Վանաձոր

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։ Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի առաջին հատակագիծը։ Մակերեսը՝ 32 քառ․կմ, բնակչության  թիվը, ըստ 2019 թվականի տվյալների, 78․400 մարդ։

 Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի թեկնածուները քննարկում են խոշորացված համայնքի հավասարաչափ զարգացման իրենց ծրագրերը

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի թեկնածուները քննարկում են խոշորացված համայնքի հավասարաչափ զարգացման իրենց ծրագրերը

Վանաձոր խոշորացված համայնքում այժմ երեք գյուղ է ներառված՝ Շահումյանը, Գուգարքը և Դարպասը։ Հարցին՝ ինչպե՞ս են թեկնածուները պատկերացնում խոշորացված համայնքի հավասարաչափ զարգացումը,  «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Մամիկոն Ասլանյանը նշեց, որ Վանաձորը երբեք գյուղական բաղադրիչ չի ունեցել ու այս առումով կարող են խնդիրներ ծագել։  «Խոշորացման պրոցեսում ծագելու են բազմաթիվ օրենսդրական և այլ խնդիրներ, որոնք պետք է կարողանալ անցնել սահուն, նկատի ունեմ՝ կազմակերպչական առումով։ Ինչպես եմ ես մտածում․ ես կարծում եմ, որ քաղաքը պետք է գյուղին չկլանի և գյուղն էլ քաղաքին, բայց պետք է այնպիսի շղթա ստեղծել, որ կարողանանք ներքին սպառումը ապահովել, թե՛ գյուղարտադրության, թե՛ իրացման առումով։ Ի դեպ մեր ծրագրերի մեջ նշված է, ես էլ բազմաթիվ ուսումնասիրություններ ունեմ Շահումյան գյուղի հյուրատնային տուրիզմի զարգացման հետ կապված։ Ու նաև Մայմեխ լեռնադահուկային ծրագիր էր մեկնարկում, որը չգիտեմ՝ ում պատճառով կրախի մատնվեց, չկարողացան բանակցությունները նորմալ տանել, և այդ մարդիկ որոշեցին այլ տեղ գնալ, բայց բոլոր դռները դեռ փակված չեն։ Իսկ Գուգարք համայնքը ավանդական գյուղ է, այնտեղ կարծում եմ արժի ստեղծել տոնավաճառի նման գյուղմթերքների ցուցահանդես-շուկա»։  «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Վազգեն Թորոսյանը ընդգծեց պլանային տնտեսության անհրաժեշտության մասին։ «Իմ կարծիքով՝ պետք է վարվի պլանային տնտեսություն։ Այսօր Վանաձոր քաղաքի ներսում կան 3 խոշոր պահածոացման գործարաններ ու 5-ից ավելի մանր գործարարններ, պետք է այդ մարդկանց հետ պլանավորել՝ ինչ կարող եք մթերել այս տարվա ընթացքում և գյուղացու հետ համագործակցվի տարվա սկզբից։ Մենք դրանից կարող ենք օգտվել․ քաղաքացին իր աշխատատեղը կունենա, գյուղացին էլ նորմալ իր աշխատանքը կիրացի»։  «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հրանտ Այվազյանը գյուղական համայնքների խոշորացումը դիտարկում է առավելություն։ «Վանաձորի կենտրոնական հատվածում ազատ տարածքներ չի մնացել, որպեսզի մենք կարողանանանք առաջարկել մեր ներդնողներին, բայց գյուղական համայնքերում կան։ Միևնույն ժամանակ գյուղական համայնքներում կարելի է զարգացնել ոչ ավանդական գյուղատնտեսությունը, ինչի փորձը մենք ունենք»։  Մինչդեռ «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու Անդրանիկ Ղուկասյանի խոսքով՝ ընդունվել է սխալ որոշում, որ երեք համայնքերը միացվել են Վանաձորին։  «Հարկավոր էր նախ և առաջ Վանաձորը բարեկարգել, նոր եթե անհրաժեշտության լիներ միացվեին։ Դա եղել է միակողմանի որոշում, և մեր հարցումները ցույց են տվել, որ երեք գյուղերի բնակիչներն էլ դժգոհ են։ Հիմա հարկավոր է, որ ինտեգրման պրոցեսը արագ կատարվի․ ստեղծել մշակութային օջախներ՝ գրադարաններ, ակումբներ, բարեկարգել փողոցները, բարարելավել տրանսպորտի աշխատանքը, որպեսզի այդ գյուղերի բնակիչները ինտեգրվեն։  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության թեկնածու Արամ Խաչատրյանը խոշորացման հետ կապված չհամաձայնեց Անդրանիկ Ղուկասյանի հետ։  «Երբ որ մենք սուբվենցիոն ծրագրեր էինք իրականացնում փոքր համայնքերը չէին կարողանում մասնակցել, բայց խոշորացումից հետո, երբ ես շրջայց էի կատարում օրինակ՝ Ախթալայում, այնտեղ բոլոր համայնքերում աշխատանքներ էին կատարվում, բոլոր համայնքները համաչափ զարգանում էին»։  
23:50 - 02 դեկտեմբերի, 2021
Հանրայինի ուղիղ եթերում մեկնարկել է «Վանաձորն ընտրում է» հեռուսաբանավեճը

Հանրայինի ուղիղ եթերում մեկնարկել է «Վանաձորն ընտրում է» հեռուսաբանավեճը

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մեկնարկել է «Վանաձորն ընտրում է» հեռուստաբանավեճը։ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առաջադրված 10 քաղաքական ուժերից 8-ը մասնակցում են բանավեճին։ Բանավեճին ներկա են «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուակը գլխավորող Արտավազ Ալավերդյանը, «Հայրենիք» կուսակցության առաջին համար Վահե Դոխոյանը, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Մամիկոն Ասլանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդգար Բոջուկյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու, Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանը, «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուակի առաջին համար Վազգեն Թորոսյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Անդրանիկ Ղուկասյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Հրանտ Այվազյանը։ Բանավեճին մասնակցելուց հրաժարվել են 2 քաղաքական ուժ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունները։ Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձորում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։  
22:24 - 02 դեկտեմբերի, 2021
Վանաձորում որևէ լարվածություն չկա․ օրենքի շրջանակներում օգտագործում ենք քարոզարշավի բոլոր ուղղությունները․ Արամ Խաչատրյան

Վանաձորում որևէ լարվածություն չկա․ օրենքի շրջանակներում օգտագործում ենք քարոզարշավի բոլոր ուղղությունները․ Արամ Խաչատրյան

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռու ներկայիս մարզպետ, 7-րդ գումարման Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արամ Խաչատրյանը։ Վերջինս Infocom-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավը ընթանում է բնականոն հունով. «Մենք օրենքի շրջանակներում օգտագործում ենք քարոզարշավի բոլոր ուղղությունները, Վանաձորում որևէ լարվածություն չկա,  քաղաքացիները ակտիվ մասնակցում են։ Համենայն դեպս, մեր բակային հանդիպումների ժամանակ հարցեր են բարձրացնում, նորմալ ընթանում է»։ Արամ Խաչատրյանը հերքեց լուրերը, ըստ որոնց՝ քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչական ռեսուրս է կիրառում․ «Եթե ուշադիր լինեք մեր բակային հանդիպումներին, կտեսնեք, որ այնտեղ հարկադրաբար որևէ պաշտոնյա կամ ուսուցիչ կամ պետական աշխատող ներկայացված չէ։ Յուրաքանչյուր բակում 50-60-ից ավելի մարդիկ են ներկա, որևիցե աշխատակից` կլինի մարզպետարանից, կլինի այլ պետական հիմնարկներից, որևիցե ներկայացուցիչ չկա։ Կարող է 1-2 հոգի լինեն, բայց մարդիկ իրենց կամքով են գալիս և շատ ոգևորված են»։ Նա նաև նշեց, որ նախընտրական ծրագրում անդրադարձ կատարել են Վանաձորի՝ առաջնահերթ լուծում պահանջող բոլոր խնդիրներին․ «Նախընտրական ծրագրում բոլոր ոլորտներից ներկայացրել ենք և՛ ճանապարհաշինություն, և՛ տնակային ավաններ, և՛ բազմաբնակարան շենքեր, աղբահանություն, բոլոր ոլորտներից էլ ընդգրկված են»։ Խաչատրյանն ընդգծեց, որ տնակային ավանների խնդիրը լուծելու գործընթացն արդեն մեկնարկել է, Վանաձորի Տարոն 4 թաղամասում շենքեր են կառուցվելու, որպեսզի տնակներում ապրող մարդիկ տեղափոխվեն այնտեղ․ «Արդեն 16 ընտանիք Սանկտ Պետերբուրգ կոչվող թաղամասից պետք է տեղափոխվեն, և սա շարունակական բնույթ է կրելու։ Ինչ վերաբերում է երկրաշարժից տուժած քաղաքացիներին, բոլորը բնակարան ստացել են, միայն 1 ընտանիք կա, որ հիմա դատական վեճի մեջ է, մնացած բոլորը իրենց բնակարանները ստացել են, բայց Վանաձորում կան տնակային ավաններում ապրող ընտանիքներ, այդ հարցը մեր համար առաջնային է, ուշադրության կենտրոնում է»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ, ըստ իրենց նախագծի, առաջիկա 5 տարիների ընթացքում ամբողջությամբ կլուծվի տնակների հարցը։ Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում նաև Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։ Մարզպետը վստահեցրեց, որ նախընտրական ծրագրում հաշվի են առել Վանաձորին միացող 3 գյուղերի խնդիրները․ «Մեծ հաշվով տարբերություն գրեթե չկա այդ գյուղերի կամ մարզի մյուս գյուղերի կամ Վանաձորի միջև, գրեթե նույն խնդիրներն են։ Կա  աշխատատեղերի խնդիր։ Համայնքապետը ոչ թե աշխատատեղ ստեղծող է, այլ միջավայր պետք է ստեղծի, վստահություն ներշնչի ներդրողների մոտ, որպեսզի հետաքրքրություն առաջանա, գան, այստեղ ներդրումներ իրականացնեն»։ Իսկ թե ինչու է Խաչատրյանը, լինելով Լոռու մարզպետ, առաջադրվել Վանաձորի համայնքապետի պաշտոնում, մեր զրուցակիցն ասաց, որ դա քաղաքական որոշում է․ «Պաշտոնն իմ համար կարևոր չէ։ Ես գտնում եմ, որ մենք բոլորս պիտի կարողանանք հանրօգուտ աշխատանք իրականացնել, ամենքս մեր տեղում։ Ինչ վերաբերում է, թե ինչու Վանաձորի համայնքապետի թեկնածու, դա մեր քաղաքական թիմի որոշումն է, և ես անվերապահորեն պետք է կատարեմ այդ պարտականությունը։ Կուսակցությունը այդպես է որոշել, առաջարկել են և ես համաձայնել եմ»։ Խաչատրյանի խոսքով՝ իրենց քաղաքական թիմը 2018 թ․-ին հեղափոխությամբ բազմաթիվ արժեքներ են վերականգնել, որոնք, ըստ նրա, բացարձակ արժեքներ են․ «Խոսքի ազատությունն ենք վերականգնել, առհասարակ ազատությունը, մեր քաղաքացիների ընտրելու իրավունքն ենք վերականգնել, ազատ տեղաշարժվելու իրավունքն ենք վերականգնել, արդարությունն ենք վերականգնել մասամբ, որովհետև նաև այս ուղղությամբ էլ աշխատանքներ ունենք, չենք թալանել, ընտրություններ չենք կեղծել։ Այն արժեքները, որոնց մասին խոսեցի, բացարձակ արժեքներ են, որոնք պետք է պահել և պահպանել։ Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Վանաձորում, 2018-ից մինչև 2021 թ․-ը՝ շուրջ 2.5 միլիարդի։ Մենք կաշառքով տնօրեններ կամ այլ պաշտոններ չենք նշանակում, սա բոլորը գիտեն, տեսնում են, նույնիսկ սիրողական մակարդակով փողոցում սրճարանում, երբ խոսում են այդ հարցերի մասին, նորություն չէ, ահա թե ինչու պետք է ընտրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։ Հավելենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն 45 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել․ 2-րդ համարը Վանաձորի համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Վանիկ Օհանյանն է։ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը՝ ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորելու է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրանտ Այվազյանն է, ով 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։ «Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է Էդգար Բոջուկյանը, ով չի աշխատում։  Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։ Լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից Նանե Ավետիսյան
17:45 - 29 նոյեմբերի, 2021
Ի տարբերություն մյուսների՝ մենք 5 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներով ենք ներկայանում հասարակությանը․ Մամիկոն Ասլանյան

Ի տարբերություն մյուսների՝ մենք 5 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներով ենք ներկայանում հասարակությանը․ Մամիկոն Ասլանյան

Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Այս ընտրություններին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գլխավորում է նորաստեղծ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի նախընտրական ցուցակը։ Դաշինքը կազմված է «Ազատ դեմոկրատներ» և «Իմ հզոր հայրենիք» կուսակցություններից։ Թեեւ Մամիկոն Ասլանյանը 2016 թ․-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով, նա այժմ անկուսակցական է։ Այս տարվա հոկտեմբերի 12-ին համայնքապետի պաշտոնում Մամիկոն Ասլանյանի լիազորությունները դադարեցվել էին․ վարչապետի որոշմամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Վանիկ Օհանյանը (Օհանյանը Վանաձորի այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի երկրորդ համարն է)։ Ասլանյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավը իրենց համար բնականոն հունով է ընթանում․ «Կան քաղաքական ուժեր, որ իրենց կոռեկտ չեն պահում վանաձորցիների նկատմամբ, բայց աշխատում ենք հարթել, աշխատում ենք առաջ շարժվել։ Ակնկալիքն, ինչպես բոլորի մոտ, հաջողության հասնելն է։ Ի տարբերություն մյուսների՝ մենք 5 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներով ենք ներկայանում հասարակությանը և հասարակությունից ակնկալում ենք մեր գնահատականը»։ Հարցին, թե ըստ Մամիկոն Ասլանյանի՝ ո՞ր քաղաքական ուժերը իրենց կոռեկտ չեն պահում, վերջինս պատասխանեց, որ իշխող ուժի մասին է խոսում․ «Ֆեյսբուքյան տիրույթում, լրատվամիջոցներում տեսած կլինեք, մարդկանց են գործից ազատում լայքերի համար, մարդկանց հետ շփումների համար, այլ թիմերի հետ համագործակցելու համար»։ Ասլանյանը նշեց նաև, որ քաղաքացիների հետ աշխատանքի միջոցով են փորձում նման երևույթների դեմ պայքարել․ «Մենք հակադարձում ենք, քաղաքացիներին հորդորում ենք չտրվել սադրանքների, որովհետև ամեն դեպքում վանաձորցին պետք է ընտրի համայնքի ապագա ղեկավարին, և նաև այն մարդկանց, աշխատանքային խմբին, ում ինքը վստահում է։ Ավելի շատ քաղաքացիների հետ աշխատանքով ենք անում, քան այլ դեբատների մեջ մտնելով»։ Համայնքապետի թեկնածուի դիտարկմամբ՝ Վանաձորում գլոբալ խնդիրներ կան, որոնք կարող են լուծվել մեծ ներդրումների միջոցով, կառավարության աջակցությամբ, որովհետև համայնքային բյուջեով հնարավոր չէ այդ հարցերը լուծել․ «Մասնավորապես տնակային ավան ունենք Վանաձորում, 84 բազմաբնակարան շենքեր ունենք, որոնք կամ պիտի ամրացվեն, կամ պետք է որոշվի դրանց հետագա ճակատագիրը։ Մնացած հարցերը, որոնք ավելի համայնքային լուծելիության տիրույթում են, դրանք հերթով լուծվում են, հերթականությամբ գնում ենք, առաջիկայում կլինի տրանսպորտային ցանցի վերազինում»։ Նա նաև ասաց, որ ներդրումների միջոցով են պատկերացնում տնակային ավանների խնդրի լուծումը։ Ասլանյանի համոզմամբ՝ իրենց առաջարկած լուծմամբ խնդիրը դանդաղ, բայց հաստատուն կերպով կլուծվի․ «Մենք ունենք տարածքներ, որտեղ գտնվում են այդ տնակային ավանները, ներդրումային մի ծրագրի միջոցով այդ տարածքը կտրամադրվի այլ ներդրումային ծրագրի, որի փոխարեն կկարողանանք լուծել տնակային ավանի խնդիրները»։ Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում նաև Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։ Ասլանյանը վստահեցրեց՝ լավատեղյակ է Վանաձորին միացող գյուղերի խնդիրներին․ «Դրանք մեզ կպած գյուղական համայնքներ են, բոլորի խնդիրներին գրեթե ամբողջությամբ ծանոթ եմ։ Այս պարագայում անհրաժեշտ է մուլտիմշակութային նոր տիրույթ ստեղծել, քանի որ Վանաձորը երբեք գյուղական բաղադրիչ չի ունեցել, պետք է աշխատենք, որ ոչ քաղաքը գյուղին կլանի, ոչ էլ գյուղը քաղաքին կլանի, որպեսզի մենք բազմաշերտ մշակույթ ստեղծենք, որ մեկը մյուսին լրացնեն, և երկուսն էլ համաչափորեն զարգանան»։ Իսկ թե ինչու Մամիկոն Ասլանյանը այս անգամ ընտրություններին չի մասնակցում ՀՀԿ ցուցակով, վերջինս այսպես պատասխանեց․ «Ինչով որ հարմար եմ գտել, դրանով էլ մասնակցում եմ»։ Նա վստահ է՝ վանաձորցիները ՏԻՄ ընտրություններն որոշում կկայացնեն՝ համեմատություն կատարելով և մի շարք հանգամանքներ հաշվի առնելով։ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը՝ ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորելու է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրանտ Այվազյանն է, ով 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։ «Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է Էդգար Բոջուկյանը, ով չի աշխատում։  Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։ Լուսանկարը՝ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից Նանե Ավետիսյան
11:05 - 29 նոյեմբերի, 2021
Ի շահ Վանաձորի և վանաձորցու՝ պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուր պետական կառույցի հետ․ Վահե Դոխոյան

Ի շահ Վանաձորի և վանաձորցու՝ պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուր պետական կառույցի հետ․ Վահե Դոխոյան

Վանաձորում դեկտեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ «Հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայրենիք» զարգացման հիմադրամի Լոռու մարզային գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանը։ Վերջինս Infocom-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավն ընթանում է հանդարտ և հավասարակշռված․ «Ինչպես և մնացած բոլորը, մենք ակնկալում ենք, որ քաղաքապետը լինելու է մեր թիմից»։ Անդրադառնալով Վանաձորի՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին՝ Դոխոյանը նշեց՝ հաշվարկել են, որ համայնքի բյուջեն տարեկան կազմում է 2.5 միլիոն դոլար, իսկ այդ բյուջեով, նրա խոսքով, դժվար կլինի շոշափելի արդյունքների հասնել։ Այդ իսկ պատճառով փորձելու են ներդրումների միջոցով տարբեր ծրագրեր իրականացնել։ Այս պահին, ըստ Դոխոյանի, 4 այսպիսի ծրագիր ունեն, ներդրողների հետ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերել․ «Մենք Թթուջուր տարածքից մինչև Մայմեխ սարի ստորոտ կառուցելու ենք ճոպանուղի, որը մոտ 2.5 միլիոն դոլարանոց ծրագիր է։ Տնակային ավանի հետ կապված ունենք մեր լուծման տարբերակը․ բանակցել ենք մեկ ներդրողի հետ, որը կառուցելու է 2 բազմաբնակարան շենք, տեղափոխելու ենք 330 ընտանիքների այդ շենք, իսկ այդ տնակային ավանը, որը տեղակայված է վանաձորցիներին հայտնի «Նաբերեժնի» հատվածում, այդտեղ ներդրողը կառուցելու է ատրակցիոններ, տուրիստական տարբեր ինֆրաստրուկտուրաներ։ Մենք ոչ թե ուղիղ բարտեր ենք անում մեր առաջարկը, այսինքն՝ տալիս ենք իրենց տարածք, որպեսզի բիզնես դնեն, դրա փոխարեն երկու շենք կառուցեն այդտեղ, այլ  կարևորն այն է, որ այդ մարդը մեզ է վստահում ու Վանաձորում այդ ծրագիրն իրականացնում է»։ Հաջորդ ծրագրով, համայնքապետի թեկնածուի խոսքով, նախատեսվում է Լոռու մարզում առողջության վերականգնման կենտրոն կառուցել․ «Օգտագործելու ենք մանկատան նախկին շենքը։ Մենք ֆրանսիական երկու ընկերության հետ ունենք պայմանավորվածություն, որ տրամադրելու են սարքավորումներ, բուժսարքավորումներ, մահճակալներ, և անհրաժեշտ մյուս սարքավորումները, որպեսզի կառուցենք առողջության վերականգնողական կենտրոն։ Ունենք «Ոչ մի բակ՝ առանց խաղահրապարակի» ծրագիր, սա էլ մի քանի փուլով ենք անելու։ Նախ անելու ենք խոշոր թաղամասերում, այնուհետև գուցե յուրաքանչյուր թաղամասում էլ կկառուցենք։ Մենք փորձ ունենք, արդեն 2 խաղահրապարակ կառուցել ենք Վանաձորում։ Նույն ներդրողը շատ ոգևորվել է, և պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակել այս ծրագիրը»։ Նա նաև վստահեցրեց, որ մանրամասնորեն ուսումնասիրել են Վանաձորի բոլոր խնդիրները՝ ըստ թաղամասերի․ «Անգիր գիտենք՝ որ շենքում կա վերելակի խնդիր, որ շենքում կա կոյուղու խնդիր, տանիքների խնդիր, այսինքն՝ բնակֆոնդի պահպանման խնդիր ունենք լուծելու։ Սա էլ, կարծում եմ, հետագայի հարց է, որ աստիճանաբար պետք է լուծենք։ Չենք ուզում փուչ խոստումներ տալ, որ գալու ենք առաջիկա մեկ տարում ամեն ինչ անենք,  բայց գիտենք խնդիրների մասին և կարծում եմ՝ երբ մարդիկ կտեսնեն, որ այս 4 ծրագրերը, որոնց մասին խոսեցի, ստացվում են, կհայտնվեն նաև նոր ներդրողներ, նաև պետական միջոցներով կլուծենք քաղաքի խնդիրները»։ Հարցին՝ արդյոք կիրակակացնե՞ն ներդրումային 4 ծրագրերը, եթե ավագանիում մեծամասնություն չունենան, Դոխոյանն ասաց, որ որոշ ծրագրեր իրականացնելու համար  իրենց պետք է ունենալ քաղաքային իշխանություն, սակայն որոշ ծրագրեր էլ իրականացնելու են՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Համայնքապետի թեկնածուն նաև ասաց, որ պատրաստ են ի շահ Վանաձորի համագործակցել յուրաքանչյուր իշխանության հետ․ «Մենք պատրաստվում ենք ՏԻՄ ընտրություններին, ավագանին գործելու է 5 տարի, 5 տարվա ընթացքում Հայաստանում կարող է փոխվել իշխանություն, կարող է փոխվել մի քանի անգամ։ Իմ համար ու իմ թիմի համար ամենակարևորը Վանաձորի ու վանաձորցու շահն է, և այս իմաստով մենք, իհարկե, պատրաստ ենք համագործակցել ցանկացած պետական կառույցի հետ, որը կծառայի ի շահ Վանաձորի և վանաձորցու»։ Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և այժմ խոշորացման փուլում է․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։ Դոխոյանը վստահեցրեց՝ ծանոթ են Վանաձորին միացող 3 գյուղերի խնդրիներին, և նպատակ ունեն այդ գյուղերում զարկ տալ գյուղատնտեսությանը․ «Այս 3 համայնքները Վանաձորի հետ միշտ սերտ կապվածություն են ունեցել, կարելի է ասել, որ համարվել են Վանաձորին կից շատ մեծ թաղամասեր։ Այստեղ համադրումը պետք է շատ նուրբ տանենք ու զարկ տանք գյուղատնտեսությանը, բայց գյուղատնտեսության այն պահանջները բավարարենք, որոնք ունի այսօրվա զարգացող աշխարհը, և նաև կարողանանք ինտեգրել քաղաքային համայնքին»։ Դոխոյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է զարգացնել նաև ագրոտուրիզմը․  «Այսօր զբոսաշրջիկներին չեն հետաքրրքում ճոխ հյուրանոցները, այլ ավելի շատ հետաքրքրում է, որ մոտ լինեն բնությանը, բնական արտադրանքին։ Մենք ունենք փայլուն հնարավորություն՝ հաշվի առնելով նաև Լոռու մարզի հարուստ բնությունը, կարծում եմ՝ մեր մոտ դա ևս կստացվի»։ Նրա խոսքով՝ իրենց թիմը երիտասարդ է, նեղ քաղաքականացված չէ, թիմում կան ոլորտային մասնագետներ՝ բժիշկներ, երիտադարության, սպորտի, մշակույթի, բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք կարող են օգնել՝ ծրագրերը իրականացնելու հարցում։  Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցում է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը մասնակցում է ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորում է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է Հրանտ Այվազյանը, որը 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։ «Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է  Էդգար Բոջուկյանը, ով չի աշխատում։  Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։   Լուսանկարը՝ Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան էջից    Նանե Ավետիսյան
15:23 - 25 նոյեմբերի, 2021
Վանաձորում առաջնային լուծում են պահանջում տարրական կենցաղային խնդիրները, որոնք կապված են քաղաքի առօրյայի հետ․ Արտավազդ Ալավերդյան

Վանաձորում առաջնային լուծում են պահանջում տարրական կենցաղային խնդիրները, որոնք կապված են քաղաքի առօրյայի հետ․ Արտավազդ Ալավերդյան

Վանաձոր համայնքում այս տարվա դեկտեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արտավազդ Ալավերդյանը։ Նրա դիտարկմամբ՝ Վանաձորում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները հիմնականում կենցաղային բնույթի են․ «Տարրական կենցաղային խնդիրները դարձել են առաջնային։ Կցանկանայի, որ մեր խնդիրները լինեին զարգացմանը միտված պրոյեկտներ, որոնք պետք է իրականացնենք, բայց այսօր հրատապ են բոլոր տարրական կենցաղային խնդիրները՝ կապված քաղաքի առօրյայի հետ՝ աղբահանություն, ճանապարհներ, փողոցային առևտուր, տնակային ավաններ։ Չեմ կարող ինչ-որ հերթականություն դնել՝ ասելով, որ այս խնդիրը առաջինն է, մյուսը ընկնում է հետ»։ Համայնքապետի թեկնածուն վստահեցնում է, որ տնակային ավանների խնդրին լավ ծանոթ են, պատկերացնում են խնդրի լուծումը, սակայն այս պահին չեն ցանկանում մանրամասներ հրապարակել իրենց պատկերացրած լուծման վերաբերյալ․ «Ունենք հստակ ծրագիր, որը բացարձակապես չի նմանվում նախկին 30 տարիների ընթացքում տրված խոստումներին կամ մոտեցմանը։ Այն հողը, որի վրա դրված են այդ տնակները, և որոնք քաղաքային ֆոնդին են պատկանում, ոչ մեկը չի կարողանալու օտարել՝ առաջնայնությունը չտալով մարդկանց, որոնք 30 տարի այնտեղ են բնակվում։ Մարդիկ մի օր չեն քնելու, արթնանան ու տեսնեն, որ այդ հողը մի գործարարի են տվել, որն այդտեղ բիզնես կամ ինչ-որ պահեստներ է հիմնում»։ Նրա խոսքով՝ տնակներում ապրում են մարդիկ, որոնք տարբեր հանգամանքների բերումով են հայտնվել այնտեղ, ուստի այս հարցում տարբեր մոտեցումներ են ցուցաբերելու․ «Կան մարդիկ, որոնց դեպքում պետության կողմից օրենքով և բարոյապես կացարանի հարց լուծելը մի քիչ խնդրահարույց է, որովհետև մարդկանց տուն տվել են շատ վաղուց, տասնյակ տարիներ առաջ․ երկրաշարժի պատճառով այդ մարդիկ տնից զրկված են եղել, մարդկանց տունը տվել են, մարդիկ այդ տունը վաճառել են, նորից եկել են տնակում են ապրում, ասում են՝ մի հատ էլ տվեք։ Մենք ունենք տնակներում ապրող մարդկանց սեգմենտներ, դրանք բազմաթիվ են: Մյուս խումբը առհասարակ Վանաձոր եկել է 15-20 տարի առաջ, գնել է այդ տնակը, և այդտեղ է բնակվում։ Նրանք նույնպես մեր համաքաղաքացիներն են, սրան ուրիշ մոտեցում է լինելու։ Մարդիկ տուն ունենալու են, բայց թե ինչպես, ես դա չեմ բարձրաձայնելու, որովհետև երբ որոշակի կետերի լուծումները արտահայտում ենք, մարդկանց ծրագրերում դա կրկնվում է՝ մինչ այդ չլինելով»։ Աղբահանության խնդրի լուծման վերաբերյալ էլ Ալավերդյանն անիրատեսական է համարում քաղաքական մրցակիցների՝ աղբի վերամշակման գործարան կառուցելու վերաբերյալ ծրագրերը․ «Կարծում եմ՝ մարդիկ լավ չեն պատկերացնում, որ այսօր նման բան շրջանառելը մի քիչ իրատեսական չի։ Եթե 5 տարվա ընթացքում թե՛ կառավարություն, թե՛ քաղաքային իշխանությունը՝ մարզպետի գլխավորությամբ, այդ խնդրին առնչվում են ամեն օր ու նույնիսկ մեկ աղբարկղ չեն փոխել, մեկ աղբատար մեքենա ձեռք չեն բերել, ինչպե՞ս են խոսում նույն բյուջեի սահմաններում աղբի վերամշակման գործարան ստեղծելու մասին։ Մենք պատկերացնում ենք հակառակ ձևով․ մեր քաղաքում մի քանի ընկերություններ են իրականացնում աղբահանությունը։ Հսկայական գումարը, որ բյուջեից տրվում է այդ գործառույթը կատարելու համար, փոշիացվում է։ Չեմ ցանկանա բարեխղճության մասով ինչ-որ բաներ խոսել,  դա, իհարկե, քննարկման թեմա է, բայց այդ ամբողջ բյուջեն  բաժանվում է 5 կամ 4 մասի, ամենքի մասնաբաժինը լինում է 25%, որը բավականին քիչ է, որպեսզի մարդը կարողանա ձեռք բերել նոր մեքենա»։ Մեր զրուցակիցը հավելում է, որ իրավիճակն այլ կլինի, եթե մի քանի ընկերության փոխարեն աղբահանությունը կատարի մեկ խոշոր ընկերություն․ «Եթե գործ ունենանք խոշոր և կարող ընկերության հետ, այդ ժամանակ շահույթը ավելի մեծ է լինելու (իհարկե, տույժ տուգանքների մասին չենք մոռանալու, որովհետև եթե 2-րդ, 3-րդ անգամ քաղաքացին բողոք ունեցավ ու այդ հարցը շատ արագ չշտկվեց, այդ մարդը ունենալու է ֆինանսական լուրջ խնդիրներ) և տրամաբանորեն իմաստ է ունենալու ներդրում կատարել աղբահանության հետ կապված տեխնիկական հարցերի մեջ, որը բերելու է նման ընկերության կապիտալի մեծացմանը։ Իսկ հիմա, կոպիտ ասած, իրար մեջ «փայ-փայ» են արել, ո՞ւմ է հետաքրքրում, թե արդյունքում ինչ ենք ստանալու»։   Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում նաև Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։ Ալավերդյանը նշում է, որ ուսումնասիրել են Վանաձորին միացող գյուղերի խնդիրները․ «Խնդիրները կապված են թեկուզև տրանսպորտի հետ, որքանով մենք շփվել ենք, մարդիկ դեմ էին խոշորացմանը, իրենց ոչ ոք չի հարցրել։ Գյուղական համայնքի հողերը, ֆոնդերը տարբեր կատեգորիաներ ունեն ու ունեն խոտհարքի կատեգորիա։ Մեկը խոտհարք է, մեկը արոտավայր է, հիմա մտնելու է քաղաքի մեջ, ինչպե՞ս է լինելու, գյուղացիների համար դա մեծ հարց է։ Իրենք գյուղի բնակիչ են ու ուզում են գյուղում բնակվել, մարդիկ իրենց հացը վաստակում են գյուղական աշխատանքի միջոցով ու վատ էլ չեն ապրում»։   Նա ընդգծում է, որ իրենք նոր են դարձել քաղաքական թիմ. թիմի անդամների ճնշող մեծամասնությունը քաղաքականությամբ չի զբաղվել, բայց իրենց ոլորտներում կայացած մարդիկ են․ «Մենք ոչ մի ձևաչափով, ոչ մի տիպի կապերով կաշկանդված չենք, և դա ապացուցում է մեր քարոզարշավը և քարոզարշավի ոճը, և ամենակարևորը՝ մենք անկեղծ ենք»։ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը՝ ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորելու է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրանտ Այվազյանն է, ով 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։ «Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է Էդգար Բոջուկյանը, ով չի աշխատում։  Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։   Նանե Ավետիսյան
18:08 - 24 նոյեմբերի, 2021
Վանաձորում առաջնային են սոցիալ-տնտեսական խնդիրները․ դրանք հնարավոր է լուծել աշխատատեղերի միջոցով․ Անդրանիկ Ղուկասյան

Վանաձորում առաջնային են սոցիալ-տնտեսական խնդիրները․ դրանք հնարավոր է լուծել աշխատատեղերի միջոցով․ Անդրանիկ Ղուկասյան

Վանաձոր համայնքում այս տարվա դեկտեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Վերջինս Infocom-ի հետ զրույցում ասաց, որ ակտիվ քարոզարշավ են անցկացնում․ «Բուկլետներ ու թերթ ենք լույս ընծայել, համապատասխան տեղերում անցկացնում ենք  հանդիպումներ։ Մենք մեր քարոզչությունն ենք անում, ու տեսնենք, թե ընտրություններին համապատասխան արդյունքները ինչպիսին կլինեն»։ Համայնքապետի թեկնածուի խոսքով՝ Վանաձորում մի շարք կենցաղային խնդիրներ կան, սակայն հանդիպումների ժամանակ բնակիչները հիմնականում բարձրացնում են սոցիալ-տնտեսական վիճակի հարցը, և համայնքապետի թեկնածուն սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն է համարում իրենց առաջնահերթությունը․ «Որպես գաղափարական կուսակցություն, որը դեմ է այս հասարակարգին, մեր առաջնահերթ խնդիրը նաև ժողովրդի կողմից առաջարկված սոցիալ-տնտեսական վիճակն է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Կիրովականում։ Ժողովուրդը հիասթափված է․ հիասթափված է նաև իշխանություններից, որովհետև ոչ մի սոցիալ-տնտեսական հարց չի լուծվում այսօր՝ հատկապես թոշակառուների հետ կապված։ Նրանք բողոքում են, որ ցածր է թոշակը ու չի բարձրացվում, որպեսզի թոշակառուները կարողանան իրենց մինիմալ պահանջները հոգալ։ Նաև առաջնահերթ խնդիր է բազմաբնակարան շենքերի տանիքների հարցը, աղբահանության հարցը, տրանսպորտի աշխատանքի հարցը։ Բայց մեր խնդիրը այն է, որ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն է շատ ծանր»։ Սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, Ղուկասյանի պատկերացմամբ, կարող է լուծվել աշխատատեղերի միջոցով․ «Եթե աշխատատեղ է լինում, նշանակում է՝ մարդու սոցիալ-տնտեսական վիճակը լավանում է։ Մենք Կոմունիստական կուսակցության ռուս գործընկերների հետ ծրագիր ունենք։ Եթե հաջողվի, որ մեր քաղաքապետի թեկնածուն ընտրվի, կաշխատենք նաև համապատասխան կոմունիստ նահանգապետերի՝ գուբերնատորների հետ, փորձի փոխանակում լինի։ Միգուցե նրանց հետ ինչ-որ մի ձևով այնպես անենք, որ աշխատատեղեր բացվեն, արդյունաբերական կլինեն, ֆաբրիկաներ կլինեն, բայց համապատասխան ձևով նաև օգտակար կլինենք, թե չէ անընդհատ խոսում են ներդրումների մասին, ու այս ժողովուրդը չտեսավ ոչ մի ներդրում։ Ներդրումը միայն իշխանության համար է, ներդրումները ցանկացած իշխանություն իր համար է ապահովում, որպեսզի պարգևավճարներ տան իրենց, ինչ-ինչ ձևերով իրենց աշխատավարձերը բարձրացնեն, բայց ոչ մեկը չի մտածում, թե հասարակ ժողովուրդը ինչպես է ապրելու իր 30-40 հազար թոշակով»,- ասաց նա՝ հավելելով, որ Կոմունիստական կուսակցության ռուս գործընկերների հետ արդեն ունեն որոշակի պայմանավորվածություններ։  Նա նաև նշեց՝ Հայաստանում և Վանաձորում հասարակարգի փոփոխություն պետք է լինի․ «Կապիտալիստական սիստեմը անընդունելի է և 30 տարի բերել է նրան, որ այսօր այս վիճակն է, սոցիալական վիճակը շատ վատ է նաև Կիրովականում»։ Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում նաև Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։ Ղուկասյանը նշեց, որ սխալ է համարում համայնքի խոշորացումը՝ ընդգծելով, որ այդպիսով Վանաձորում առկա խնդիրներին միանալու են Վանաձորին միացող 3 գյուղերի խնդիրները․  «Պետք է խոշորացվի այն ժամանակ, երբ այդ քաղաքի սոցիալական վիճակը նորմալ է, այսօր Կիրովականը բազում խնդիրներ ունի, և դրանց գումարվում են Դարպասի, Շահումյանի, Գուգարքի խնդիրները։ Հարկավոր էր լուծել խնդիրները, նոր հետո միացնել, չնայած՝ ես համոզված եմ, որ միացումը ոչ թե ինչ-որ սոցիալ-տնտեսական հարց է, այլ զուտ քաղաքական, չեմ ուզում փակագծերը բացել, այստեղ կա համապատասխան տոկոսներ ստանալու խնդիր, իրենց թվում է, որ իշխանություններից կարող են համապատասխան տոկոսներ ստանալ, բայց չգիտեն, որ մենք հանդիպումներ ենք ունեցել գյուղերում, այնտեղ ավելի բարդ է իրավիճակը, քան քաղաքում»։ Անդրանիկ Ղուկասյանը վստահեցրեց՝ ընտրվելու պարագայում բարձրաձայնելու են ժողովրդին հուզող բոլոր հարցերը․ «Ովքեր ընտրվում են, պարտավոր են այդ հարցերը բարձրացնել, ուրիշ հարց է, թե իշխանությունները կլսեն, թե չեն լսի։ Եթե հաջողվի առավելագույն տոկոս հավաքել և կուսակցությունը ունենա իր քաղաքապետի թեկնածուն, այդ ժամանակ մեր պահանջները իշխանություններին ավելի մեծ կլինեն և մենք կկարողանանք այդ հարցերը բարձրացնել ամենաբարձր մակարդակներում։ Ժողովրդի շրջանում շատ մեծ ոգևորություն կա Կոմունիստական կուսակցության հանդեպ, որովհետև իրենք էլ են ասում՝ տեսել ենք, որ իշխանությունները փոխվել են, բայց ոչ մի առաջընթաց ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակում չի եղել»։ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցում է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը մասնակցում է ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորում է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է Հրանտ Այվազյանը, որը 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։ «Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է  Էդգար Բոջուկյանը, որը չի աշխատում։  Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի գլխավորությամբ։   Լուսանկարը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջից   Նանե Ավետիսյան  
15:24 - 24 նոյեմբերի, 2021
«Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի

«Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի

Վանաձորում ընթացող «Եկե՛ք պատվաստվենք» միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում միացել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։ Նախարարը ողջունել է պատվաստումային արշավը՝ կոչ անելով հայրենակիցներին օր առաջ պատվաստվել: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հատկապես կանանց դերը համավարակի դեմ պայքարում:   «Սիրելի կանայք, եկե՛ք մեզ վրա վերցնենք պատասխանատվությունը: Խնդրում եմ, եկե՛ք մենք հսկենք, հո՛գ տանենք, որ տանից դուրս գալիս ընտանիքի անդամները դիմակ կրեն. սա պաշտպանիչ ևս մեկ շերտ է, որը պատվաստումներին զուգահեռ կօգնի կոտրել վարակի ալիքը»,- նշել է նախարարը:   Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել նմանատիպ պատվաստումային արշավները` ընդգծելով, որ վերջին շրջանում թափ առած պատվաստումային ակտիվությունն անհնար է չնկատել։   «Շատ ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, որոնք մարդկանց ցույց են տալիս պատվաստման կարևորությունը: Ակնհայտ է, որ Հայաստանում պատվաստումային գործընթացն ակտիվանում է, քանի որ մարդիկ սկսել են գիտակցել, որ այս համավարակի դեմ պայքարի միակ և արդյունավետ միջոցը պատվաստումն է»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ պատվաստանյութերի ձեռքբերման հարցում երկրները պետք է սոլիդարություն դրսևորեն։   Հիշեցնենք, որ պատվաստանյութերի համար բանակցությունների և ձեռքբերման հարցում Լիտվան մեծ օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին։ «Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի:
22:03 - 06 նոյեմբերի, 2021
Վանաձորում հայտարարվում է պատվաստումների օր

Վանաձորում հայտարարվում է պատվաստումների օր

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ նոյեմբերի 6-ին Վանաձորում հայտարարվում է պատվաստումների օր:  ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 6-ին ժամը 11:00-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում  տեղի կունենա «Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառումը: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
14:47 - 03 նոյեմբերի, 2021
Վանաձորի ՏԻՄ  ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Հրանտ Այվազյանը

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Հրանտ Այվազյանը

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Հրանտ Այվազյանը: Այդ մասին հայտնում է ինքը՝ Այվազյանը, ֆեյսբուքյան իր էջում։ «Սիրելի՛ հայրենակիցներ,  ինչպես արդեն գիտեք Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքները, գտնվում են խոշորացման փուլում, և պետք է տեղի ունենա խոշորացված համայնք Վանաձորի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություն:  Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ գլխավորելու եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը:  Ինձ և մեր քաղաքական թիմի համար մեծ ուրախություն և պատիվ կլինի ձեր վստահության քվեով Համայնքի ղեկավարի և ավագանու կարգավիճակում մեր սիրելի համայնքին ծառայելը»։
11:00 - 30 հոկտեմբերի, 2021
Վանաձորում շինարարական աշխատանքների ընթացքում դամբարաններ են հայտնաբերվել․ ԿԳՄՍՆ

Վանաձորում շինարարական աշխատանքների ընթացքում դամբարաններ են հայտնաբերվել․ ԿԳՄՍՆ

Վանաձորի Խնձորուտ թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։  «Հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մելինե Սիմոնյանի խոսքով՝ գտածոներն ուշ բրոնզեդարի վերջի կամ վաղ երկաթեդարյան մշակույթի նմուշներ են, որոնք դեռ համապատասխան մշակում պետք է անցնեն: Հնակենդանաբանական ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ խոշոր եղջերավորի ոսկորները ցուլի ոսկորներ են՝ 1 ազդոսկր և ծնոտի 2 բեկոր: Գտնվել են նաև մարդու ոսկորի ամբողջական բեկորներ: Գտածոները տեղափոխվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիա` ուսումնասիրության, նորոգման, վերականգնման, ինչից հետո դրանք կհանձնվեն Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանին: Վերոնշյալ շինարարական աշխատանքներն այսուհետ կիրականացվեն նախարարության մասնագետների հսկողության ներքո, իսկ հայտնաբերված դամբարաններում անհրաժեշտության դեպքում կիրականացվեն ամբողջական պեղումների աշխատանքներ»,- նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։
10:40 - 11 սեպտեմբերի, 2021
Շուտով կմեկնարկի Վայոց ձորի նոր բուժկենտրոնի շինարարությունը

Շուտով կմեկնարկի Վայոց ձորի նոր բուժկենտրոնի շինարարությունը

Մեկնարկել է Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Նախատեսվում է կառուցել ՀՀ Վայոց ձորի մարզի նոր բժշկական կենտրոն շուրջ 3800 քմ մակերեսով, մեկհարկանի, նկուղով, բաղկացած հինգ մասնաշենքից, տանիքում ուղղաթիռի հարթակով, ինչպես նաև բժշկական հաստատության համար կաթսայատուն և ենթակայան։ Նախատեսվում է նաև արտաքին ինժեներական ցանցերի և կառույցների համակարգերի ներդրման, ներքին իժեներական ենթակառուցվածքների մոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետն է` 24 (քսանչորս) ամիս:Մրցույթը կիրականացվի ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով: Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների «ARMEPS» (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ոչ ուշ քան 2021թ-ի մարտի 30-ին, ժամը 15:00-ին: Ընդ որում, հայտը կազմող փաստաթղթերը պետք է լինեն կնքված, ստորագրված և բնօրինակից սկանավորված կամ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում էլգնումների համակարգի կողմից։
10:54 - 27 փետրվարի, 2021
Մինչեւ 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Վանաձորում, Կոտայքի 5 գյուղում, մի քանի մարզում

Մինչեւ 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Վանաձորում, Կոտայքի 5 գյուղում, մի քանի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Գյուլիքևխյան փ. 7 շենք, 11։00-17:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21 շենք, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 2, 4 շենքեր, Մառի փ. 14, 16, 18, 18/1, 25 շենքեր, Միկոյան փ. 25, 27 շենքեր, թիվ 112 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կառավարական ավտոպարկ, Պետական ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պողոտա), Սարի Թաղ 1-5 շարքեր, Սարի Թաղ 1-3 փողոցների սեփական տներ մասնակի, Որմնադիրների փ. 5-43 սեփական տներ, Խորենացի փ. 63-211 սեփական տներ, Հերացի փ. 2ա շենք, Թումանյան փ. 24 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11:00-17:00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Բագրևանդ թաղամաս մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Այնթափ գյուղ մասնակի, 10:00-13:00 Արարատ քաղաքի Չարենցի, Իսահակյան, Խանջյան, Շահումյան փողոցներ մասնակի, 10:30-14:30 Արևշատ գյուղ մասնակի, 10:30-16:00 Նորաշեն գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Վայք քաղաք` Շին գրասենյակի կից տարածք, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Իսրայել Օրի, Աթարբեկյան, Արսենյան, Իսահակյան, Մյասնիկյան, Օրբելու փողոցներ մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Վանաձոր քաղաք մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Թավշոտ գյուղի 1-ին փողոց, Սյունիքի մարզում՝ 11:00-16:00 Խոտ գյուղ մասնակի, 11:00-17:00 Վաղատնի գյուղ մասնակի:
09:26 - 08 փետրվարի, 2021