուցչություն Երեւան քաղաքում: Կազմակերպության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է ինչպես Լոռու մարզը, այնպես էլ հանրապետության ողջ տարածքը:

102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել. Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՀՔԱՎ դիմումին
 |factor.am|

102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել. Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՀՔԱՎ դիմումին |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Հելսինկյան ասաբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության դիմումին։ Այս մասին FactorTV-ին հայտնեցին Դատախազությունից։ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։ Ըստ ՀՔԱՎ-ի՝ Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով, որի հիման վրա նա ենթարկվել է կալանավորման 27 օրով և պահվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։ «ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ ՀՀ տարածքում, որոնք ոտնձգություն են ՀՀ-ի ինքնիշխանության և իրավական համակարգի հանդեպ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ՀՀ փաստացի իրավական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը և նրա նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը»,- նշվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։ ՀՔԱՎ-ը հայտարարությանը կից պահանջ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը և այլ իրավապահ մարմիններից՝ գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին ՀՀ իրավական պաշտպանության ներքո վերադարձնելու և քրեական հետապնդման վարույթ հարուցելու ՌԴ ռազմական ոստիկանության ապօրինի գործողությունների հիմքով, որպեսզի կասեցվի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից դուրս։
17:26 - 11 դեկտեմբերի, 2023
ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավոր է վճարել 30 հազարական եվրո Հովհաննիսյանը և Կարապետյանը ընդդեմ Հայաստանի գործով

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավոր է վճարել 30 հազարական եվրո Հովհաննիսյանը և Կարապետյանը ընդդեմ Հայաստանի գործով

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հովհաննիսյանը և Կարապետյանը ընդդեմ Հայաստանի գործով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է 30 հազարական եվրո վճարել Մ․ Հովհաննիսյանին և Ս․ Կարապետյանին՝ նրանց որդիների կյանքի իրավունքի խախտման համար։ Հայտնում են ՀՔԱՎ գրասենյակից։  «Հովհաննիսյանի որդին՝ Ռ․Հովհաննիսյանը և Կարապետյանի որդին՝ Ա․Սարգսյանը անցել են պարտադիր զինվորական ծառայության համապատասխանաբար 2009 և 2008 թթ․։ Երկուսն էլ ծառայել են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 36534 զորամասում։ 2010 թվականի հուլիսի 28-ին Հովհաննիսյանն ու Սարգսյանը 4 ծառայակիցների հետ հայտնաբերվել են սպանված։ Դեպքի վայրում զննություն իրականացնելիս հայտնաբերվել է հրազենը՝ Կալաշնիկով ինքնաձիգ, որով սպանվել էին զինվորները, այն մահացածներից Կ․Ա․-ի ոտքերի մոտ է եղել։ Հարցաքննվողները փաստել են, որ փոխգնդապետ Վ.Պ.-ն սպանություններից ժամեր առաջ փոխգնդապետ Ս.Գ.-ի հետ գնացել է դիրքեր, որտեղ գտել են հերթապահություն իրականացնող զինծառայողներին քնած։ Շարքային Դ.Հ.-ն հայտնել է, որ լսել է՝ ինչպես է փոխգնդապետ Վ.Պ.-ն վիրավորում, հարվածում Կ․Ա․-ին ու ծառայակից Ա.Ս․-ին։ Այնուհետ Դ․Հ․-ն լսել է ինքնաձիգի լիցքավորման ու անմիջապես հետո հրազենի տևական արձակումների ձայնը: Քննությունը պարզել է, որ հուլիսի 28-ին Կ.Ա.-ն իրեն հատկացված «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակել է իր ծառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 զինծառայողները տեղում մահացել են։ Անմիջապես հետո ինքնասպան է եղել Կ․Ա․-ն։ Բժշկական փորձաքննությունները ցույց են տվել, որ բոլոր զինծառայողները օգտագործել են քիչ քանակով ալկոհոլ, իսկ Կ․Ա․-ն եղել է հարբած։ Մինչև զինծառայության անցնելը, 1992-ից Կ․Ա․-ն բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այնտեղ բազմաթիվ անգամներ դատապարտվել է բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, ապօրինի հրազենի և թմրանյութերի պահպանման և ուղղիչ հիմնարկից փախչելու համար: 2009-ին ԱՄՆ-ից արտաքսվել է Հայաստանի Հանրապետություն և զորակոչվել բանակ։ 2012 թվականի հուլիսի 28-ին քննիչ Մ.Բ.-ն որոշել է կարճել վարույթը այն հիմքով, որ իրավախախտումներ կատարած անձինք, մասնավորապես՝ շարքային Կ.Ա.-ն (երկու և ավելի անձանց սպանություն) և ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն (պաշտոնական լիազորությունների չարաշահում) մահացել է։ ՀՔԱՎ-ը՝ ի դեմս ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի և կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանի ստանձնել է Հովհաննիսյանի և Կարապետյանի իրավունքների պաշտպանությունը ներպետական ատյաններում, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այսօր՝ 17․10․2023-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է վճիռը՝ հօգուտ Հովհաննիսյանի և Կարապետյանի։ Ըստ վճռի Հայաստանը խախտել է ՄԻԵԴ 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի նյութաիրավական և դատավարական բաղադրիչները, նաև 13-րդ հոդվածը։ Զինծառայողները չէին սպանվի, եթե զորամասի հրամանատարությունը ուսումնասիրեր Կ․Ա․-ի Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ նրա կատարած իրավախախտումները, նրա արտաքսումը և զինծառայության զորակոչվելու հանգամանքները, պահպանվեր հրազենը բեռնաթափելու և պահեստավորվելու ընթացակարգը, չկիրառվեին ոչ կանոնադրական, փողոցային մեթոդները։ ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավորվում է վճարել 30 հազարական եվրո Մ․ Հովհաննիսյանի և Ս․ Կարապետյանի որդիների կյանքի իրավունքի խախտման համար»,- ՀՔԱՎ-ի փոխանցմամբ՝ ասված է վճռի տեքստում։
10:09 - 18 հոկտեմբերի, 2023
Հայաստանը կվճարի 30 հազար եվրո․ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով

Հայաստանը կվճարի 30 հազար եվրո․ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով`Հայաստանին պարտավորեցնելով Մ․ Դիմաքսյանի հորը փոխհատուցել 30000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։  «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 17․10․2023 թ․ Դիմաքսյանն ընդդեմ ՀՀ-ի վճռով արձանագրել է Մ․ Դիմաքսյանի կյանքի իրավուվունքի խախտման փաստը, նշելով, որ ՀՀ-ն պարտավորվում է Մ․ Դիմաքսյանի հորը փոխհատուցել 30000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ 2010թ․-ին Մ․Դիմաքսյանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012թ․ փետրվարի 5-ին, մարտական հերթափոխի ժամանակ Դիմաքսյանը ստացել է հրազենային վնասվածք ուսի շրջանում՝ իր ծառայակցի՝ Գ․Ա․-ի կողմից։ Դիմաքսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին արյան սուր կորստից։ Ժամեր շարունակ հնարավոր չի եղել վնասվածք ստացած Դիմաքսյանին տրամադրել բժշկական սպասարկում, քանի որ վնասվածք ստանալուց հետո նրան նախ զինվորական բեռնատարով են փորձել են տեղափոխել հիվանդանոց, ապա շտապօգնության պատշաճ չաշխատող մեքենայով, որը չի ունեցել անգամ համապատասխան շտապ օգնության սարքավորումներ։ Նույն օրը հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 2012 թվականի փետրվարի 9-ին մեղադրանք է առաջադրվել միայն Գ.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, ըստ որի վերջինս խախտել է հրազենից օգտվելու կանոնները։ Դիմաքսյանի շահերը ներպետական դատարաններում և հետագայում նաև ՄԻԵԴ-ում ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանձին փաստաբան՝ Արայիկ Զալյանի։ Դիմաքսյանի մահից 11 տարի անց ՄԻԵԴ-ը բավարարել է ներկայացված դիմումը՝ հաշվի առնելով, որ պետությունը չի կատարել կյանքի իրավունքը պաշտպանելու իր դրական պարտավորությունը: Դիմաքսյանի մահը հետևանք է զինվորական ծառայության ընթացքում պետության կողմից զինվորի համար անվտանգ պայմաններ չապահովելու։ Մասնավորապես, դեպքի օրը զորամասի և հերթապահություն կազմակերպելու համար պատասխանատու զինվորական մարմինները չեն վերահսկել զենքի և սարքավորումների ճիշտ օգտագործումը։ Ավելին, պետությունը չի կարողացել ապահովել շտապ բժշկական օգնությունը։ Դատարանը գտնում է, որ ՀՀ-ն խախտել է Դիմաքսյանի ՄԻԵԴ 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի նյութաիրավական և դատավարական բաղադրիչները, որի համար Դիմումատուին պետք է փոխհատուցի 30․000 եվրո»,- ՀՔԱՎ-ի փոխանցմամբ՝ ասված է վճռի տեքստում։
10:01 - 18 հոկտեմբերի, 2023
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը |armenpress.am|

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար, խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ ամփոփելով խորհրդի աշխատանքները։ Նախարարը հայտնեց, որ  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցի փուլային քննարկման առաջարկը կլրամշակվի և նորից կշրջանառվի։ «Հաստատվեց նաև, որ հայցելու ենք Հայաստանի և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների կարծիքները, առաջարկները Սահմանադրական փոփոխությունների մասին, որի լրամշակված տարբերակը նույնպես կտարածվի»,- ասաց Անդրեասյանը։ Անդրեասյանն առաջարկեց հաջորդ խորհրդի նիստը անել ոչ ուղիղ եթերում բացառապես աշխատակարգային հարցեր քննարկելու համար, որպեսզի հանրությունը չծանրաբեռնվի տեխնիկական հարցերի քննարկմամբ։ Նախարարը նաև առաջարկեց հաջորդ նիստ հրավիրել փետրվարի 25-ին՝ հետո նիստեր անցկացնել յուրաքանչյուր տաս օրը մեկ։ Անդրեասյանը հայտնեց նաև, որ հաջորդ նիստին կմասնակցի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
13:33 - 16 փետրվարի, 2022
ՀԿ-ների հայտարարությունը՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ

ՀԿ-ների հայտարարությունը՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։  Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը: Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող  օրհասական իրավիճակի մարտահրավերներին։ Պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն)՝ Անհապաղ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով: դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:   Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Երևանի մամուլի ակումբ «Համայնքային համախմբման և աջակցութան կենտրոն» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ  «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Ստեղծագործ Եվրոպա հարթակ մշակութային ՀԿ  Ինֆորմացիայի ազատության կենտրոն «Փինք» իրավապաշտպան ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան Գորիսի մամուլի ակումբ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Հանրային լրագրության ակումբ  Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ Կանանց իրավունքների տուն Սոսի Թաթիկյան, միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Էդուարդ Աբրահամյան, պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի դասախոս և դոկտորանտ Բենիամին Պողոսյան, Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն
17:56 - 07 փետրվարի, 2022
Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում։  Ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել է խորհրդի անհատական կազմը և դրա գործունեության կարգը: Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:  
17:18 - 27 հունվարի, 2022
Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները

ՀՀ վարչապետի որոշման համաձայն Արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։ Հայտնում են Արդարադատության նախարարությունից, մրցույթի մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թվով 7 հասարակական կազմակերպություններ և թվով 5 արտախորհրդարանական կուսակցություններ: Ամփոփելով մրցույթի արդյունքները և հիմք ընդունելով Որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները` Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ. Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից Որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան): «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան): Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից Որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան). «Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան): Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ միասին։
16:34 - 12 հունվարի, 2022
ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից  պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների հետ։ Հայտարարությունը ստորև․ «Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ, որով նախատեսվում էին իրականացնել մի շարք գործողություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցով, այլև մեկ տարի շարունակ տարբեր հայտարարություններով ու գործողություններով բացեիբաց ի ցույց է դնում իր ռասիստական, հայատյաց, ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, շարունակում է Արցախում հայ բնակիչների սպանությունները և ապացուցում, որ ոչ միայն շահագրգռված չէ խաղաղություն հաստատելու, այլև ունի Հայաստանի տարածքը գրավելու կոնկրետ նկրտումներ: 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և ծավալում են ռազմական գործողություններ, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, ոտնահարում սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքները և հղի են իրավիճակի հերթական էսկալացիայի վտանգներով: 2021թ. նոյեմբերի 11-ից սկսել է էսկալացիայի հերթական փուլ: Մինչ Հայաստանի իշխանությունները դանդաղում են միջազգային կառույցներին դիմելու և միջազգային չափանիշների հիման վրա սահմանազատման և սահմանանշման գործընթացներ նախաձեռնելու գործում, Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել Հայաստանի սահմանային տարածքի առանձին հատվածներ: Եռակողմ հայտարարությամբ ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն ստանձնած Ադրբեջանը 2021թ. մայիսի 15-ից մաքսային և սահմանային անցակետեր է տեղադրել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածներում: Ադրբեջանի իշխանությունները հստակորեն իրականացնում են ճանապարհների փաստացի շրջափակման, Հայաստանի բնակավայրերի փաստացի մեկուսացման ու բնակիչների ահաբեկման քաղաքականություն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում մեկուսացնելով 9 գյուղ (Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ)՝ խաթարելով հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների բնականոն կյանքը, անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, ազատ տեղաշարժը, կրթության, սննդամթերքի և բուժօգնության հասանելիության, եկամուտ վաստակելու իրավունքները: Նշված ճանապարհի արգելափակման հետևանքով ծանրաբեռնվել է Տաթև-Կապան մայրուղին՝ խաթարելով տասնյակ հազարավոր այլ մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը և այլ իրավունքները: Ադրբեջանը, փաստացի, հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ՝ առանձին տարածքներ զբաղեցնելու նպատակով, ինչը նույնիսկ չի թաքցվում տվյալ երկրի ղեկավարի կողմից: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակահարմար չի համարում միջամտելը, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերները առավել գերադասում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանումը ՀԱՊԿ-ի շրջանակում վերցրած իրենց պարտավորությունների կատարումից։ Ստեղծված ճակատագրական իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանների և քաղաքացիների անվտանգության ապահովման անմիջական և առաջնային պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են, որոնք պարտավոր են արագ և վճռական գործել՝ կանխելու ՀՀ քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները և նրանց անվտանգության սպառնալիքները: Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց: Խաղաղության պահպանման պատրվակով արտաքին ագրեսիայի դեմ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների անգործությունը փաստացի հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ոտնձգությունների ու ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների: Պահանջում ենք ՀՀ վարչապետից և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ձեռնարկել հետևյալ գործողությունները. ● Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ դրանք քննելու և գնահատական տալու նպատակով. ● ծանուցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ համապատասխան կառույցներին և երկկողմ գործընկեր պետություններին՝ այդ կազմակերպություններում և պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում դրանց միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տեղեկացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրա հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ. ● վերը նշված բոլոր կառույցներում և միջազգային հնարավոր բոլոր հարթակներում հստակ ներկայացնել ադրբեջանական շարունակական ագրեսիայի և, մասնավորապես, ճանապարհների շրջափակման, անցակետերի տեղադրման և Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի բնակավայրերի հարևանությամբ տեղակայման ու պարբերաբար ներխուժման հետևանքները՝ դադարել, վերջապես, անտեսել հետպատերազմական իրավիճակում մարդու իրավունքների ոտնահարումները և հումանիտար խնդիրները. ● միջազգային համապատասխան բոլոր կառույցներում ակտիվորեն առաջ մղել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության (ոչ ռազմականացված գոտու) ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության սահմանների և սահմանամերձ բնակչության անվտանգությունը՝ մինչև միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի ներգրավմամբ սահմանազատման/սահմանանշման գործընթացի մեկնարկն ու բարեհաջող ավարտը»: 1. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 2. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 4. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան 5. Հեռանկարային զարգացման կենտրոն 6. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 7. Գորիսի մամուլի ակումբ 8. Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ 9. Խաղաղության երկխոսություն 10. Հանրային լրագրության ակումբ 11. Ինֆորմացիայի ազատության կետրոն ՀԿ 12. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ 13. Երեւանի մամուլի ակումբ 14. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 15. «Ժողովրդավարություն այսօր» ՀԿ 16. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն 18. Հայաստանի կանանց նախաձեռնություն
14:54 - 16 նոյեմբերի, 2021
ԱԱԾ ծառայողները որևէ մասնակցություն չեն ունեցել ոստիկանության ուժեղացված ծառայությանը

ԱԱԾ ծառայողները որևէ մասնակցություն չեն ունեցել ոստիկանության ուժեղացված ծառայությանը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ԱԱԾ ծառայողները որևէ մասնակցույուն չեն ունեցել հուլիսի 21-ի երեկոյան Երևանում ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայությանը:  «2021 թվականի հուլիսի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է  «ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակին, և անհամաչափ են» խորագրով հաղորդագրություն և ներկայացրել, որ «2021 թվականի հուլիսի 21-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացրել է այսպես կոչված «ուժեղացված ծառայություն»՝ խուզարկելով ինչպես Երևանում երթևեկող,  այնպես էլ Երևանից դեպի մարզեր և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները»: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ կառույցի ծառայողները որևէ մասնակցություն չեն ունեցել վերոնշյալ միջոցառմանն ու պահանջում է այսուհետև զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելու և տարածելու գործելաոճից: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին հորդորում ենք սեղմ ժամկետներում հերքել տվյալ միջոցառմանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության մասնակցության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը»: Հիշեցնենք, որ հուլիսի 21-ի երեկոյան ոստիկանությունը Երևանում ուժեղացված ծառայություն էր իրականացրել։
15:28 - 23 հուլիսի, 2021
Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի դիտարկման արդյունքներ․ Աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրներ |hcav.am|

Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի դիտարկման արդյունքներ․ Աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրներ |hcav.am|

hcav.am: «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։ Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ Ներկայացնում ենք զեկույցի առանձին մասերը՝ ըստ խախտումների բնույթի։ Աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրներ Աշխատանքային իրավունքների խախտումն ընտրական գործընթացում ամենատարածվածներից և միաժամանակ ամենաբարդ փաստագրվողներից է։ Հաշվի առնելով Հայաստանում առկա սոցիալական խնդիրները, գործազրկության մակարդակը՝ աշխատանք ունեցողները խուսափում են խոսել այս մասին և ենթարկվում են գործատուների ապօրինի հրահանգներին՝ միայն բացառիկ դեպքերում ընդվզելով քաղաքական հայացքների պատճառով հետապնդման դեմ։ Սա վկայում է շարունակվող համակարգային խնդրի՝ աշխատանքային իրավունքների պաշտպանված չլինելու իրողության մասին։  Այս առումով ահազանգերի հիմնական մասը ներկայացված է այլ բաժիններում։ Ստացված ահազանգերը վերաբերում են խոշոր գործարաններին, բժշկական կենտրոններին, մասնավոր այլ հիմնարկներին և ՏԻՄ աշխատակազմերին։ Ահազանգերի զգալի մասը վերաբերում է ընդդիմության կողմից  ֆինանսական և տնտեսական կախվածության օգտագործմանը։ Բացի վերոնշյալ դեպքերից, թե՛ լրատվամիջոցներում, թե՛ դիտորդների կողմից արձանագրվել է «Գազպրոմ Արմենիա» հիմնարկի աշխատակիցների զանգվածային մասնակցությունը «Հայաստան» դաշինքի՝ Երևանում կազմակերպած հանրահավաքին։
13:59 - 17 հունիսի, 2021
Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի դիտարկման արդյունքներ․ «Անկախ դիտորդ» |hcav.am|

Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի դիտարկման արդյունքներ․ «Անկախ դիտորդ» |hcav.am|

hcav.am: «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։ Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ Ներկայացնում ենք զեկույցի առանձին մասերը՝ ըստ խախտումների բնույթի։ Վարչական/բիզնես ռեսուրսների կիրառում Այս ընտրությունների էական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարչական ռեսուրսների ու լծակների տիրապետում է ոչ միայն իշխող ուժն, այլ նաև ընդդիմությունն, ում աջակցում են բազմաթիվ համայնքապետեր՝ ՀՀ ողջ տարածքում։ Արձանագրված դեպքերից մեկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ենթադրյալ չարաշահման մասով հայտարարություն է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի դեմ։ Մյուս բոլոր դեպքերում ավելի շատ գործ ունենք ընդդիմության կողմից վարչական ռեսուրսի կիրառման հետ։ Ընդհանուր դիտարկմամբ հստակ է, որ ընդդիմադիր համայնքապետերի զգալի մասը լծված է քարոզչություն իրականացնելուն (նաև աշխատանքային ժամերին)։ Նրանք են նաև ապահովում «Հայաստան» դաշինքի մարզային հանիպումների մասնակիցներին։ Վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված որոշ դեպքեր ներկայացված են ստորև․   ըստ ստացված ահազանգերի՝ Գյումրի քաղաքում՝ դպրոցների տնօրենների մասնակցությամբ ուսուցիչներին փորձել են ուղղորդել տարբեր կերպերով Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություների անունից (միգուցե առանց նրանց իմացության) ներգրավելու տեղամասային ընտրական հանձնաժողովներում։ Ըստ ստացված տեղեկությունների՝ այս գործընթացն իրականացվում է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների հետ ասոցացվող անձանց կողմից։ Դիտարկված ժամանակահատվածում վարչական ռեսուրս կիրառել է նաև իշխող ուժը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, մի շարք նախարարների պաշտոնակատարների մարզային այցերին իրենց աշխատանքային ժամերին մասնակցել են մարզպետներ, մարզպետարանների աշխատակիցներ՝ իրենց աշխատանքային ժամերին կամ չգտնվելով արձակուրդի մեջ։ Սյունիքի մարզում հավաքներին հարկադրված մասնակցել են «Հայաստան» դաշինքի հետ ասոցացվող գործարարների աշխատակիցներ և համայնքային հիմնարկների աշխատակիցներ։ Վարչական ռեսուրսի չարաշահում են նաև համայնքային բյուջեի հաշվին տրամադրվող աջակցության դեպքերը, որոնք նկարագրվել են ընտրակաշառքների ահազանգերին վերաբերող հատվածներում: Փոսային նորոգումների աշխատանքներ են մեկնարկել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Ըստ ստացված տեղեկատվության՝ այս գործողություններն իրականացվում են «Հասյաստան» դաշինքի օգտին՝ համայնքային բյուջեի հաշվին փաստացի ապահովելով նաև որոշ անձանց ժամանակավոր զբաղվածությունը։
13:11 - 16 հունիսի, 2021
Մի շարք ՀԿ-ներ պահանջում են հանրությանը հասանելի դարձնել բանակցվող փաստաթղթի ամբողջական նախագիծը․

Մի շարք ՀԿ-ներ պահանջում են հանրությանը հասանելի դարձնել բանակցվող փաստաթղթի ամբողջական նախագիծը․

Մի շարք ՀԿ-ներ պահանջում են հանրությանը հասանելի դարձնել բանակցվող փաստաթղթի ամբողջական նախագիծը․ 2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»: 2020 թվականի արցախյան պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից ղեկավարվող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը չեն վայելում հանրային այն վստահությունը, որը ձեռք էին բերել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այն, որ ընտրություններից ընդամենը 2.5 տարի հետո երկիրը անցնում է քաղաքական ցնցումների միջով և հարկադրված է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրա վկայությունն է: Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ կառավարության և պետական այլ մարմինների կողմից հանրությանը չի տրամադրվել ճշգրիտ տեղեկատվություն՝ հանգեցնելով ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածմանը, ինչն առավել խոցելի է դարձրել հանրությանը և արդարացիորեն խորացրել անվստահությունը պետական հաստատությունների և իշխող քաղաքական ուժի նկատմամբ: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ։ Ժամանակավոր կառավարության և արդեն իսկ կազմալուծված Ազգային ժողովի պայմաններում, Փաշինյանը չի կարող ընդունել Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական որոշումներ և միանձնյա գնահատել դրանց համապատասխանությունը Հայաստանի շահերին` դրանք անվանելով «հայտարարություն» և դրանով հանդերձ խուսափելով միջազգային պայմանագրերին միանալու համար սահմանված պատշաճ իրավական գործընթացից: Ընդ որում, հարկ ենք համարում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ն.Փաշինյանին հիշեցնել, որ ըստ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով: Եթե տարածքային զիջումները կամ որևէ այլ պայմանավորվածություններն իրականացվում են հարկադրաբար, ապա նաև տեղեկացնում ենք, որ ՀՀ կողմից վավերացված Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 51-52-րդ հոդվածների համաձայն պետության ներկայացուցչին հարկադրելու և ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի միջոցով պետությանը հարկադրելու եղանակով ձեռքբերված պայմանավորվածությունները համարվում են առոչինչ: Ելնելով վերոնշյալից, մենք՝ ներքոստորագրյալներս պահանջում ենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱՆՀԱՊԱՂ՝ 1. Հանրությանը հասանելի դարձնել բանակցվող փաստաթղթի ամբողջական նախագիծը. 2. Ներկայացնել, թե` ● ինչպիսի արդյունքների է հանգել Ադրբեջանի զինված ստորաբաժանումների Հայաստան ներխուժման խնդիրը ՀԱՊԿ-ի առջև հարցը բարձրացնելուց հետո, և ինչ քայլեր են ձեռնարկվում վերջինիս կողմից. ● ինչ քայլեր են արվել առհասարակ արցախյան պատերազմից հետո ծագած, այդ թվում՝ գերեվարված անձանց արձակման հարցերը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնելու առումով. ● ինչ քայլեր են մինչ օրս արվել քաղաքական ու ռազմական գործընկերների դիվերսիֆիկացումն ապահովելու ուղղությամբ և ինչ ընթացք է տրվել Հայաստանի շահերին սատարող մի քանի երկրների կողմից հնչեցված քաղաքական ու ռազմական աջակցության առաջարկներին. ● Ինչ քայլեր են արվում երաշխավորելու համար առաջին հերթին սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականության գաղտնի գործընթացները բազմիցս են մարտահրավերներ ստեղծել մեր պետության համար: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ տրվի, և հետայսու որևէ կառավարություն և քաղաքական ուժ չպետք է շրջանցի ժողովրդին և ընդունի պետության համար ճակատագրական և անդառնալի որոշումներ՝ նեղ անձնական կամ խմբակային շահերից ելնելով: Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանանշմանը, այն կարող է իրավական համարվել միմիայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ ներկայացուցիչների ներգրավմամբ՝ միջազգային իրավունքի նորմերով ամրագրված իրավական գործընթացների շրջանակներում։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Երեւանի մամուլի ակումբ ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ Հանրային լրագրության ակումբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Փինք» իրավապաշտպան ՀԿ «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
16:24 - 20 մայիսի, 2021
Կոչ ենք անում բոլոր մարմիններին գործել սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան

Կոչ ենք անում բոլոր մարմիններին գործել սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան

ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու այլ պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ԱԱԾ) տնօրենը, ոստիկանության պետը, արդարադատության նախարարը, Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, գլխավոր դատախազը, հատուկ քննչական ծառայության պետը, քննչական կոմիտեի նախագահը, բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) անդամներ, վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն, վերաքննիչ վարչական դատարանի նախագահը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը և պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2020թ․ նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները։ Մասնավորապես՝  Ազգային ժողովի նախագահի դեմ իրականացված հարձակման դեպքով հարուցված քրեական գործի ընթացքի, հանցակազմ պարունակող արարքներում և դրանց կազմակերպման գործում ներգրավված անձանց բացահայտման մանրամասները ներկայացրել են գլխավոր դատախազը և ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը: Հաղորդագրության համաձայն՝ առարկայական քննարկում է տեղի ունեցել նաև դատական համակարգի գործունեության վերաբերյալ։ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի մոտ նման ձևաչափով և օրակարգով քննարկումները խիստ անընդունելի են՝ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված իշխանության տարանջատման, դատական իշխանության անկախության սկզբունքների խախտման, ինչպես նաև իշխանության տարբեր ճյուղերը ներկայացնող մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությունների հիմքով։ Մասնավորապես․ ՀՀ սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազն ընտրվում և պաշտոնանկ է արվում Ազգային Ժողովի կողմից։ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: ՀՀ սահմանադրությամբ և իրավական որևէ այլ ակտով նախատեսված չէ գործադիր իշխանության ղեկավարի հանդեպ գլխավոր դատախազի հաշվետվողականության իրավակարգավորում, ուստի քննարկվող խորհրդակցության ընթացքում գլխավոր դատախազի կողմից քրեական գործերով նախաքննության տվյալների ներկայացումը իրավական անթույլատրելի վարքագիծ է և հակասում է վերջինիս սահմանադրական կարգավիճակին։ ՀՀ սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ-ն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։ ՀՀ սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատարանների գործունեությանը որևէ միջամտություն արգելված է։ Սույն հոդվածից ուղղակիորեն բխում է, որ վարչապետի հրավիրած խորհրդակցության օրակարգով կոնկրետ քրեական գործերի քննարկմանը դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությունը խաթարում է դատական իշխանության անկախությունը, քանզի կոնկրետ քրեական գործերով նախաքննության մանրամասների քննարկումը գործադիր իշխանության ղեկավարի մասնակցությամբ կաշկանդում է դատական իշխանության գործառույթային անկախության սկզբունքը։ Բացի այդ, ներկայացվող տեղեկատվությունը դատավորների մոտ կարող է ձևավորել կանխակալ վերաբերմունք հետագայում այդ քրեական գործերի դատաքննության ընթացքում ապացույցների օբյեկտիվ գնահատման տեսանկյունից։ Հիշյալ հանգամանքներով պայմանավորված՝ ԲԴԽ անդամների և դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերոնշյալ խորհրդակցությունը սահմանադրության ոգու և տառի ոտնահարման դրսևորում է՝ ևˊ հրավիրողի ևˊ մասնակիցների  կողմից։ Նման օրակարգով խորհրդակցությանը օրենսդիր և գործադիր իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությունը վկայում է իշխանության բարձրագույն մարմինների կողմից պետական ինստիտուտների գործառույթների էության  չգիտակցման, պետական կառավարման համակարգի կազմակերպման և գործունեության վերաբերյալ նախատեսված սահմանադրաիրավական կարգավորումների անտեսման մասին։ Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված կոչ ենք անում պետական իշխանության բոլոր մարմիններին գործել իրենց սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան և կասկածի տակ չդնել պետական ինստիտուտների գործունակությունը։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» «ԱՍՊԱՐԵԶ» լրագրողների ակումբ ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
00:13 - 02 դեկտեմբերի, 2020
Հրատապ և անհրաժեշտ քայլեր․ քաղհասարակության կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Հրատապ և անհրաժեշտ քայլեր․ քաղհասարակության կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Քաղհասարակության 10 կազմակերպություն համատեղ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «44-օրյա պատերազմը և դրանում մեր պարտությունը՝ որպես խոր ճգնաժամ, բազմաթիվ մարտահրավերներ ստեղծեց մեր ազգի և պետության համար. Հայաստանի և Արցախի ժողովրդի և պետության անվտանգությունից և ապահովությունից մինչև արդարադատություն, մարդու իրավունքներ, մարդասիրական և վստահության խնդիրներ: Թեպետ անկոտրում ենք՝ դրանք հաղթահարելու և առաջ շարժվելու հարցում, միաժամանակ գիտակցում ենք, որ այդ նպատակին հասնելու համար մեր միջոցները սահմանափակ են, բայց և վատնելու իրավունք և ժամանակ չունենք: Բազմաթիվ այս մարտահրավերները, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած շատ ծանր են, կարող ենք հաղթահարել միայն այն դեպքում, եթե ազնվորեն և անթաքույց դիմագրավենք դրանք և գործենք մարդկանց խնդիրները նրանց մարդկային արժանապատվության հանդեպ պատասխանատվության գիտակցության հիման վրա: Ստեղծված իրավիճակի գիտակցումն առանձնապես ցավոտ է հիմա, երբ պարզ է դարձել, որ նշված բոլոր այդ խնդիրներից կարելի կլիներ խուսափել, եթե միայն բավականաչափ ազնվություն և արիություն ցուցաբերած լինեին թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարությունները և դրանց ղեկավարները: Ստորև ձևակերպում ենք բազմաթիվ խնդիրներից ամենահրատապները, որոնք, մեր համոզմամբ, սահմանափակում են ճգնաժամերի երկարաժամկետ լուծումների մեր կարողությունը, որպեսզի Հայաստանում և արտերկրում վերականգնվի մարդկանց վստահությունը պետության հանդեպ՝ հավատն առ այն, որ վերջինս նպատակ ունի վերականգնվել որպես լիարժեքորեն ինքնիշխան, իրավունակ և ժողովրդավար պետություն, որը բավականաչափ զորեղ և արդյունավետ կլինի, պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, երաշխավորելու նրանց իրավունքներն ու բարօրությունը, և ապահովելու պետության, նրա քաղաքացիների երկարաժամկետ և կայուն զարգացումը: 1.Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, և մենք ողջունում ենք բոլոր այն երկրների եւ, մասնավորապես, Ռուսաստանի ջանքերը, որոնք ուղղված էին հրադադարի հաստատմանը: Այժմ, երբ հրադադարը գործում է, Հայաստանի իշխանությունները, Կառավարությունը, Ազգային ժողովը պարտավոր են ապահովել այնպիսի վերջնական պայմանագրի կնքումը, որը բավականաչափ արդյունավետ և հաշվետու մեխանիզմներ կպարունակի խաղաղության և անվտանգության երաշխավորման համար: Պայմանագրով պետք է հստակեցվեն Արցախում ապրող եւ Արցախ վերադարձող մարդկանց իրավունքների ապահովման մեխանիզմները, ինչպես նաև՝ այդ իրավունքների խախտումներին հակազդելու և դրանց հետևանքները վերացնելու մեխանիզմները: Պայմանագրի գործունակ լինելու կարեւոր և անհրաժեշտ պայման է նրա միջազգային ճանաչումը, այն պետք է վերահսկվի միջազգային ամենաբարձր մակարդակով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Դրան հասնելու համար կառավարությունը պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրի և կատարի քայլեր, որպեսզի վերջնական խաղաղության բանակցություններին ներգրավվի այն մարմինը, որն այդ նպատակի համար լիազորվել է միջազգային ամենաբարձր կառույցի՝ ՄԱԿ-ի կողմից: Դա ՄԱԿ-ից բանակցությունների միջնորդության մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբն է: 2.Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի իրագործած ագրեսիայի հետևանքով խախտվել են տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքները. նրանց կյանքը վտանգվել է ռումբերի և այլ զինամթերքի՝ ներառյալ միջազգային իրավունքի նորմերով արգելված զենքի կիրառությամբ անդադար հասցված հարվածների հետևանքով: Խախտվել է նրանց տների, տնտեսությունների եւ անհրաժեշտ ենթակառուցվածանքների անձեռնմխելիությունը: Պատերազմի պայմաններում մոլեգնող կորոնավիրուսի համավարակի պատճառով կրկնակի վտանգվել է նրանց առողջությունը: Մարդասիրական միջազգային իրավունքի եւ ավանդութային նորմերի բազմաթիվ խախտումներ են կատարվել մեր զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ: Պղծվել են դիակներ, խոշտանգվել եւ բազմազան եղանակներով նվաստացվել են ռազմագերիներ: Հայաստանի կառավարությունը պարտավոր է մշակել և ընդունել այդ խախտումների հետևանքներին հետամուտ լինելու ծրագիր, որպեսզի իրավունքները, հնարավորության դեպքում, վերականգնվեն, իսկ մեղավորները կանգնեն արդարադատության կամ այլ օրինական պատասխանատվության առջև: Այս նպատակով Հայաստանի կառավարությունը պետք է սերտ համագործակցի միջազգային կառույցների հետ պատերազմական գործողությունների ժամանակ պատերազմական հանցագործությունների փաստերով միջազգային քրեական արդարադատություն իրականացնելու նպատակին հասնելու համար։ Հայաստանի կառավարությունը պետք է հստակորեն ձևակերպի եւ հայտարարի, թե ինչ աջակցություն է իրեն անհրաժեշտ քաղաքացիներից, քաղաքացիական հասարակության և սփյուռքի հաստատություններից, և, թե՝ միջազգային որ կառույցներին են հասցեագրվելու գործադրվող ջանքերը: 3.Մենք շարունակում ենք գտնվել համավարակի մեջ. հազարավոր մարդիկ չունեն ոչ միայն անհատական պաշտպանիչ միջոցներ, այլև՝ կենցաղային պատշաճ պայմաններ և միջոցներ: Սա ագրեսորի գործողությունների հետևանքով բարդացած եւ խորացած մարդասիրական ճգնաժամ է: Կառավարությունը պարտավոր է ձևավորել մարդասիրական կառույցների հնարավորինս լայն շրջանակ, ներգրավել տարբեր միջազգային կառույցների՝ առողջապահական և մարդասիրական ճգնաժամին միասնաբար հակազդելու նպատակով։ Այս նպատակով կառավարությունը հրատապ պետք է դիմի բոլոր հնարավոր միջազգային եւ օտարերկրյա հաստատություններին տեխնիկական եւ մարդասիրական բոլոր հնարավոր օժանդակությունների խնդրանքով, ջանքերով եւ բանակցություններով: 4.Հանրության շրջանում կառավարության ունեցած երբեմնի բարձր վստահությունը խստորեն սասանված է. դրա պատճառներից հիմնականն են արդյունավետ կառավարման անկարողությունը, առաջնորդության, նախաձեռնողականության եւ պատասխանատվության ակնհայտ դեֆիցիտը և հաշվետու գործելակերպի բացակայությունը: Թեպետ վերոհիշյալ ճգնաժամերի և առկա քաղաքական ուժերի նկատմամբ հանրային ցածր վստահությանը, ստեղծված իրողության պայմաններում ընտրությունների միջոցով քաղաքական պատշաճ անցում ապահովելու համար ժամանակ և հնարավորություններն առկա չեն։ Գործող կառավարության ողջամիտ պարտավորությունն է նման գործընթացի սկսելը, մասնավորապես՝ առաջին հերթին հայտարարելով խորհրդարանական արտահերթ ընտրություններին հասնելու նախապատրաստման ծրագրի մասին, որը կներառի ժամկետները, օրենսդրության և իրավանորմերի վերջնամշակումն ու ընդունումը՝ երաշխավորելու համար հնարավոր ամենածավալուն հանրային վստահությունն այդ քաղաքական գործընթացի նկատմամբ ազատ և արդար ընտրությունների երաշխավորման նպատակով։ 5.Հաշվի առնելով այս պատերազմի եւ նախընթաց տասնամյակների ծանր դասերը, իշխանությունները պարտավոր են հրատապ կերպով ձեռնարկել երկրի կենսագործունեության ոլորտների ինքնաբավության, այդ թվում, ժողովրդագրական, գիտական, կրթական, արդյունաբերական, ռազմական, պարենային, էներգետիկ, քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքային համակարգերի անվտանգության և զարգացման հայեցակարգերի և ռազմավարությունների մշակման գործընթաց: Այդ հայեցակարգերի եւ ռազմավարությունների մշակման և ձեւակերպման առավել արդյունավետության համար իշխանությունը պարտավոր է ապահովել մասնագիտական լայն շրջանակների ներառականությունը և կարողությունների ներգրավումը»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հանրային լրագրության ակումբ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ Խաղաղության երկխոսություն ՀԿ
19:53 - 26 նոյեմբերի, 2020
ՀՔԱՎ դիրքորոշումը «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՔԱՎ դիրքորոշումը «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերը նախատեսում են անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքին միջամտություն։ Դրական գնահատելով անմիջական դատական վերահսկողության սահմանումը՝ անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքին միջամտության նկատմամբ, գտնում ենք, որ Նախագիծը անհրաժեշտ է լրացնել անհրաժեշտ կարգավորումներով անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության գործուն երաշխիքների ապահովման նպատակով։ ՀՔԱՎ-ը, ի թիվս այլնի, առաջարկում է. 1. ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմամբ ամրագրված լրացուցիչ երաշխիքների առկայությունն օրենսդրական մակարդակով, մասնավորապես՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու պարտականությունը հարկադրաբար կատարելու դեպքում՝ ապահովել բժիշկի մասնակցությունը։ 2. նախատեսել նախքան ֆիզիկական ուժի կիրառումը բժշկի կողմից եզրակացության տրամադրումը՝ անձի առողջական վիճակի և իրականացվող միջամտության համատեղելիության վերաբերյալ,  3. ապահովել անձի համար միջամտության բնույթի, կիրառվող մեթոդների և միջոցների մասին տեղեկության հասանելիություն, 4. սահմանել, որ անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը իրականացվում է՝ հաշվի առնելով 1) հանցագործության ծանրությունը (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը), 2) հարկադրանքի բնույթը, աստիճանը, 3) անձի առողջության համար վնասի առաջացման հնարավոր վտանգները։ Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
10:19 - 25 սեպտեմբերի, 2020
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ․ ՀՔԱՎ |hcav.am|

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ․ ՀՔԱՎ |hcav.am|

hcav.am: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակական դիտորդական խմբի կողմից համատեղ մշակվել և 2020 թվականի մայիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարարություն են ներկայացվել առաջարկություններ, որոնք չեն ընդունվել այն հիմնավորմամբ, որ Նախագծով նախատեսված կարգավորումները բխում են Ազգային ժողովի կողմից 2-րդ ընթերցմամբ ընդունված «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից։ ՀՀ առողջապահության նախարարության հիմնավորումը գնահատում ենք ոչ պատշաճ, քանի որ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ բովանդակային եզրակացություն չի տրամադրվել։ Կարող ենք արձանագրել, որ նախարարությունը ցուցաբերել է անգործություն ներկայացված առաջարկությունները պատշաճ ջանասիրությամբ ուսումնասիրելու համար։ ՀՀ Կառավարության կողմից  ՀՀ Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Նախագծի կարգավորումները շարունակում են մնալ խնդրահարույց և հակասող ՀՀ Սահմանադրական դատարանի 30.01.2020թ. թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումներին։ Վերահաստատելով ներկայացված առաջարկությունները՝ հորդորում ենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ազգային ժողովի պատգամավորներին Նախագծում իրականացնել փոփոխություններ, որոնք  ուղղված կլինեն երեխայի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի արդյունավետ պաշտպանությանը։ Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ
15:34 - 05 սեպտեմբերի, 2020